Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն այսօր որոշակի մանրամասներ ներկայացրեց երեկ Քեթիի ձորակում հայտնաբերված 34-ամյա Սամվել Հակոբյանի, ինչպես նաեւ նրա ընկերոջ՝ Քեթիին հարակից Փոքրաշեն գյուղի ձորակի մեջ «Նիսան Տիանա» մեքենայի հետեւի նստատեղին հայտնաբերված Քրիստ Վարդանյանի սպանության մասին: Դատախազն ասաց, որ մարտի 8-ի առավոտյան, ժամը 10.30-ին ոստիկանություն է ահազանգել Քեթի գյուղի գյուղապետը՝ տեղեկացնելով, որ գյուղի շրջակա հատվածում գտնվող ձորակում հայտնաբերվել է անհայտ անձի դի:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը դատաբժշկի ներկայությամբ կատարված զննությամբ պարզել է, որ դիակի վրա առկա են մարմնական վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ըստ դատախազի, եզրակացությունը դեռ չի ստացվել, սակայն արդեն հայտնի է, որ անձի մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարեւորագույն նշանակություն ունեցող ֆունկցիաների խանգարումից, որը պայմանավորված է գանգուղեղային փակ, բութ վնասվածքի առկայությամբ: Դատախազի տեղեկացմամբ, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1 –ին մասի հատկանիշներով եւ կատարվում է նախաքննություն: Պարզվել է, որ մահացողը Գյումրի քաղաքի բնակիչ, 1981 թվականին ծնված Սամվել Մկրտիչի Հակոբյանն է:
Ի դեպ, Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Սամվելն ու Քրիստի միմյանց հետ ունեցել են մտերմություն, Քրիստի սպանության կամ նրա դիակի հայտնաբերման նախորդող օրը նրանք միասին են եղել: Ըստ դատախազի, օպերատիվ տվյալներ կան այն մասին, որ Քրիստ Վարդանյանի եւ Սամվել Հակոբյանի սպանությունները կապված են միմյանց հետ, թեեւ նշված տեղեկությունը դեռեւս իրացման կարիք ունի քրեական գործի նախաքննության շրջանակում: Րաֆֆի Ասլանյանի տեղեկացմամբ, Քրիստ Վարդանյանի սպանության փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի, 235 հոդվածի 1–ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն, այս պահի դրությամբ հանցագործությունը բացահայտված չէ:
Կարդացեք նաև
Այսինքն` քրեական գործով դեռեւս ապացույցներ չկան, որոնք կհիմնավորեն, որ Քրիստ Վարդանյանի սպանությունը կատարվել է կոնկրետ անձի կողմից: Ըստ դատախազի, այդ ուղղությամբ իրականացվում են համապատասխան քննչական գործողություններ եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ: Դատախազն ասաց, որ Քրիստ Վարդանյանը քրեական անցյալ ունեցող անձնավորություն է, անչափահաս տարիքում դատապարտվել է նախկին քրեական օրենսգրքի 105 հոդվածի հատկանիշներով, այսինքն` սպանության փորձ կատարելու համար, հետագայում նաեւ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար: Նշենք, որ քրեագետներն այսօր ամբողջ օրը աշխատում էին Քեթիի ձորակում, որտեղ սպանված են գտել Քրիստ Վարդանյանին:
Մանրամասները` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ