Մի քանի օր առաջ տեղի ունեցած աղմկոտ սպանությունների փաստի առիթով հարուցված քրեական գործը, որի արդյունքում սպանվեցին քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկը եւ նրա երկու ընկերները, ինչպես հայտնի է՝ քննում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ Բնական հարց է ծագում՝ ինչպես կարող է քրեական հեղինակության սպանությունը սպառնալ Հայաստանի անվտանգությանը, որ այդ գործի նախաքննությունը հանձնարարվել է ԱԱԾ-ին։ Իրականում այդ դեպքը պետության անվտանգությանը ոչ մի կերպ չի սպառնում, բայց Սերժ Սարգսյանի եւ նրա ղեկավարած ՀՀԿ-ի իշխանությանը կարող է սպառնալ։
Ինչպես հայտնի է՝ Երրորդմասցի Լյովիկը ԱԺ եւ նախագահական վերջին երկու ընտրություններում՝ 2007-ից սկսած, Շենգավիթում ընտրությունների կեղծման գործընթացը կազմակերպելու հարցում եղել է ամենաառանցքային դերակատարը։ Ամենեւին պատահական չէ, որ նա սերտ կապեր է ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ նրա ընտանիքի հետ։ Եթե իշխանությունները չկարողանան հայտնաբերել իրենց հովանավորյալ քրեական հեղինակության սպանողին եւ իրավիճակը թողնեն ինքնահոսի, ապա քրեական Երրորդմասցի Լյովիկի կողմնակիցներն էլ իրենց հերթին կարող են հակահարված հասցնել՝ տեղի ունեցածի, իրենց կարծիքով, մեղավորներին։ Արդյունքում, կարող է սկսվել քրեական խմբավորումների պատերազմ, ինչի հետեւանքով էապես կարող է թուլանալ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի իշխանության հենարանը։ Այսինքն՝ ՀՀ իշխանություններն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի բացահայտեն Երրորդմասցի Լյովիկի սպանությունը եւ այսքանով կանգնեցնեն քրեական աշխարհի ներկայացուցիչների միջեւ սկսված պատերազմը։ Հակառակ դեպքում հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել։
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում