Վերջին իրադարձություններից հետո, հայաստանյան նոր իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ քաղաքական համակարգի ընդդիմադիր դաշտն այսօրվա դրությամբ կազմալուծված է: Այսօր, «Նյութ» մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: «Սա չի խոսում այն մասին, որ ընդդիմադիր կուսակցություններ չունենք: Կան: Բայց հանրությունն այդ համակարգից սպասելիքների առումով հիասթափություն ապրեց»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ բնավ էլ պատահական չէ, որ ընդդիմության առաջնորդներից մեկը քաղաքական օրակարգը հռչակում է ընդդիմափոխությունը:
Վերլուծելով նորանկախ Հայաստանի քաղաքական համակարգը, վերհիշելով, որ ընդդիմադիրներին մշտապես մի բան է իրար կապել`իշխանափոխությունը, նա դրանք որակեց հեղաշրջման փորձեր: «Հեղափոխության պարագայում, եթե լինեին գաղափարական հակասություններ, գուցե արդարացված լիներ: Բայց ընդդիմությունը մշտապես հեղաշրջման է ձգտել`անօրինական, հակասահմանադրական»,- ասաց նա: Խոսրով Հարությունյանը, սակայն, առաջարկում է կատարվածում ոչ թե մեղավորների փնտրել, այլ փորձել վերլուծել եւ դասեր քաղել դրանից:
Aravot.am-ի հարցին`քաղաքական դաշտը Հայաստանում ակնհայտորեն ճգնաժամի մեջ է, իշխանությունն, ում ձեռքին են բոլոր լծակները, վերլուծություններ անո՞ւմ է, դասեր քաղո՞ւմ է, ի՞նչ նախաձեռնություններով է պատրաստվում հանդես գալ`իրավիճակն առողջացնելու համար, պարոն Հարությունյանն ասաց, որ իշխանությունը մտահոգված է ընդդիմադիր դաշտի տկարությամբ, բայց իշխանության դուդուկի տակ պարող ընդդիմություն իշխանությանը պետք չէ:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով վերջին`ՀՀԿ-ԲՀԿ հակասություններին ու դրանց շուրջ ձեւավորված զարգացումներին, նա ասաց, որ ԲՀԿ-ի ղեկավարությունը որոշեց ճշգրտել իր քաղաքական կուրսը: Ճշտող հարցին`հանրությա՞ն, թե՞ իշխանության ճնշման տակ, բանախոսն ասաց, որ ճնշումներ ինքը չի տեսել ոչ մի կողմից. «Ճնշումներ չեն եղել»:
Ապա խոսելով Հայաստանում քաղաքական դաշտի կոնցեպտուալ փոփոխությունների անհրաժեշտության մասին, ազատ եւ անկախ ընտրությունների անցկացման եղած հնարավորությունների ու ակնկալիքների մասին, Խոսրով Հարությունյանն ասաց, որ ցավոք, ընտրակաշառք բոլոր կուսակցություններն էլ բաժանում են`յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով: Լրագրողներից մեկի դիտարկմանը`փաստորեն, ամենաշատը ՀՀԿ-ն է բաժանել, բանախոսն արձագանքեց. «ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը…»
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ