Եթե նախորդ տարիներին նախարարությունների պաշտոնյաները գործուղումների մեկնելիս հիմնականում ինքնաթիռի բիզնես դասից էին օգտվում, ապա այսօր գերատեսչությունները, կարծես թե, սկսել են ծախսերը կրճատել` պաշտոնյաներին գործուղումների ուղարկելով ինքնաթիռի էկոնոմ դասով: Այս մասին փաստում է կառավարության կայքէջի «Մեկ անձից կատարվող գնումներ» բաժինը:
Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի համար գնած ավիատոմսն արժե 373 հազար դրամ, սակայն այն էկոնոմ կարգի է: Համաձայն նախարարության տեղեկատվության, պարոն Քրմոյանը կմեկնի Մոսկվա, այնտեղից էլ` Ռիգա, ապա կրկին կվերադառնա Մոսկվա, որտեղից էլ` Երեւան:
Ավիատոմսը նախարարությունը գնել է «Նիմկա Տրանս» ընկերությունից:
Մեկ անձից գնումներն ուսումնասիրելիս, տեսնում ենք, որ բացի նախարարներից, գերատեսչությունների պաշտոնյաները, հիմնականում, թռչում են էկոնոմ դասի ավիատոմսով:
Կարդացեք նաև
Արդարադատության նախարարությունը, մեկ անձից, 360 հազար դրամի էլ ախտահանման եւ մակաբույծների ոչնչացման համար ծառայություն է գնել:
Փոխարենը ֆիննախը չի մանրամասնել, թե «Էկոդեզ» ընկերությունից գնած 1 միլիոն 549,500 դրամի հիգիենիկ հակահամաճարակային ծառայությունները, մասնավորապես, ինչ նպատակով են: Նույն ծառայությունը ֆիննախը ստացել է նաեւ վճարելով 1 միլիոն դրամի չափով:
Մակաբույծների դեմ պայքարի համար միլիոնների ծախս էլ ոստիկանությունն է կատարել: Ախտահանման եւ մակաբույծների ոչնչացման ծառայությունների համար ՀՀ ոստիկանությունը «Երեւանի կանխարգելիչ ախտահանում» ընկերությանը վճարել է գրեթե 7 միլիոն դրամ:
Գյուղատնտեսության նախարարությունը, պետգնումներով, 435 հազար դրամ վճարել է Անհատ ձեռներեց Իրինա Մելքոնյանին`500 դրամի արժողությամբ 435 հատ տրակտորիստի վկայական պատվիրելու դիմաց: Նույնքան էլ պատվիրել է տրակտորի տեխ. անձնագիր, որը, նույնպես, գյուղնախին արժեցել է 1 հատը 500 դրամ:
Գյուղնախը 300 հազար դրամ էլ վճարել է «ԿԱՐԿՈՄԱՎՏՈ» սերվիսին` նախարարության ավտոմեքենաների վերանոգորման ծառայության դիմաց:
Դատական դեպարտամենտը «Գազպրոմ Արմենիայից» 2 միլիոն 200 հազար դրամի գազ է գնել, կտրոններով օգտվելու նպատակով:
Դատական դեպարտամենտը 7 միլիան 474,000 դրամի էլ փոստային ծառայությունից է օգտվել:
225,000 դրամի Արարատի մարզպետարանն է նամակ ուղարկել: Գումարը վճարելով «Հայփոստ» ընկերությանը:
«Բաշ Ապարան»-ի ծառայություններից նախընտրել է օգտվել Պետգույքի կառավարման վարչությունը, որն իր ենթակայության տակ գտնվող ավտոմեքենաների տեխսպասարկման եւ վերանորոգման համար այս ընկերությանը վճարել է 870 հազար դրամ:
Ազգային անվտանգության ծառայությունն էլ էլեկտրական սարքերի, սարքավորումների վերանորոգման եւ պահպանման համար ծախսել է մոտ 1 միլիոն դրամ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ