«Աբրահամ Մանուկյանը երբեք կուսակցության փոխնախագահ չի եղել: Երկար տարիներ ԲՀԿ փոխնախագահ է եղել Սամվել Ադամյանն, իսկ վերջին, արտահերթ համագումարում, կուսակցության փոխնախագահ է ընտրվել Վարդան Վարդանյանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանն`անդրադառնալով մամուլում առկա հրապարակումներին, թե լինելով կուսակցության փոխնախագահ`Աբրահամ Մանուկյանը հրաժարվել է ակտիվ կուսակցական գործունեությունից:
ԲՀԿ-ից պատգամավորների հեռանալուց հետո սկսեցին նաեւ վերլուծություններ եւ կանխատեսումներ հրապարակվել այն մասին, որ ԲՀԿ-ից հեռացած պատգամավորներն առաջիկայում խորհրդարանում անկախ պատգամավորական խում են ձեւավորելու: Այսօրինակ հրապարակումների առիթով էլ մեր զրուցակիցը նկատեց, որ դրանք թերեւս գործընթացում հետաքրքրություն մտցնելու նպատակ են հետապնդում, քանզի ԱԺ կանոնակարգ-օրենքը հստակ սահմանումներ է տվել այդ առիթով: «Եթե որոշ մարդիկ հետաքրքրված են, գոնե պետք է կարդային ԱԺ կանոնակարգ-օրենքը, որտեղ գրված է`պատգամավորական խումբ կարող են ձեւավորել միայն անկախ պատգամավորները: Այսինքն, մեծամասնական ընտրակարգով ընտրվածները կամ այն պատգամավորները, ովքեր դուրս են եկել խորհրդարանական խմբակցությունից: Տվյալ դեպքում, ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը լքել է երեք պատգամավոր: Տասը պատգամավորները, որոնք ԲՀԿ-ից դուրս գալու դիմումներ են գրել, շարունակում են մնալ ԲՀԿ խմբակցության անդամներ: Խմբակցությունը լքելու համար, ըստ կանոնակարգի, նրանք նաեւ մանդատը պետք է վայր դնեն: Ուստի, դա անհնարինություն է ստեղծում առանձին պատգամավորական խումբ ձեւավորելու համար»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ