Քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին (սոցցանցում հայտնի Նավակ ճոճող) երկու օր առաջ ոստիկանություն էին հրավիրել տարեսկզբին իրեն ծեծի ենթարկելու դեպքով կատարված փորձաքննության եզրակացությանը ծանոթանալու: Ակտիվիստը մեզ հետ զրույցում պատմեց, որ փորձաքննության էր ենթարկվել դեպքի վայրում մնացած արյունոտ անձեռոցիկը. «Ես ուղղակի ստորագրել եմ, որ տեղեկացվել եմ այդ փորձաքննության մասին»:
Ըստ նրա, մի որոշ ժամանակ առաջ էլ փորձաքննության էր ենթարկվել մահակը, որով իրեն ծեծել են, ուսումնասիրվել են մատնահետքերը. «Գործի բացահայտման հարցում ոչ մի առաջխաղացում չկա, ոչ մի բան չկա, էնքան որ փորձաքննություններն են արվել»:
Մեր հարցին, շարունակո՞ւմ է պնդել, որ ՀՀ ոստիկանապետն է իրեն ծեծելու հետեւում կանգնած, ասաց. «Ասել եմ, որ Վլադիմիր Գասպարյանն է, էլի եմ պնդում, որ Վլադիմիր Գասպարյանն է: Եթե այդ գործը չի բացահայտվում, նշանակում է, որ ոստիկանության հովանավորության տակ է եղել: Վստահ եմ, որ երկու-երեք օրում կարող են բացահայտել այս գործը, բայց իրենց ձեռք չի տալիս, չեն բացահայտում: Սա հերթական գործն է, որ մնալու է չբացահայտված: Այ տենց պրոֆեսիոնալ աշխատում են»:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ի երեկոյան, մոտավորապես 10:15-ի սահմաններում 4 դիմակավորված անձինք Երևանում հարձակվել էին քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանի վրա և ծեծի ենթարկել նրան։
Կարդացեք նաև
Լուսանկարը` Վիլեն Գաբրիելյանի ֆեյսբուքյան էջից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ