«Տվյալ պարագայում, իմ անձնական որոշումն է, չստանձնել խմբակցության քարտուղարի պարտականությունները: Ես նպատակահարմար չեմ գտնում այս պահին զբաղեցնել այդ պաշտոնը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Հիշեցնենք, նա հրաժարվեց նաեւ ԲՀԿ խոսնակի պաշտոնից:
Խոսակցություններ են շրջանառվում, որ Տիգրան Ուրիխանյանը պատրաստվում է վայր դնել նաեւ մանդատը: Ինքը՝ Տիգրան Ուրիխանյանն առայժմ չի մեկնաբանում այդ լուրերը:
Օրերս ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ խմբակցությունում նոր ղեկավար մարմինների նախնական քննարկում է տեղի ունեցել եւ նախնական արդյունքներով, ԲՀԿ խմբակցության նոր քարտուղարի ամենահավանական թեկնածուն Տիգրան Ուրիխանյանն է: Նրան պաշտոնական առաջարկ, սակայն, չի արվել: ԲՀԿ նոր քարտուղարի հավանական թեկնածուների շարքում Միքայել Մելքումյանն է:
Կարդացեք նաև
Այսօր ԲՀԿ-ն լքելու մասին դիմում է գրել նաեւ Եղեգնաձորի ԲՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Հարությունյանը: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Հարությունյանն ասաց, որ ինքը դեռ կուսակցության համագումարի օրն է գրել իր դիմումը: Այլ մեկնաբանություններից նա հրաժարվեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ