Երբ Մոսկվայի «Սպարտակը» Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրում սեփական հարկի տակ «Կրասնոդարին» պարտվեց 1:3 հաշվով, ռուսական մամուլը, ի թիվս այլոց, քննադատել է նաեւ Յուրա Մովսիսյանին:
Սերգեյ Գլեբովը eurosport.ru-ում գրել է. «Արդյոք Հայաստանի հավաքականի հարձակվողը խաղադաշտում էր, կարելի է իմանալ միայն մեկնարկային հայտացուցակն աչքի անցկացնելով: Իրեն հատկացված 68 րոպեների մեծ մասը Մովսիսյանը խաղադաշտում կանգնած անցկացրեց: Հարձակվողը պարտավոր է լինել իրադարձությունների կիզակետում, սակայն Յուրային առաջնագծում գտնել հնարավոր չէր: Նա անընդհատ նահանջում ու զբաղվում էր ամենեւին էլ ոչ իր պարտականություններով: «Սպարտակի» կազմում առանց նրա էլ տուգանայինի մատույցներում գնդակ խաղարկողներ կան: Արդյունքում, կարմրասպիտակների հարձակման գծի կենտրոնում խնդիրներ էին առաջանում: «Կրասնոդարի» դարպասապահ Անդրեյ Դիկանն առաջին 30 րոպեներին նյարդայնացած էր: Եվ նա իր դարպասը փակի տակ պահել կարողացավ մեծապես Մովսիսյանի իներտության շնորհիվ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` imago-ի