Լրահոս
Օրվա լրահոսը

Կոստանյանի նամակը ՌԴ դատախազությանը նախաքննական գաղտնիք է պարունակում (Տեսանյութ)

Մարտ 10,2015 15:23

«Հարցը, ես բազմիցս ասել եմ, ունի նաեւ միջազգային իրավական կոնտեքստ եւ միայն ՀՀ գործողություններով չի կարող պայմանավորված լինել»,-անդրադառնալով Ավետիսյանների գործի քննությանն՝ ասաց գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Ըստ նրա. «Հարաբերություններն առնվազն երկկողմանի միջազգային պայմանագրերով են կարգավորված: Հետեւաբար այդ պայմանագրով կան համապատասխան ընթացակարգեր: Այդ ընթացակարգերը սպառվելուց հետո մենք կարող ենք խոսել այս կամ այն հարցի շուրջ արդյունքի մասին: Այդ առումով ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք այս պահին մեր օրենսդրությամբ, այսինքն՝ տվյալ միջազգային պայմանագրերով սահմանված ընթացակարգերին համապատասխան իրացրել ենք մեր հնարավորությունները: Հիմա Ռուսաստանի կողմից ստացված կամ ստացվող արձագանքի արդյունքում մենք արդեն կքննարկենք եւ կգնահատենք մեր հետագա քայլերը: Այսինքն՝ պատասխանը կարող է վերջ դնել ընթացակարգին, որովհետեւ դրան կարող են հետեւել նույն միջազգային պայմանագրով սահմանված այլ ընթացակարգեր»:

Գեւորգ Կոստանյանի խոսքերով. «Դուք անընդհատ խոսում եք ժամկետային սահմանափակումների մասին` էսօր չպատասխանեցին, վաղը չպատասխանեցին, տասը օր անցավ՝ չպատասխանեցին: Մեր օրենսդրությամբ քաղաքացիների դիմում-բողոքների պատասխանը 30 օր է, կամ լրջագույն խնդիրների դեպքում ոչ ավել, քան 1 ամիս է: Միջազգային պայմանագրով եւ կոնկրետ այդ միջազգային պայմանագրով սահմանված որեւէ ժամկետ որեւէ կողմի համար սահմանված չէ: Հետեւաբար, Հայաստանի Հանրապետությունը չի կարող ներազդել այլ պետության վրա, միջազգային իրավական պայմաններում ժամկետների սահմանափակում անել»:

Դատախազի մեկնաբանությունները` տեսանյութում

Հարցին, թե սպասելի՞ էր ՌԴ Գլխավոր դատախազության պատասխանը ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, այն ժամանակ, քանի դեռ դատախազությանը պատասխան չկար, Գեւորգ Կոստանյանն ասաց, որ տարբերություն կա եւ որ տիկին Փոստանջյանի դիմումը որպես քաղաքացու կամ ֆիզիկական անձի դիմում է այլ պետության:

«Բայց ես չեմ կարող քննարկման առարկա դարձնել Զարուհի Փոստանջյանի կամ մեկ այլ անձի դիմումի պատասխանը՝ նկատի ունենալով, որ դուք էլ կարող եք հիմա դիմել Ռուսաստանի Գլխավոր դատախազություն, Քննչական ծառայություն, եւ նրանց կողմից տրված պատասխանները ես մեկնաբանելու անհրաժեշտություն անգամ չեմ տեսնում»,- մեկնաբանեց պարոն Կոստանյանը: Ըստ նրա, իր հարցերին պաշտոնապես դեռ պատասխան չկա, քանի որ տվյալ պայմանագրով իրավասու սուբյեկտ է համարվում Գլխավոր դատախազությունն ու Քննչական կոմիտեն:

Այն հարցին էլ, թե ինչ է գրել Կոստանյանը ՌԴ դատախազին ուղարկած իր նամակում, նա պատասխանեց, որ նամակը ծառայողական ու նախաքննության գաղտնիք է պարունակում, եւ հրապարակման ենթակա չէ:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե իրեն չի՞ մտահոգում այն, որ Պերմյակովը սկզբում որպես հոգեպես առողջ մարդ ներկայացվեց, բայց հիմա փորձեր են արվում նրան հոգեկան հիվանդ ներկայացնել, պարոն Կոստանյանն ասաց, որ «դրանք ընդամենը լուրեր» են եւ որ հիվանդության առկայության կամ բացակայության փաստը հիմնավորվում է Քրեական դատավարական օրենքով իրականացված փորձաքննության եզրակացությամբ. «Մյուս կարծիքները քննության համար զրո նշանակություն ունեն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031