Այն տոնում են արդեն ավելի քան մեկ տասնամյակ՝ 2002 թվականից ի վեր։ Այս օրը աշխարհի տարբեր անկյուններում բնակվող DJ-ներն իրենց օրվա աշխատանքի հասույթը տրամադրում են տարբեր մանկական հիմնադրամների:
Արդեն յոթ տարի է՝ DJ-ների միջազգային օրը նշվում է նաև Հայաստանում:
«Օրը բարեգործական խորհուրդ ունի: Ամեն տարի այս օրը շատ հայտնի արտիստներ նվագում են, և ստացված հասույթը փոխանցվում է բարեգործական հիմնադրամներին, որոնք աջակցում են հիվանդ երեխաներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում DJ-ների ասոցիացիայի ղեկավար DJ Դելը։
DJ Արիկ Կ.-ի խոսքով՝ DJ-ների բախտը չի բերում այն առումով, որ մասնագիտական օրվա նախօրեին մարտի 8-ն է. «Միշտ աշխատանքային օր է ընկնում մեր տոնը, և միջոցառումներ կազմակերպելը շատ դժվար է: Բացի այդ, բոլորն արդեն գումարները ծախսած են լինում մարտի 8-ի առթիվ»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց նա՝ հավելելով, որ այս տարի նախատեսում են բոլոր DJ-ներով ձայնասկավառակ թողարկել:
DJ-ները վստահեցնում են, որ փորձում են Հայաստանում նորույթ մտցնել և առանձին երաժշտական ուղղություն ստեղծել, հնարավորինս մաքրել երաժշտական ոլորտն այն երաժշտությունից, որը ճաշակ է փչացնում: Նրանք նաև փորձելու են բարձրացնել ակումբային երաժշտության և մասնագետների որակը:
«Հայաստանյան հասարակությունը նախկինում չէր ընդունում մեզ՝ որպես արտիստների: Բայց մենք էլ ունենք մասնագետներ, որ չեն զիջում արտասահմանյան DJ-ներին: Իհարկե, կան նաև իրենց DJ անվանող մարդիկ, որոնք այնքան էլ չեն համապատասխանում այդ մասնագիտությանը»,- ասաց DJ Դելը՝ հավելելով, որ շատ երկրներում այդ մասնագիտությունը խոշոր բիզնեսի է վերածվել, և DJ-ները բավականին մեծ գումարներ են վաստակում:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ