Ըստ շրջանառվող լուրերի՝ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Սահակյանը խմբակցությունից դուրս գալու դիմում է գրել:
Aravot.am-ը խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանից հետաքրքրվեց, թե վերջինս Արմեն Սահակյանից նման դիմում ստացե՞լ է, տիկին Պողոսյանը պատասխանեց՝ ոչ. «Այս պահին ես պաշտոնապես դիմում չեմ ստացել: Խոսակցությունների մակարդակով լսել եմ, բայց հատուկ ընթացակարգ կա, եթե կուսակցությունից դուրս են գալիս, տարածքայինն ավագանուն տեղյակ է պահում»:
Նա հավելեց, որ Արմեն Սահակյանի հետ այդ թեմայի շուրջ խոսակցություն եղել է. «Նա նման մտադրություն ունի, ինձ էլ է տեղյակ պահել, որ ես որոշեմ, բայց որոշելը մի բան է, իրավական հիմք ունենալը՝ մեկ այլ բան»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ