Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի պետական գնումների գծով փորձագետ Արտակ Մանուկյանը այսօր ներկայացրեց անցած տարեվերջից մինչեւ այս տարեսկիզբ ընկած ժամանակահատվածում պետական գնումների համակարգում իրենց վերլուծության արդյունքները:
Նրա խոսքով, իրենց ուսումնասիրությունը չորս ուղղությամբ է կատարվել՝ օրենսդրական բնույթի զարգացումները, մեկ անձի ձեռքբերումները, որը ոչ մրցակցային հիմունքներով է սովորաբար կատարվում, բողոքարկման համակարգն ու շրջանակային համաձայնագրերով կնքված պայմանագրերն են:
«Օրենքի զարգացումների առումով, եթե դիտարկենք նախորդ տարին, ապա կարեւոր փոփոխություններ չկային, բայց այս տարեսկզբից որոշակիորեն նոր խաղի կանոններ մտցվեցին, մինչեւ 70 միլիոն դրամ ձեռքբերումների դեպքում ԵՏՄ անդամ երկրներին տրվելու է նախապատվություն 15 % -ի չափով: Իհարկե, չեմ կիսում տեսակետը, թե դա կխթանի հայրենական արտադրողներին, որովհետեւ դրան նպաստելու համար այլ ճանապարհներ կան՝ արտոնյալ տոկոսներով վարկերի տրամադրում եւ այլն: Որովհետեւ նման կարգի գնային պրեֆերենցիաները համարվում են վատագույն խրախուսման միջոցներից մեկը»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց փորձագետը:
Բողոքարկման համակարգին անդրադառնալով՝ ասաց, որ Հայաստանում այն կոռուպցիոն ռիսկայնության տեսանկյունից, այսբերգի գագաթնակետն է. «Որովհետեւ ունենք դեպքեր, երբ մասնակիցները բարձրաձայնում են իրենց գանգատները, որոշումները թափանցիկորեն կայքում առկա են եւ կա օրենք: Ով էլ քննում է, օրենքն ասում է՝ ճիշտ ես կամ սխալ, այսինքն կոռուպցիոն ռիսկերի առումով շատ անթափանց է՝ այդտեղ չէ թաքնված կոռուպցիոն ռիսկերը, բայց այդտեղ է թաքնված անարդյունավետությունը»:
Կարդացեք նաև
Նրա խոսքով,անցած տարի ներկայացվել է 56 բողոք, որից երկուսը առանց քննության է մնացել, քսանհինգը՝ մերժվել, քսանինը՝ բավարարվել:
Փորձագետի խոսքով, անցած տարվա ցուցանիշները՝ մեկ անձից կատարված ձեռքբերումների վերաբերյալ, մտահոգիչ են. «Կատարվել է 11.000 մեկ անձից ձեռքբերում: 3500 պայմանագրի հետ գործ ունենք, որոնց ընդհանուր արժողությունը 26 միլիարդ է, այսինքն այնքան էլ հիմնավորված ձեռքբերումների մասին չենք խոսում: Չկան որոշակի պատվիրատուներ, որոնք նախապատվելի են համարում մեկ անձից ձեռքբերումը, չնայած օրենքով պետք է լինեն բաց մրցույթներ, բաց ընթացակարգ, բայց նրանց համար հեշտ տարբերակը մեկ անձից գնում կատարելն է, որը մեծ կոռուպցիոն ռիսկեր է բերում: Օրինակ կառավարության կողմից բնակարանների ձեռքբերումը. ոչնչով պարզ չէ, օրինակ ֆինանսների նախարարի տեղակալ կամ վարչության պետն ինչ ծառայությունների դիմաց է բնակարան ստանում, այն էլ սեփականության հիմունքով:Երբ նայում ենք շրջանակային համաձայնագրերը, ոստիկանությունը հանդերձանքների ձեռքբերում է կատարում միայն երկու ընկերությունից՝ «Տիսան» եւ «Պահապան» ՍՊԸ- ներից: Երկուսն էլ հայտ են ուղարկում, որոշ դեպքերում «Տիսան» է հաղթում, որոշ դեպքում «Պահապանը»:Այստեղ կա փոխկապակցվածություն: Այս համակարգը խիստ կենտրոնացված բնույթ ունի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ