«Քաղաքական դաշտում կար մենաշնորհ, եւ առաջացավ երկրորդ բեւեռը: Առաջացել էր մրցակցություն, որը դրական զարգացումներ էր ստեղծել: Հույս ու հավատ կար, որ հնարավոր է մեռյալ վիճակից իրավիճակը փոխել: Ցավոք, փետրվարի 12-ին ՀՀԿ ընդլայնված նիստում ՀՀ նախագահը հակասահմանադրական ելույթ ունեցավ, արեց անվանարկումներ»,- այսօր «Հայացք» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Նա ասաց, որ անձամբ մասնակցել է ԲՀԿ-ի խորհրդաժողովին, իսկ խորհրդաժողովում Գագիկ Ծառուկյանն ընդամենը ասել է, որ եթե իշխանությունները գնան սահմանադրական փոփոխությունների, իրենք դեմ են լինելու եւ կոչ են անելու ժողովրդին դեմ լինել սահմանադրական փոփոխություններին: Եթե դրա ժամանակ կլիներ այնքան մեծ ընդվզում, որը կտաներ իշխանափոխության, նման բան Սահմանադրությամբ, ոչ էլ որեւէ այլ օրենքով արգելված չէ»:
Ըստ նրա, փետրվարի 12-ից հետո շատ գործիչներ իրենց ճիշտ չպահեցին. «Ամսի 12-ից հետո պարզ դարձավ մի երեւույթ, որը հետագա գործընթացների վրա ունեցավ իր ազդեցությունը: Պարոն Ծառուկյանը մնաց մենակ: Այն քաղաքական ուժերը, հատկապես եռյակը, որը պարտավոր էր լիդերների մակարդակով կանգնել Գագիկ Ծառուկյանի կողքին, ցավոք, այդ ժամանակ՝ ամենածանր ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը նամակ գրեց Սերժ Սարգսյանին, որը ամենեւին չէր տեղավորվում այդ օրերի իրադարձությունների մեջ: Րաֆֆի Հովհանիսյանն էլ հարկ չհամարեց Ծառուկյանի հետ առաջին դեմքով հանդիպել: Միայն Ռուբիկ Հակոբյանն էր գալիս, բայց անհրաժեշտ էր, որ առաջին դեմքով դա արվեր: Մյուսները չէին էլ երեւում: Բոլորի հայացքն ուղղված էր Գագիկ Ծառուկյանի վրա: Մյուս քաղաքական ուժերը անցել էին ստվեր, հայացքն ուղղած պարոն Ծառուկյանի վրա: Ամսի 20-ին հայտարարված հանրահավաքը լինելու էր բազմամարդ, առնվազն 200-300 հազար մարդ հավաքվելու էր հրապարակում: Կարող էր լինել մի քանի սցենար: Օրինակ, կարող էր լինել սադրանք, որը կազմակերպեին իշխանությունները: Եթե հաջողությամբ ավարտվեր եւ իշխանությունները ընկրկեին, մի վիճակ էր լինելու, որ բոլորը, զուտ պաշտոններ զբաղեցնելու համար կառաջանար քաոս, որի հետեւանքները նույնպես շատ ծանր կլինեին»:
Ըստ նրա, ծրագիր չկար, թե ինչ էր լինելու, եթե իշխանափոխություն լիներ: Երկու դեպքում էլ պատասխանատվությունը Գագիկ Ծառուկյանի վրա էր, չկար ընդհանուր կոորդինացնող մարմին եւ երկու դեպքում էլ ունենալու էինք քաոս. «Պարոն Ծառուկյանը կայացրեց միակ ճիշտ որոշումը: Նա ոչ թե ահաբեկված էր, այլ գիտակցված որոշում էր կայացրել»:
Կարդացեք նաև
Թե Սամվել Կարապետյանն ինչ դեր է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման գործում՝ Գառնիկ Իսագուլյանն ասաց. «Պարոն Սամվել Կարապետյանին հաստատ ՌԴ-ն չի ուղարկել ու հայաստանյան իշխանությունները չէին հրավիրել: Դա ստեղծված իրավիճակում կոնտակտ ձեւավորելու ընտրություն էր: Պետք է հասկանալ՝ այլընտրանք կա՞ր, թե՞ չկար: Այս բոլոր զարգացումների հիմնական մեղավոր եւ պատասխանատու ես համարում եմ ՀՀ իշխանություններին, որովհետեւ քաղաքական դաշտն ամայացավ»:
Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ իր համագործակցությունը համաժողովրդական շարժման հետ պայմանավորված էր բացառապես Գագիկ Ծառուկյանի անձով, ուստի նոր ԲՀԿ-ի հետ դեռ չի համագործակցելու. «Եթե պարզվի, որ ԲՀԿ-ն շարունակելու է նույն ծրագիրը, ինչ ծրագրով որ շարժվում էր Գագիկ Ծառուկյանը,պատրաստ ենք աջակցել: Իսկ եթե պարզվի, որ այն ասեկոսեները, որոնք շրջանառվում են հասարակության մեջ, իրականություն են, կմնանք ընկերներ»:
Նա խորհուրդ տվեց Հովիկ Աբրահամյանին փոխել եւ կառավարությունում ընդգրկել պրոֆեսիոնալ կադրերի. «Դուք ինչ է կարծում եք, որ Հովիկ Աբրահամյանն այն վարչապետն է, որ կարող է երկրի տնտեսական իրավիճակը փոխե՞լ: Հա, եթե նրան հանդուրժում էիք, որ այլ քաղաքական ուժի հետ ձեր հարաբերությունները պարզեիք, հիմա չունեք այդ խնդիրը, փոխեք նրան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ