Լրահոս
Օրվա լրահոսը

34 հուշարձանի հարցով դիմել են իրավապահների

Մարտ 09,2015 17:16

Aravot.am-ը ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ միջոցներ են ձեռնարկել՝ կապված Երեւան-Սեւան մայրուղում գտնվող «Արձագանք» բրոնզաձույլ քանդակի վնասման  հետ, որի հեղինակը Խաչատուր Հակոբյանն է:

Գործակալության պետն ասաց, որ արձանն իր իրավական կարգավիճակով հուշարձան չէ: «Մենք եւ մշակույթի նախարարությունը դատապարտում ենք եւ ցավով ենք վերաբերվում կատարվածին: Մշակույթի նախարարությունը միջոցներ է ձեռնարկել, դատախազությանն ենք գրել Կոտայքի մարզի, որպեսզի հանցանքը կանխվի եւ հետագա հնարավոր դեպքերը բացառվեն»,-նշեց մեր զրուցակիցը:

Արմեն Աբրոյանի ասելով, քանդակի մշակութային արժեք լինելը պետք է մասնագետները փաստեն, որպեսզի մշակույթի նախարարությունն այն իր պահպանության տակ վերցնի: Ամեն դեպքում, նրա խոսքով. «Տվյալ տարածքը տիրապետող Տեղական ինքնակառավարման մարմինը պետք է դրանով զբաղվի, որովհետեւ անկախ նրանից, վնասված քանդակը հուշարձան է, թե ոչ, կատարվածը հանցանք է, իսկ աշխարհում երբեք հանցանքները նախապես չեն կանխվում»:

Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետը համոզված է՝  բոլորը պետք է դրանով զբաղվեն՝ հասարակությունը, իրավապահ մարմինները, նախարարությունը, համայնքները եւ հատկապես մարզպետարանները, որպեսզի նման դեպքեր այլեւս չլինեն:

Հետաքրքրվեցինք՝ անցյալ տարի ամբողջ Հայաստանի տարածքում պետական կարգավիճակ ունեցող քանի՞ հուշարձան է վնասվել: Արմեն Աբրոյանն ասաց, որ բազմաթիվ են եղել դեպքերը, փոքր վնասվածք ունեցող հուշարձանները արագ վերականգնվել են, ինչ վերաբերում է լուրջ վնասումներին, այդպիսի հուշարձանների թիվը 34-ն է: Ըստ մեր զրուցակցի, «Դրանք ներկայումս գտնվում են իրավապահ մարմինների՝ մի տեղ քննչական, մի տեղ՝ դատախազության, ոստիկանության ուշադրության ներքո, նույնիսկ հուշարձանի գործ կա, որ դատարանում է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031