Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը չի միջամտել. նրա աշխատակցին հեռացրել են պաշտոնից՝ քննությունը չհանձնելու համար

Մարտ 09,2015 16:38

Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն այսօր «Հայելի» ակումբում խոսեց քաղծառայության համակարգի բարեփոխումների, նոր թեստավորման համակարգի մասին: Մանվել Բադալյանն ասաց, որ նախկին թեստային համակարգը թույլ չէր տալիս ճիշտ գնահատել քաղծառայողին. «Ինձ հարց են տալիս՝ քաղծառայության եկող երիտասարդը ի՞նչ կարեւոր է, որ իմանա՝ որոնք են մեր սահմանակից պետությունները: Իմ կարծիքով, պարտավոր է իմանալ, նա պետական ծառայող է: Հարց կա՝ մարզերի քանակը, հլը չեն հարցնում մարզերի անունները, հարցնում են քանակը: Կա հարց՝ «Անլռելի Զանգակատան» հեղինակը: Ընդ որում, թեստային առաջադրանքում կա 4 տարբերակ, որից մեկը ճիշտ է:

Հարցին՝ քաղծառայողները բոլորը տառաճանաչ ու գրագետ մարդի՞կ են, գիտե՞ն ով է «Անլռելի զանգակատան» հեղինակը՝ Մանվել Բադալյանը պատասխանեց. «Ցավոք, չեմ կարող ասել»:

Մանվել Բադալյանը պատմեց, որ համակարգը բարեփոխել են: Նորություններից մեկը հետեւյալն է՝ շատ դեպքերում ժամկետային պայմանագրով տվյալ պաշտոնը զբաղեցնողը գալիս է մրցույթի ուրիշների հետ ու ինքը չի հաղթահարում մրցույթը. «Շատ ենք ունենում այդպիսի դեպք, բնականաբար, դուրս է մնում: Եթե մրցույթում չի հաղթում, իր հետ խզվում է պայմանագիրը եւ այլեւս չի թույլատրվում, որ նա այդ պաշտոնում աշխատի: Աղմուկը շատ մեծ է: Հունվարի 12-ին ենք եկել աշխատանքի, 3 նման դեպք է եղել: Մեկը՝ Սյունիքի մարզպետարանի վարչության պետ էր, մյուսը՝ Կոտայքի մարզպետարանի վարչության պետ էր, մյուսը՝ նախարարություններից»:

Մենք ճշտեցինք՝ Սուրիկ Խաչատրյանը չմիջամտե՞ց, դժվար թե Սուրիկ Խաչատրյանի կողքին իր մարզպետարանում պատահական մարդ աշխատեր՝ Մանվել Բադալյանը պատասխանեց. «Պատկերացրեք, որ ոչ, չմիջամտեց: Անհամեստություն չանեմ, ես էլ իմ ծննդավայրից բավականին ինքնավստահություն եւ ուժ ստացած անձնավորություն եմ: Իմ ճնշողը այն է, երբ իմ ուսուցիչն է ինձ մի բան խնդրում: Իսկ երբ իմ կոլեգան է ինձ մի բան ասում՝ ես վատ չեմ զգում, ասում եմ՝ ընտրի բարեկիրթ մարդ»:

Մանվել Բադալյանը դժգոհեց գերկուսակցականացումից, ինքնանպատակ կուսակցականացումից, երբ ղեկավարության կամքով, հորդորով քաղաքացիները վաղը այս, մյուս օրը մյուս կուսակցության անդամ են դառնում. «Քաղծառայողներն ապաքաղաքական պետք է լինեն: Քաղաքական գործիչները պիտի գան ու գնան, իսկ պրոֆեսիոնալ հանրային պետական ծառայողները պետք է իրենց գործն անեն: Դա մտահոգիչ երեւույթ էր, որից չգիտեմ երբ ենք ձերբազատվելու: Խոսքը քաղաքական զսպվածության մասին է, որ ղեկավարները չփորձեն այս կամ այն պաշտոնը կոնկրետ մարդու չափանիշներով ձեւեն ու սարքեն»:

Aravot.am-ի հարցին՝ Ձեզ վրա ճնշումներ չկա՞ն, որ այսինչ մարդուն պիտի անցկացնեք եւ ընդհանրապես մրցույթները ձեւական չե՞ն, մենք գիտենք, թե ինչպես են մեր երկրում աշխատանքի տեղավորվում, ամեն մեկը իր մարդուն, իր բարեկամներին է բերում՝ Մանվել Բադալյանը պատասխանեց. «Ես ոչ միայն ուրախացել եմ, երբ մեր տարբեր մրցույթների ժամանակ ԶԼՄ-ներ են եկել, ներկա եղել: Չեմ թաքցրել երբեք, որ տարբեր բարոյական ճնշումներ կարող են լինել: Ես պաշտոնավարում եմ արդեն երրորդ ժամկետով: Եթե այդքան ճնշվելու ենթակա լինեինք, այդ դիմորդներից կրտսերների 20 տոկոսը կանցնեի՞ն»:

Դիտարկմանը, որ գուցե հենց այդ 20 տոկոսի համա՞ր են ասել՝ Մանվել Բադալյանը չհամաձայնեց. «Մեր միջավայրում այդպես լինո՞ւմ է, որ 20 տոկոսի համար խոսացվի»: Մենք ճշտեցինք՝ այսինքն, չի լինում, որ Ձեզ ասեն՝ այսինչ մարդուն անցկացրեք՝ Մանվել Բադալյանը պատասխանեց. «Ցանկություն ունենում են, բայց եթե այդ մարդն անտառաճանաչ է, ի՞նչ է նշանակում այդ մարդուն անցկացնել: Մրցութային հանձնաժողովում երկու հոգի համապատասխան մարմնի աշխատողներ են, երկուսը՝ խորհրդի ներկայացուցիչներ, երկուսը՝ գիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Եթե այս երեք բեւեռների մարդիկ համատեղ պիտի աչք փակեն ինչ-որ բանի վրա, եթե այդ 6 հոգին պիտի գնան նման բաների, կներեք, վերահսկողության առումով ես նաեւ խոցելի եմ դառնում»:

Մանվել Բադալյանն ասաց, որ չի սիրում, երբ 20 տարեկան երիտասարդի «թաթիկից» բռնած՝ բերում են ու ուզում են մի ձեւ անցկացնել: Մեր հարցին՝ եղե՞լ է, երբ բերել են կատարյալ մի անգրագետի ու փորձել են զարտուղի ճանապարհներով անցկացնել՝ նա պատասխանեց, որ դեպքեր են եղել, երբ գնահատվելուց խուսափելու համար դիմում են գրել եւ ազատվել աշխատանքից. «Մեր ականջին հասնում է, որ երբ մարդը գնում է դիմում տա թափուր տեղի համար, նախապես ասում են, որ այդ տեղը զբաղված է: Դա ամենաանբարոյական դեպքերից է: Չի կարող այդպիսի բան լինել: Մենք էլ ենք լսում, դա ծայրահեղ անբարոյականություն ենք գնահատում: Քաղաքացուց բողոք չենք ստանում, որովհետեւ շատ պասիվ են, չեն ուզում իրենց իրավունքները պաշտպանել: Պատերի տակ մի բան են խոսում, բայց երբ պիտի ընթացք տրվի պաշտոնապես՝ չեն պաշտպանում: Դիմում է գրում ու ազատվում, հետո ասում՝ Քաղծառայության խորհուրդը ինձ չպաշտպանեց»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե տարիքով մեծ Երվանդ Զախարյանը կամ Գորիկ Հակոբյանը նորմա՞լ է, որ թոշակառու են, բայց այդ պաշտոններում են: Մանվել Բադալյանը պատասխանեց. «Նրանք քաղաքացիական ծառայողներ չեն, ՀՀ օրենսդրությամբ պաշտոնավարման առավելագույն ժամկետ նրանց համար սահմանված չէ, իսկ քաղծառայողների պաշտոնավարման ժամկետը 65 տարի է, կարող է մեկ տարի երկարաձգվել. «Բացառվում է 65+1-ից թեկուզ մեկ օր ավելի աշխատելը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031