Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը պատրաստվում է միջամտել մայիսի 3-ին Արցախում սպասվող խորհրդարանական ընտրություններին։ Արցախյան «Ազգային վերածնունդ» ընդդիմադիր կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը երեկ վերահաստատեց տեղեկությունները, որ Բաբայանը մտադիր է աջակցել իրենց կուսակցությանը։ Թե ի՞նչ ձեւով է դրսեւորվելու այդ աջակցությունը՝ չի ասվում։ «Սամվել Բաբայանի մասին ասված այս տեղեկատվությունն այն առավելագույնն է, որ այս պահին ենթակա է հրապարակման։ Հետագայում այս մասին նոր տեղեկատվություն կլինի»,- երեկ փոխանցեց ԱՎ նախագահը։
Ինչո՞ւ է Սամվել Բաբայանը վերադարձել եւ փորձում կրկին ներգրավվել քաղաքական գործընթացներում՝ դեռ պաշտոնապես հայտնի չէ։
Հիշեցնենք, բանտից ազատվելուց հետո (2004թ.) նա ԼՂՀ-ից տեղափոխվեց Հայաստան, ստեղծեց «Դաշինք» կուսակցությունը, որն արդեն 2007-ին համագործակցում էր Երեւանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի «Ազգային վերածնունդ», ինչպես նաեւ Ռամկավար ազատական կուսակցությունների հետ։ Բաբայանը ծրագրել էր միավորել այս 3 կուսակցությունները, որպեսզի դրանց հենքի վրա նոր՝ ուժեղ կուսակցություն ձեւավորվի։ Դա ժամանակին համարվում էր Ռոբերտ Քոչարյանի պրոյեկտը։ Վերջին պահին, սակայն, ծրագիրը տապալվեց, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բաբայանը հայաստանյան բանկերից մեկում գրավ է դրել իր, Ալբերտ Բազեյանի եւ մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների բնակարանները, վերցրել այդ գումարը եւ անհետացել։ Տեղեկություններ կային, որ նա մեկնել է Մոսկվա։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում