Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագետ. «Հայաստանում գները աճում են ավելի արագ, քան աշխատավարձերը»

Մարտ 09,2015 16:09

Այս տարվա հունվար, փետրվար ամիսներին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա այդ ժամանակահատվածի համեմատ աճել է 104,8 տոկոսով: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հայտնեց, որ սա բավականին բարձր ցուցանիշ է: Սպառման ապրանքների գներն աճել են 105, 3 տոկոսով, պարենային ապրանքներինը՝ 106,2 տոկոսով, ոգելից խմիչքի եւ ծխախոտի գները՝ 103,8 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները՝ 2,3 տոկոսով եւ ծառայություններինը՝ 3,6 տոկոսով:

Տնտեսագետը վստահեցնում է, որ այդ բարձրացումները կարող են տանել բացասական զարգացումների այն պատճառով, որ տնտեսության մեջ աշխատավարձերը չեն աճում ավելի արագ, քան գները:

2010 թվականի հետ համեմատելով՝ սպառողական ապրանքների գները աճել են 27 տոկոսով. «Նշանակում է վերջին հինգ տարվա ընթացքում ստիպված ենք գնել մեկ քառորդով ավելի բարձր: Նման միտումները չեն խոսում տնտեսության մեջ կայունության մասին»:

Տնտեսագետը նաեւ առանձնացրեց ապրանքային մի քանի խումբ, որոնց գները եվրոպական տարածաշրջանում անկում են ապրում, մինչդեռ ասիական տարածքում դրանք աճում են. «Եվրոպայում առկա են դեֆլյացիոն միտումներ, տնտեսական ակտիվության ինդեքսը անկում է ապրում, որն էլ նշանակում է, որ համաշխարհային տնտեսության մեջ աճը դանդաղում է: 2015 թվականի հունվարի դրությամբ, ԱՄՀ տվյալներով՝ պղնձի գները հասել են 2014 թվականի դեկտեմբերի 6400-ից 5800 դոլարին, ալյումինի գները 1900 դոլարից հասել են 1800-ի, նիկելի գինը՝ հազար դոլարով իջնելով, հասել է 14 հազար դոլարի: Այս գնանկումը խոսում է այն մասին, որ համաշխարհային տնտեսության մեջ արդյունաբերությունը մետաղների պահանջարկ չի ներկայացնում»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանից եկող տրանսֆերտների նվազմանը, տնտեսագետը նշեց, որ Ռուսաստանում էլ է կյանքը թանկացել, եւ իրենց խնդիրները հոգալուց բացի ավել գումար չեն կարող օգտագործել. «Նաեւ տնտեսական վիճակի վատթարացման դեպքում առաջինը աշխատանքից ազատում են միգրանտներին, իսկ մենք գիտենք, որ տրանսֆերտներն ապահովվում են հենց միգրացիոն հոսքերի շնորհիվ: Սա կանդրադառնա մեր տնտեսության վրա այնքանով, որ կտանի մոտ 50 տոկոսով գնողունակության անկման»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031