Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար. «Զեկուցողը թերեւս կբավարարվի Բաքու կատարած այցով». «Հայոց աշխարհ»

Մարտ 10,2015 13:17

«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար, քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ

   -Օրերս ԵԽԽՎ պաշտոնական կայքը տեղեկատվություն տարածեց, որ «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մնացած օկուպացված տարածքներում բռնությունների աճի» հարցով զեկուցող Ռոբերտ Ուոլթերը մարտի 12-13-ին փաստահավաք այցով պատրաստվում է մեկնել Բաքու, եւ ոչ մի խոսք՝ Ղարաբաղ այցելելու մասին։ Սա նշանակում է, որ զեկուցողի հետ չհամագործակցելու որոշումը մնո՞ւմ է ուժի մեջ։

-Նախ, որեւէ մեկը պաշտոնապես չի դիմել մեզ այդ հարցով, երկրորդ՝ իմաստ էլ չունի, որ դիմեն, որովհետեւ այս ընթացքում ոչինչ չի փոխվել՝ զեկույցի վերնագիրը, ձեւակերպումները, փիլիսոփայությունը մնում են նույնը։ Այնպես որ, զեկուցողը թերեւս կբավարարվի Բաքու կատարած այցով։

Վստահ եմ, որ այնտեղ արդեն խնամքով նախապատրաստել են զեկույցը՝ որոշ մանր-մունր շտկումներ կանեն եւ կփոխանցեն Ուոլթերին։ Բնական է, որ նմանատիպ նախաձեռնությունը չի կարող ընդունելի լինել մեզ համար՝ ինչպես բազմիցս հայտարարել ենք, մենք նման խաղերի մեջ չենք մտնելու։

   -Հնարավո՞ր է, որ Հայաստանը վերանայի զեկուցողի հետ չհամագործակցելու դիրքորոշումը։ 

-Կան տարբեր մոտեցումներ, եւ դրանցից մեկը զեկուցողի հետ համագործակցությունից հրաժարվելն է։ Տեսնենք՝ ինչպիսին կլինի վերջնական դիրքորոշումը, բայց, կարծում եմ, ամեն ինչ կարվի, որպեսզի մեր շահերը հնարավորինս պաշտպանված լինեն։ Համոզված եմ՝ Հայաստանը չի անի որեւէ քայլ, որ կարող է վտանգել Արցախի շահերը։

   -Եթե իրադարձություններն ընթանան ձեր նկարագրած սցենարով՝ Ուոլթերն իր զեկույցը կազմի բացառապես Բաքվում ստացած տեղեկությունների հիման վրա, այդ փաստաթղթի լեգիտիմությունը հարցականի տակ չի՞ դրվի նույն ԵԽ ԽՎ-ի կողմից։ 

-Ի՞նչ լեգիտիմության մասին է խոսքը, եթե ի սկզբանե բոլորի համար պարզ էր՝ սա Ադրբեջանի քաղաքական պատվերն է, որը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ հակամարտության կարգավորման վրա։ Նույնիսկ եթե ենթադրենք, թե զեկույցի «հեղինակը» Ադրբեջանի արտգործնախարարությունը չէ, միեւնույն է, որեւէ կասկած չկա, որ Ուոլթերի հետ մանրակրկիտ «աշխատել» են, լինի դա ուղղակի ֆինանսավորման թե «բնամթերքի» ձեւով։

   -Այնուամենայնիվ տարօրինակ չէ՞, որ զեկուցողը գոնե ձեւի համար չի դիմել ղարաբաղյան կողմին՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու առաջարկով կամ խնդրանքով. ի վերջո, ԵԽ ԽՎ քաղաքական հանձնաժողովի այդ որոշումը ոչ թե Հայաստանի կամ Ադրբեջանի, այլ Արցախի մասին է։ 

-Դրա համար էլ ասում եմ՝ սա ակնհայտ քաղաքական պատվեր է։ Ավելին՝ այդ բանաձեւն իրականում Ղարաբաղի մասին չէ, Ադրբեջանի մասին է։ Այսինքն՝ Ադրբեջանը փորձում է ինչ-որ քաղաքական դիվիդենտներ շահել՝ նման կեղծ նախաձեռնություններ դնելով շրջանառության մեջ։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031