ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի թիմի ղեկավար Քրիստիան Աեդոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում Համաշխարհային բանկի իրականացրած ընթացիկ ծրագիրը, ինչպես նաև նոր վարկային ծրագրի մեկնարկի և հիմնախնդիրների շուրջ մի շարք հարցեր:
Նախարարը նշել է, որ կրթության բարեփոխումների շարունակականության գերակայությամբ սահմանվել են որոշակի ուղղություններ, որոնք ներառված են Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրում:
Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել ծրագրի լուսաբանման աշխատանքներին և թափանցիկությանը, կողմերի պատասխանատվությանը` հանրությանը մատչելի դարձնելու, այդ թվում, ծրագրի սոցիալական բաղադրիչը:
Մանրամասնելով նոր վարկային ծրագիրը՝ նախարարը նշել է, որ ՀԲ աջակցությամբ նախ կկահավորվեն և նոր գույքով կապահովվեն ավագ դպրոցները, կստեղծվեն նոր բնագիտական լաբորատորիաներ, ինչպես նաև կվերլուծվեն ու նոր մոտեցում կցուցաբերվի դպրոցական ծրագրերի բովանդակությանը: Նախատեսվում է նաև աջակցություն ցուցաբերել բուհական համակարգի նորարարական նախաձեռնություններին:
Կարդացեք նաև
Հանդիպման մասնակիցները նշել են, որ ավագ դպրոցների հիմնանորոգման ծրագրում ընդգրկված են մոտ երկու տասնյակ դպրոցներ, ծրագիրն արդեն մեկնարկել է. այժմ ընթացքի մեջ են նորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումն ու մրցույթների նախապատրաստական աշխատանքները: Նախարարը ՀԲ ներկայացուցչին առաջարկել է, հաշվի առնելով կառավարության առաջնահերթությունները, դպրոցաշինական ծրագրերի իրագործումն ավելի մեծ տեմպով կազմակերպել՝ հնարավորության դեպքում աշխատանքները սկսելով միաժամանակ ավելի մեծ թվով ավագ դպրոցներում:
Քրիստիան Աեդոն իր հերթին նշել է, որ Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիի և նախարարի ավելի վաղ կայացած հանդիպումը շատ արդյունավետ ընթացք է ստացել, և նախանշվել են մի շարք կարևոր ուղղություններ:
Քրիստին Աեդոն, դրական գնահատելով ընթացիկ ծրագիրը, ընդգծել է, որ համատեղ ջանքերով պետք է անել հնարավորը, որ նոր վարկային ծրագիրը ևս բարձր գնահատականների արժանանա:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի իրագործմանն առնչվող կազմակերպչական մի շարք հարցեր:
ԿԳՆ մամուլի հաղորդագրություն