ԱԺ պատգամավոր, նախկին բարգավաճական Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոյի» դեմ մահափորձի գործով դատական քննությունը շարունակվում է Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, Մասիսի նստավայրում, դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ: Գալիք թվով տասներեքերորդ նիստը նշանակվել է մարտի 13-ին: Հիշեցնենք, որ գործը դատարանի վարույթում է գտնվում է անցյալ տարվա հուլիսից:
Ամբաստանյալը մարզիկ է՝ Արթուր Զադոյանը:Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տարիներ առաջ` 2009 թվականի հոկտեմբերի 5-ին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում վեճի ժամանակ հարվածել է Կարո Կարապետյանին, նրան պատճառել միջին ծանրության վնաս, տալով սպանության սպառնալիքներ:
Արթուր Զադոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, նրա պաշտպանությունն իրականացնում է հանրային պաշտպանի գրասենյակից փաստաբան Մարինե Թովմասյանը:
Տուժող ճանաչված պատգամավորի ներկայացուցիչն է փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Դատարանում այս ընթացքում հետազոտվում են գործում եղած ապացույցները:
Պատգամավորը ցուցմունք է տվել: Հիշեցնենք, որ նա հայտնել էր դատարանում, որ ճանաչել է նախկին բռնցքամարտիկ Արթուր Զադոյանին, որը հայտնի է «Ծիծակ» մականունով: Ըստ նրա՝ Արթուրը զբաղվել է գողացված ավտոմեքենաների վաճառքով: Պատգամավորը հայտնել էր, որ Արթուրն իրեն պարտք է եղել 57.600 դոլար գումար եւ պարտքի դիմաց փորձել է իրեն առաջարկել մեքենաներ, դեպքի օրն էլ ինքը գնացել էր ավտոմեքենա տեսնելու: Եվ այդ ժամանակ, երբ հեռախոսով խոսել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանի հետ եւ չի զգացել, թե ինչպես ամբաստանյալը իր հետ նախապես վերցրած ավտոմեքենայի գործիք-բանալիով՝ լոմով, հարվածել է իր գլխին: