Մարտի 10-ին Նյու Յորքում (Հայաստանում՝ մարտի 11-ին) կազդարարվի նոր նախաձեռնության՝ «100 Կյանք»-ի (100 LIVES) մեկնարկի եւ մարդասիրական նոր` «Ավրորա» միջազգային մրցանակի (“AURORA INTERNATIONAL HUMANITARIAN PRIZE”) հիմնման մասին: Նախաձեռնությունը կոչված է երախտիքի տուրք մատուցելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք 100 տարի առաջ հերոսական ջանքերի գնով բազում հայերի են փրկել Հայոց Ցեղասպանությունից։ «100 LIVES»-ի համահիմնադիրներն են հայտնի գործարարներ եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը եւ Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:
«1100 LIVES» նախաձեռնության նպատակն է ուշադրություն հրավիրել ցեղասպանության եւ մարդու իրավունքների ոտնահարման խնդիրների վրա, մրցանակի հիմնման միջոցով խրախուսել անձանց, ովքեր մեր օրերում կյանքեր փրկելու համար ջանքեր են գործադրում, ինչպես նաեւ արժանին մատուցել բոլոր այն կազմակերպություններին ու անհատներին, ովքեր հարյուր տարի առաջ հազարավոր հայերի են փրկել:
«Նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել նրանց, ովքեր օգնել են հայերին 100 տարի առաջ եւ որոնց ջանքերով տապալվել է ցեղասպանության նախաձեռնողների հիմնական նպատակը՝ հայ ժողովրդի բնաջնջումը: Նախագծի շրջանակներում համադրել ենք երեք բաղադրիչ, որոնք վերաբերում են մեր անցյալին, ներկային եւ ապագային», -ասել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Կարդացեք նաև
Նախաձեռնության շնորհանդեսի արարողությանը մասնակցելու են աշխարհահռչակ անձինք: Ուղիղ հեռարձակումը հնարավոր է դիտել մարտի 11-ի լույս գիշերը, ժամը 01.00-ին՝ այցելելով նախաձեռնության կայք՝ www.100lives.com:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին