Մարտի 9-ին ՄԱԿ-ում Հայաստանի և Կիպրոսի մշտական ներկայացուցչությունները Հայ Օգնության Միության (ՀՕՄ), Միացյալ Թագավորության Հյուսիս-շոտլանդական բարձրավանդակի և կղզիների համալսարանի և Աֆրիկյան սփյուռքի կանանց ցանցի (DAWN) հետ համատեղ կազմակերպել էին սփյուռքի կանանց դերի վերաբերյալ քննարկում՝ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանի շրջանակներում։
ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ում Հայաստանի և Կիպրոսի մշտական ներկայացուցիչները, Նյու Յորք քաղաքի քաղաքացիական դատարանի նախկին դատավորներից մեկը, Հյուսիս-շոտլանդական բարձրավանդակի և կղզիների համալսարանի պատմության դասախոսը, «DAWN»-ի գործադիր տնօրենը, ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց առաջխաղացման մարմնի (UN-Women) փորձագետը և ՀՕՄ-ի ներկայացուցիչը: Քննարկումը վարում էր ԱՄՆ-ում լույս տեսնող «Հայրենիք» շաբաթաթերթի խմբագիրը։
Քննարկմանը, որին մասնակցում էին մեծ թվով անդամ պետությունների, ՄԱԿ-ի տարբեր մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ընդգծվեց սփյուռքի կանանց բացառիկ փորձը տարբեր մշակութային, սոցիալական և գենդերային նորմերի հետ շփման տեսանկյունից, որի միջոցով հնարավոր է դարձել ապահովել զարգացում հասարակության տարբեր ոլորտներում։ Քննարկվեց, թե ինչպես հայրենիքն ու սփյուռքի համայնքները կարող են փոխազդել ու ամրապնդել միմյանց` կանանց առաջխաղացման և գենդերային հավասարության խթանման նպատակով, ինչպես նաև ուղիները 2015թ. հետո ընկած ժամանակահատվածում մշակույթի և ավանդույթների պահպանման գործում կանանց դերի հետագա խթանման տեսանկյունից։
ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանն իր ելույթում կարևորեց սփյուռքի կանանց անփոխարինելի դերը հայ համայնքների վերածննդի և ինքնության պահպանման, ապաստանած հասարակություններում ինտեգրվելու, այդ երկրներին իրենց նպաստը բերելու, ինչպես նաև պատմական հայրենիքի հետ կապերն ամրապնդելու տեսանկյունից` նշելով, որ այդ թեման կարևոր նշանակություն ունի կանանց առաջխաղացման ու Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանի համար։
Կարդացեք նաև
Սփյուռքահայ բանախոսներն իրենց ելույթներում անդրադարձան Հայոց ցեղասպանությունը վերապրած իրենց ընտանիքների, մայրերի ու նախնիների մաքառումներին, տոկունությանն ու հետագա ձեռքբերումներին:
ՀՀ ԱԳՆ