Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանը եւ Նիկոլ Փաշինյանը կկազմե՞ն կոալիցիա

Մարտ 10,2015 15:36

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը համամիտ է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` ինստիտուցիոնալ ընդդիմություն ձևավորելու մասին առաջարկին: Այսօր այդ մասին Խոսրով Հարությունյանն ասաց «Նյութ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ իշխանական պատգամավորի, ընդդիմությունը նույնպես պատասխանատու է հասարակության բնականոն կենսագործունեությունն ապահովելու հարցում. «Եվ այդ առումով ընդդիմությանը հարկավոր է տալ պատասխանատու դերակատարում: Մասնավորապես, նրան վերապահել որոշակի վերահսկողական ֆունկցիաներ: Ես խորապես համոզված եմ, որ սա լավ ճանապարհ է»:

Խոսրով Հարությունյանը նաեւ հավելեց, որ փոքրամասնությանը հարկավոր է վերապահել պատասխանատու քաղաքական գործառույթներ: «Այնպես որ, ես պաշտպանում եմ ինստիտուցիոնալ ընդդիմության գաղափարը, եթե Նիկոլ Փաշինյանը հենց սրա մասին է խոսում»,-ասաց բանախոսը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը` իշխանությունները վերջին շրջանում սկսել են կարծես թե պաշտպանել և գովել ընդդիմության հատկապես փաշինյանական թևին, Խոսրով Հարությունյանը հակադարձեց․«Ես չեմ պաշտպանում, ես ասացի իմ գաղափարը, եթե Փաշինյանի գաղափարը համընկնում է իմ գաղափարին, ապա ես կպաշտպանեմ»։

Մյուս դիտարկմանը` վերջին միտումները ցույց են տալիս, որ իշխանությունները հրապարակավ գովերգում են Փաշինյանին ու Փոստանջյանին՝ և նրանց «դրական» ընդդիմադիր ֆոնին քննադատելով ընդդիմադիր մյուս ուժերին, հատկապես՝ ՀԱԿ-ին, մինչդեռ սրանից առաջ անխնա քարկոծում էին նաև այդ երկու գործիչներին, Խոսրով Հարությունյանը վստահեցրեց, որ «Հանրապետական» կուսակցությունը որևէ քաղաքական ուժի քննադատելու համար որևէ մեկի աջակցության կարիքը չունի. «Այլ հարց է, որ զարգացման ինչ-որ փուլում կարող է պատահի՝ մոտեցումները համընկնում են: Օրինակ՝ ՀԱԿ-ի նկատմամբ վերաբերմունքը։ Ինձ համար էլ շատ անսպասելի էր, որ ՀԱԿ-ի վերաբերյալ Փաշինյանը բավականին կոշտ դիրքորոշում սկսեց դրսևորել։ Հիմա դա պետք է նրան հարցնել՝ ինչով է դա պայմանավորված։ Կարելի է ենթադրություններ անել: Միգուցե Տեր-Պետրոսյանը հենց նրան նկատի ուներ, երբ ասում էր եկել է ընդդիմափոխության ժամանակը, միգուցե նրան նկատի ուներ, երբ ասում էր՝ ես հիմա դաշտը թողնում եմ երկու ամսով, եկեք լրացրեք, եթե դուք ընդդիմադիր եք, դուք եկեք հանրահավաքներ արեք։ Սակայն մեր խնդիրը հիմա համակարգերի բացակայությունն է: Եթե մենք մտահոգված ենք, ապա պետք է մտահոգված լինենք մի բանում՝ ինչպես անենք, որ իրական համակարգ ձևավորենք»:

Ի դեպ, ինստիտուցիոնալ ընդդիմություն ասելով Խոսրով Հարությունյանը նկատի ունի ընդդիմություն, որն ունակ է ստանձնել որոշակի քաղաքական պատասխանատվություն:  Լրագրողներից մեկի հեգնանքին` հնարավո՞ր է մի օր էլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմեն, եթե արդեն ընդհանուր գաղափարներ են կիսում, Խոսրով  Հարությունյանը հումորով պատասխանեց․ «Ես և Նիկոլ Փաշինյանը կոալիցիա կկազմենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031