2015 թվականի հունվարի 1-ից մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը 12 զոհ են ունեցել: Այս մասին հայտնում է Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտը (Caspian Defense Studies Institute, CDSI): Զեկույցի համաձայն՝ 2015 թվականի հունվարից սկսած 8 զինծառայողներ մահացել են հայ-ադրբեջանական սահմանին, 4 հոգի՝ ոչ ռազմական իրավիճակներում: Ինստիտուտի տվյալներով սահմանին զոհված 8 զինծառայողներից 7-ը մահացել են հակառակ կողմի կրակից, մեկն էլ պայթել է մինի վրա:
Ինչ վերաբերում է ոչ ռազմական կորուստներին, երկու զինծառայողներ «մահացել են ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում տեղի ունեցած միջադեպերից», մի զինծառայող՝ զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով, մեկն էլ՝ հիվանդությունից:
Նշված ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի 5 զինծառայողներ ստացել են վերքեր եւ մարմնական վնասվածքներ: «Նրանցից երեքը վիրավորվել են հակառակորդի կրակից, մեկը՝ մինի վրա պայթելուց, մեկն էլ ոչ կանոնադրային հարաբերություններից»,- ասվում է զեկույցում:
Ինստիտուտը այս տվյալները հավաքել է պաշտոնական աղբյուրներից, ԶԼՄ-ների հրապարակումներից եւ համացանցից: Հեղինակները նաեւ հայտնում են, որ «անցած տարիների համեմատ հետազոտություն անելը դժվարացել է: Պաշտպանության նախարարությունը եւ այլ ուժային կառույցներ, հիմնականում ձգտում կորուստների մասին տեղեկություններ չհրապարակել, դրանք որակելով «ռազմական գաղտնիք»: Իշխանություններին ենթարկվող ԶԼՄ-ներին հանձնարարել են առանց պաշտոնական աղբյուրներից հաստատման չտարածել ռազմական կորուստների մասին տեղեկություններ»:
Կարդացեք նաև
Զեկույցում նաեւ նշվում է, որ ինստիտուտը կարծում է, որ «ռազմական եւ ոչ ռազմական զոհերի իրական թիվը կարող է ավելի մեծ լինել»: Ինստիտուտը նոր տեղեկություններ ստանալու դեպքում կթարմացնի տվյալները:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ