Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի չափ փոքր տարածքում այդքան հանքավայրերի շահագործումը հանցագործություն է» (Տեսանյութ)

Մարտ 09,2015 15:15

ՀՀ անկախության հռչակագրի համաձայն՝ Հայաստանի տարածքում գտնվող ընդերքի պաշարները հանդիսանում են պետության, ժողովրդի սեփականությունը, եւ ժողովուրդն իրավունք ունի տեղեկանալու, թե ով եւ ինչպես է այդ պաշարները օգտագործում: «Նյութ» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադառնալով հանքալեռնային արդյունաբերության շուրջ ծառացած խնդիրներին` այս տեղեկությունը հայտնեց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը:

Հայաստանում հանքավայրերի  շահագործման մասին տեղեկատվություն ստանալու նպատակով բնապահպանական ճակատի անդամները եւ գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը դիմել են էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը տեղեկանալու՝ Հայաստանի տարածքում գործող յուրաքանչյուր մետաղական հանքում ի՞նչ ծավալների հանքանյութ է շահագործվել, ի՞նչ ծավալների մետաղներ եւ հարակից նյութեր են օգտագործվել, ի՞նչ տոկոսներով է դրանց կորզումը կատարվել եւ ի՞նչ արդյունքներ են տվել հաշվարկները: Լեւոն Գալստյանը պատմում է, որ նախարարությունից ինֆորմացիան չեն տվել՝ հիմնավորելով «Ընդերքի մասին» օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ստուգումների մասին օրենքով. «Ըստ իրենց դա պարունակում է երկրաբանական տեղեկություն»:

«Եթե Հայաստանի տարածքում արդեն շահագործված եւ վերամշակված հումքը համարվում է երկրաբանական տեղեկատվություն, ապա անիմաստ է խոսել տեղեկատվության ազատության մասին: Դրանից մենք կարող ենք ենթադրել, թե ինչպես են այդ հանքերը շահագործվում,  եւ ինչ է մնում այդ տարածքներում այդ շահագործումից հետո»,-ասում է Լեւոն Գալստյանը:

Աշխարհագրագետը վստահեցնում է, որ Հայաստանում ոչ ոք տեղեկատվություն չունի, թե 22 պոչամբարներում կուտակված մեկ միլիարդ տոննա թափոններում ինչ վտանգավոր նյութեր են պարունակվում. «Դրան պետք է պետական լուրջ մոտեցում, սակայն պետական մոտեցում չկա, քանի որ այդ ընկերություններին թույլ է տրված ամեն ինչ: Մեր համոզմամբ՝ այն մետաղական հանքավայրերը, որոնք այսօր շահագործվում են, դրանց շահագործման իրավունքը 100 տոկոսով տրված է մասնավորին, եւ հանրության համար նրանց շահույթները փակ են»:

Մանրամասն՝ տեսանյութում

Լեւոն Գալստյանի խոսքով՝ կառավարությունը, փոխանակ ստիպի հանքարդյունաբերող ընկերություններին, որպեսզի պահպանեն բնապահպանական նորմերը, տալիս են եւս 80-ից ավելի հանքավայրերի ուսումնասիրության թույլտվություն՝ նոր հանքավայրեր ստեղծելու նպատակով. «Հայաստանի տարածքում այդքան հանքավայրերի շահագործումը ուղղակի հանցագործություն է հետագա սերունդների համար»:

ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Լիլիթ Սահակյանն էլ ասուլիսին վստահեցրեց, որ Հայաստանի հանքալեռնային արդյունաբերությունն ունի լուրջ խնդիրներ. «Զարմանում եմ այն ձեւակերպման վրա, որ տեղեկատվությունը թաքցնում են, սակայն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է՝ չկա, իսկ ինչն էլ կա՝ օբյեկտիվ չէ»:

Լիլիթ Սահակյանը տեղեկացրեց, որ հանքալեռնային արդյունաբերությունում ռիսկերը գնահատելու համար իրենց կենտրոնը 2005 թվականից հետազոտություններ է իրականացնում հանքալեռնային շրջաններում՝ Քաջարանում, Կապանում, Ալավերդիում, Աղթալայում. «Տաս տարի անցել է, հետազոտությունները շատ մեծ հասարակական հնչեղություն են ձեռք բերել: Բոլոր հետազոտությունների արդյունքները եղել են մտահոգիչ, բայց մենք բացահայտել ենք դրա մասին ՏԻՄ-երին, եւ ստացվել է այնպես, որ նրանք այս խնդիրների լուծման համար անճար են եղել»:

Ուսումնասիրությունների արդյունքում՝ բոլոր հանքալեռնային շրջաններում ծանր մետաղների աղտոտում է հայտնաբերվել, որոնք անցել են սնման շղթա, եւ որոնք լուրջ վտանգ են հանդիսանում հասարակության առողջության համար:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031