Ինչպես տեղեկացրել ենք, երեկ կեսօրին Գյումրու Անի թաղամասում գտնվող «Լյուքսեմ» սուպերմարկետի հետնամասում գտնվող դիտահորում կախված էին գտել ռուս սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանին: Վերջինս անհետացել էր փետրվարի 21-ի գիշերը, վերջին անգամ խոսելով Մարմաշենում, հայրական տանը գտնվող իր կնոջ հետ ու նրան խնդրելով լավ նայել իրենց նորածին երեխային:
Այսօր Aravot.am –ը Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանից հետաքրքրվեց, թե կա՞ն տվյալներ, երբ է կախվել երիտասարդը կամ արդյոք ինքնասպանությո՞ւն է գործել, թե՞ սպանել են նրան: Րաֆֆի Ասլանյանը տեղեկացրեց, որ Արթուր Աֆյանի անհետացման հետ կապված դեռեւս փետրվարի 25-ին հարուցված էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով եւ նշված քրեական գործի նախաքննության շրջանակներում, նաեւ համապատասխան քննչական գործողություններով պարզվում են մահվան հանգամանքները: Ըստ դատախազի, այս պահին հետեւություններ անելը դեռ վաղաժամ է, քանի որ մահվան վաղեմության, վնասվածքների առկայության մասին եւ մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակված է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Սակայն, ըստ դատախազի, առաջին հայացքից, զննությամբ մարմնական վնասվածքներին բնորոշ հետքեր չեն հայտնաբերվել:
Լուսանկարներում այն տեղանքն է, որտեղ կախված են գտել Արթուր Աֆյանին
Կարդացեք նաև
Մանրամասները տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ