Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. «Քննիչը իրականում չի խուզարկել Սուրիկ Խաչատրյանի տունը եւ չի էլ համարձակվի խուզարկել»

Մարտ 09,2015 22:30

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Գորիսի առանձնատան դիմաց տեղի ունեցած փոխհրաձգությունների գործով Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել՝ հաստատելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի  մասնակցությունը Սուրիկ Խաչատրյանի որդու հարսանիքին: Սակայն Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր միջնորդությունը մերժվել էր այն պատճառաբանությամբ, որ դա անձնական կյանքի գաղտնիությանն է վերաբերում:

Հայկ Ալումյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ դա անհիմն մերժում է. «Պաշտոնատար անձանց, այն էլ այդ աստիճանի պաշտոնատար անձանց անձնական կյանքը հասարակական ուշադրության կենտրոնում կարող է լինել եւ պետք է լինի: Այս գործով նաեւ մենք այդ տեղեկությունները պահանջելիս կոնկրետ նպատակ ունեինք: Մենք ուզում էինք իմանալ մեր երկրի պաշտոնատար անձանց անձնական հարաբերությունները Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հետ, որովհետեւ մենք, նախ, ուզում էինք հասկանալ, թե ինչ պատահեց, որ քրեական գործը նման ընթացք ստացավ: Վաղուց Բուդաղյանները պնդում էին, որ նախաքննության ընթացքում բարձր ատյանների կողմից եղել են ճնշումներ եւ ուղղորդումներ:

Մեր երկրում, գիտենք, եթե ինչ-որ մեկը հրավիրում է մյուսին հարսանիքի եւ նա գնում է, ուրեմն նրանց միջեւ շատ մտերիմ հարաբերություններ կան»:

Հայկ Ալումյանի խոսքով՝ եթե նման հարաբերություններ գոյություն ունեն, ապա կոնկրետ այս գործով ներպետական դատարանները արդյունավետ պաշտպանության միջոց չեն կարող հանդիսանալ. «Մենք այլեւս դատարանները սպառելու խնդիր չէինք ունենա եւ կդիմեինք Եվրոպական դատարան»: Պրն Ալումյանը տեղեկացրեց, որ արդեն Եվրոպական դատարան դիմումը ճանապարհին է, եւ սպասում են հաստատման:

Փաստաբանը մեզ հետ զրույցում նաեւ տեղեկացրեց, որ այսօրվա դատական նիստին ներկայացվել են Սուրիկ Խաչատրյանի տանը կատարված խուզարկության արդյունքները. «Ըստ այդ խուզարկության արձանագրության, իբրեւ թե, Սուրիկ Խաչատրյանը ներկայացրել է 8 զենք, որոնք օրինական են եղել, փամփուշտներ եւ մի գազային ատրճանակ: Հետո, իբրեւ թե, այդ զենքերի համարները, մակնիշները արձանագրելուց հետո, քննիչը հետագայում նաեւ մենակով խուզարկել է Սուրիկ Խաչատրյանի տունը եւ այլ զենք եւ զինամթերք չի հայտնաբերել: Եվ այս ամենը, ըստ արձանագրության, կատարվել է 35 րոպեի ընթացքում: Այն դեպքում, երբ այդ ամենն արձանագրելը կարող է խլել հենց 35 րոպեն: Եվ հետո, իբրեւ թե, քննիչը այդ 35 րոպեի մեջ՝ մենակով, տունն ամբողջովին խուզարկել է եւ պարզել է, որ այդ առանձնատանը այլ զենք չի եղել»:

Հայկ Ալումյանը այս փաստն անհնարին է համարում: Փաստաբանը վստահեցնում է, որ դա ոչ այլ բան է, քան պաշտոնական կեղծիք:

Հայկ Ալումյանը նույն խուզարկության մեջ եւս 4 արձանագրություն է ներկայացրել, որոնց ժամանակ բնակարաններ են խուզարկվել՝ օրինակ 1 ժամ քսան րոպեի ընթացքում, եւ այդ խուզարկությանը բացի քննիչից երկու ոստիկան է մասնակցել. «Իսկ հսկայական առանձնատունը 35 րոպեի մեջ է խուզարկվել եւ խուզարկությանը մեկ քննիչ է մասնակցել, այն դեպքում, երբ բնակարանում ոչինչ չի հայտնաբերվել եւ արձանագրության մեջ երկու տող է գրված»:

Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ քննիչը իրականում չի խուզարկել Սուրիկ Խաչատրյանի տունը եւ չի էլ համարձակվի խուզարկել. «Ես պատրաստ եմ ապացուցել, որ դա հնարավոր չէ: Ընդհանրապես մեկ հոգին չի կարող կատարել այդ հսկայական առանձնատան խուզարկությունը: Սա կեղծիք է, եւ Սուրիկ Խաչատրյանի տանը խուզարկություն չի եղել: Այս հանգամանքը թույլ է տվել նրա տնեցիներին թաքցնել զենքերը»:

Այն, որ Սուրիկ Խաչատրյանի ազգականները այլ զենքեր էլ են ունցել, դատական նիստին Հայկ Ալումյանը իրենց խոհանոցում տեղադրված ձայնագրիչ սարքի ձայնագրություններով է հիմնավորել. «Քննարկում են զենքերը հանձնենք, չհանձնենք: Հետո ԻԺ-22 հրացանի մասին է խոսքը գնացել, իսկ արձանագրության մեջ այդպիսի զենք գոյություն չունի»:

Հայկ Ալումյանը մեզ տեղեկացրեց, որ դատական նիստին դատախազը փորձել է առարկել՝ ասելով, որ այդ փաստերը կապ չունեն քննարկվող հարցերի հետ, մինչդեռ դատարանը թույլ է տվել, որ այդ փաստարկները հնչեն:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 23-ին, ժամը 10:30-ին:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Մի քանի անշառ տրավեստիտ 1-2 ժամ ինչ որ մի այգում կանգնում է, ամբողջ ազգով ձեռ ու ոտ են ընկնում: Բայց Լիսկան ու նմանները վերանշանակվում են ամենաբարձր պաշտոնների ու ազգը տեղից չի շարժվում: Գերհայրենասեր դաշնակները (ու նմանները) «ազգը մաքրում» են DIY ակումբներից: Ի՞նչու գերհայրենասեր դաշնակները մի բան Լիսկա՛յի հարցով չեն անում:

    ՀԵՇՏ ԹԻՐԱԽՆԵՐ ման գալով ինչքան հեշտ է «հայրենասիրություն» «խփել»:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031