Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարեվերջին կունենք բարձր գնաճ, տնտեսության զգալի անկում». տնտեսագետ

Մարտ 10,2015 13:30

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանի կանխատեսմամբ, այս տարի արձանագրվելու է 10% տնտեսական անկում, գնաճն էլ կկազմի՝ 8-10% :

Այսօր «Հայելի» ակումբում տնտեսագետն ասաց, որ անկում է սպասվում նաեւ Ներմուծման բնագավառում՝ 25 տոկոսով կրճատում է կանխատեսում, անկում կգրանցվի նաեւ արդյունաբերության, շինարարության, առեւտրի ոլորտներում. «Հաջորդ տարի էլ ենք տնտեսության անկման հետ գործ ունենալու»:

Բագրատ Ասատրյանի խոսքով, անցած տնտեսական տարին մի կերպ փակեցինք, տնտեսական աճ նկատվեց, բայց աճն էլ աճի նման չէր:

«Արտադրության աճի տեմպերը զրոյական են եղել, ներկրման աճն էլ է զրո եղել, միայն առեւտուրն ու սպասարկման ոլորտում է աճ գրանցվել, ինչը նշանակում է՝ կամ գուցե մեր իշխանությունները թասիբի ընկան ստվերից սկսեցին ամեն ինչ հրապարակ կամ մեր երկրում ոչինչ տեղի չի ունենում, բացի գրչությունից»:

Տնտեսագետի կանխատեսումները չառարկեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը. «Մենք, տեսնելով այսօրվա թվերը, փորձենք տեսնել այն ճանապարհները, որով այդ թվերը կշտկվեն, իսկ կանխատեսել, թե ինչպիսին կլինեն իրողությունները, ճիշտ չէ: Մենք ընդունել ենք բյուջե ու բյուջեով նախատեսված ցուցանիշները իրողություն կդառնան, թե՝ոչ, ժամանակը ցույց կտա»:

Հետո ասաց, որ տնտեսագետը պարբերաբար նույն կանխատեսումներն է ներկայացնում, ինչը ընդունելի չէ: Բագրատ Ասատրյանն էլ շարունակեց. «Այնպես չէ, որ հաճախ եմ խոսել, ուզում էի իմ մտահոգությունները ներկայացնել: 2009-ին հայտարարեցի՝ երկնիշ տնտեսական անկում է լինելու, նույնիսկ ԱՄՀ-ի ներկայացուցիչը հետս կռիվ արեց, բայց եղավ: Պահանջարկի ճգնաժամ է լինելու, որովհետեւ ունենք գերմենաշնորհացված, գերկոռումպացված տնտեսական համակարգ, ամբողջովին պետք վերանայվի բյուջետային քաղաքականությունը, ծախսերը հիմնականում պետք է ուղղվեն այն ոլորտներում, որոնք ամենամեծ զբաղվածությունն են ապահովում՝ օրինակ շինարարության ոլորտ»:

Նրա խոսքով ահավոր վիճակ է նաեւ մասնավոր տրանսֆերտների բնագավառում. «Շատ ծանր է, 2014-ի մինչեւ առաջին կեսը տատանողական աճ կար, երկրորդ կեսից հետո ընդհանուր ծավալի կրճատում ենք ունեցել, իսկ այս տարեսկզբին արդեն անկում է նկատվում: Հունվարին ընդհանուր հոսքի 40 տոկոս անկում է արձանագրվել»:

Արտակ Դավթյանն էլ վկայակոչեց ԱՎԾ-ի տվյալները ու վստահեցրեց, որ պաշտոնական տվյալներն են վկայում, որ ունենք տնտեսական ակտիվություն՝ չնայած արտաքին ոչ բարենպաստ տնտեսական զարգացումների, ՌԴ-ում ստեղծված անբարենպաստ վիճակը, սանկցիաներ, ուկրաինական հարց. «Ռուսաստանում տնտեսական անկման ցուցանիշը կպահպանվի երկու-երեք տարի, իսկ Ռուսաստանի խնդիրները թե ինչ բացասական հետեւանքներ կունենա Հայաստանի վրա, կարծում եմ, որ ժամանակը ցույց կտա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031