Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մարտի 9-ին հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոչեկի հետ:
ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ հայ խորհրդարանականների այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-չեխական հարաբերությունների հետագա ամրապնդման եւ զարգացման, մասնավորապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման համար:
Էդուարդ Շարմազանովն արձանագրել է, որ մեր օրերում բավականին ընդգրկուն է խորհրդարանական դիվանագիտության դերը համաշխարհային գործընթացներում, պատգամավորական բարեկամության խմբերի դերը` երկկողմ կապերի զարգացման գործում: Նա իր գոհունակությունն է հայտնել միջխորհրդարանական հարաբերություններում առկա բարձր մակարդակի կապակցությամբ` անհրաժեշտ համարելով էլ ավելի աշխուժացնել խորհրդարանական համագործակցությունն ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային հարթակներում միմյանց աջակցելու տեսանկյունից:
ԱԺ փոխնախագահը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ եվրոպական արժեքներին ու սկզբունքներին, ինչպես նաեւ վճռական է եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնելու եւ խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը` ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը կողմնակից է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: Նա անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից խնդրի ռազմական լուծման փորձերը:
ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հակամարտության հարցում պաշտոնական Պրահայի հավասարակշռված դիրքորոշումը: Չեխիայի Պատգամավորների պալատի փոխնախագահն իր հերթին ընդգծել է, որ կողմնակից է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:
Պատգամավորների պալատի փոխնախագահը գոհունակությամբ նշել է, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսների շարքը սկսվում է Չեխիայից:
Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը Յան Բարտոչեկին հրավիրել է այցելելու Հայաստան:
ՀՀ Ազգային ժողով