Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Խուդոյան. Հրանտ Ավանեսյանի ասուլիսի ընթացքում իրականացրած մանիպուլյացիայի և իմ քննադատության դրդապատճառների մասին

Մարտ 09,2015 14:47

Մարտի 4-ին ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը և Ռ. Աղուզումցյանը «Հայացք» մամուլի ակումբում, իմ ասուլիսին ի պատասխան կազմակերպված ասուլիսում, շատ հաջող իրականացրեցին իրենց հերթական մանիպուլյացիոն օպերացիան: Մանիպուլյացիան հետևյալում էր. Ավանեսյանը իմ ասուլիսի ընթացքում ներկայացրած հիմնական պրոբլեմը՝ այն, որ գրագողություն թույլ տված մարդուն չի կարելի գիտական մրցանակներ տալ, դարձրեց երկրորդական, իսկ այն ինչ ինձ մոտ ֆոն էր` իմ կոշտ ելույթը, դարձավ ֆիգուրա, այսինքն հիմնական թեմա և ստացվեց, որ նախանձ, չար գիտնականը քննադատում է բոլորի հաջողությունները: Ըստ որում, չնշվեց, որ ես քննադատել եմ միմիայն գրագողերին:

Չի կարելի այս աստիճան նենգափոխել, թյուրիմացության մեջ մտցնել, կարելի է ասել դեբիլացնել հանրությանը՝ գրագողության դեմ պայքարի երևույթը վերածելով անձնական քինախնդրության, նախանձի  պրոբլեմի:  Լրագրողները, որ կորցրել էին գրագողություն – տվյալ անձանց քննադատություն կապը, անընդհատ փորձում էին հասկանալ, թե՝ լավ ինչու՞ է էս մարդն այսքան տարբեր մարդկանց անընդհատ քննադատում, բայց բանախոսները ուսերն էին թափ տալիս. իբր չեն հասկանում (ինչպես ասեին, որ իրենք գրագող են, դրա համար են քննադատության թիրախում հայտնվել), մնում էր ենթադրել, որ ես ուղղակի նախանձ սրիկա եմ:

Իմ բարձրացրած խնդիրը  նենգափոխելու, գրագողությունը թեման հետին պլան մղելու, անտեսանելի դարձնելու համար սկսեցին կառչել բառերից՝ քրեական, ոչ քրեական հանցագործ, ինչ է դրանից փոխվում, Լիտվայում և Ռուսաստանում այս հանցագործությունը  քրեական է համարվում, Հայաստանում էլ, ինչպես վերջապես պարզեցի, այն   քրեական օրենսգրքով է պատժվում, բոլոր դեպքերում գրագողությունը օրինական վարք չի և եթե այդպես է, ուրեմն հանցագործություն է՝ սա հասարակ տրամաբանություն է: Ահա գրագողության մի քանի բնորոշումներ, որ վերցրել եմ համացանցից. «Գրագողությունը շատ լուրջ հանցագործություն է» (https://www.checkforplagiarism.net/plagiarism-law, https://www.123helpme.com/preview.asp?id=37121), «Ռուսաստանի օրենսդրության համաձայն հեղինակային իրավունքների խախտումը հանցագործություն է» (https://www.prkazan.ru/stat/plagiat.shtml): Վիքիպեդիայի հայերեն տարբերակում ասված է. «Գրագողությունը կամ հեղինակային իրավունքի խախտումը նույնպես համարվում է քրեորեն պատժելի արարք և կարգավորվում է ՀՀ  Քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածով : Այս օրենքով նախատեսվում է մինչև մեկ տարի ազատազրկում https://www.aipa.am/hy/CriminalCode/

Բոլոր դեպքերում  ցանկացած քաղաքակիրթ երկրում գրագողության մեջ բացահայտված գիտնականին երբեք գիտական մրցանակներ, գրանտներ, գիտական պաշտոններ չեն տա, հաճախ ազատում են նաև վարչական պաշտոններից (գրագողության համար պաշտոններից ազատվել են Գերմանիայի լուսավորության և պաշտպանության նախարարները, Ռումինիայի պրեմիեր մինիստրը, հունգարիայի նախագահը, Ռուսաստանի բուհերից մեկի ռեկտորը և այլն, և այլն),   և  եթե իմանան, որ մեր երկրում գրագողերը ամբիոններ են ղեկավարում, պետական մրցանակներ, գրանտներ են ստանում, խորապես կարհամարհեն մեզ:

Ինչո՞ւ ընտրեցի քննադատության այս ձևը՝ մամլո ասուլիս՝ անուններ տալով (եթե հնարավոր լիներ առանց անուններ տալու ասելիքս ասել, այդպես էլ կանեի, բայց այդ դեպքում վերացական և անիմաստ խոսակցություն կստացվեր՝ կկասկածեին նաև մնացած գիտնականներին), կոշտ արտահայտություններով, հուզական: Նախ, իրադարձությունն աննախադեպ էր՝ գիտական ամենաբարձր պատիվ էր տրվում գրագողերին, բոլոր մնացած ձևերն իմ հնգամյա պայքարի ընթացքում փորձել էի, բացի այդ, անհրաժեշտ էր հուզական լիցք հաղորդել ինֆորմացիային՝ առավելագույն ուշադրություն ապահովելու համար, պետք էր  անել այնպես, որ անպայման հակազդեին այդ ասուլիսին (ինչը, կարծում եմ, հաջողվեց): Այս ձևի պատճառով անշուշտ կոնկրետ մարդիկ խայտառակ եղան (նրանց անձերով չէր պայմանավորված քննադատությունը, այլ աննախադեպ իրադարձությամբ. իմ հարազատը լիներ նույն կարգավիճակում՝ նույն բախտին կարժանանար), խոր ցավ ապրեցին, բայց թող չմտածեն, թե ես  ավելի քիչ ցավ ապրեցի, էլ չեմ խոսում այն հիասթափության մասին, որ ունեցա մեր ղեկավար այրերի գիտության ոլորտում վարած  քաղաքականության հետևանքով: Հիասթափությունս այնքան մեծ էր, որ առաջին անգամ լրջորեն սկսեցի մտածել երկրից հեռանալու մասին: Փաստորեն գիտության զարգացմանը նպաստելուն և մաքրության պաշտպանությանը կոչված կառույցները չեն պատկերացնում գրագողության չարիքը, ոչ միայն չեն պատժում, այլև խրախուսում են գրագողերին:

Հարգելիներս, հիշեք, այնտեղ, որտեղ կա գրագողություն գիտությունը մեռնում է, ստեղծագործության փոխարեն թարգմանչությունն է ծաղկում, գիտական պաշտոն զբաղեցնող ամեն մի գրագող գիտնական իր հետևից տասնյակ իր նմաններին է բերում:

Իմ քննադատության դրդապատճառների  և պարոն Ավանեսյանի «խիստ կորեկտ» ակնարկի՝ հոգեբույժի կարիքի  մասին (իհարկե, խիստ կասկածում եմ, որ Ավանեսյանը հստակ տարբերակի գիտական, հոգեբանական և հոգեբուժական պրոբլեմները կամ համապատասխան մասնագետների ֆունկցիաների տարբերությունը).  հենց միայն այն, որ իմ քննադատությանն են արժանանում գրագողություն կատարած միանգամայն տարբեր մարդիկ՝ անկախ տարիքից, սեռից, դիրքից, վկայում է այն մասին, որ պայքարը գնում է երևույթի, և ոչ թե անձի դեմ (հնարավոր չէ բոլորին նախանձել): Պարոն Ավանեսյանը ոչ մի կերպ չի ուզում հասկանալ, որ կան մարդիկ, ովքեր կարող են պայքարել երևույթների դեմ՝ նույնիսկ զոհաբերելով անձնական շահը: Այդ մարդիկ միանգամայն նորմալ են՝ հոգեբույժի կարիք չունեն, հասարակության մեջ բավական շատ են, իհարկե զգալիորեն զիջում են միայն իրենց կաշվի մասին մտածող, ամբողջ աշխարհի՝ ազգի, գիտության, արդարության վրա թքած ունեցողներին:

Վերջում ասեմ, որ ցավում եմ, որ մեր ոլորտի գիտական հանրության, այդ թվում նաև երիտասարդների մի ստվար զանգված խիստ բացասաբար է ընկալում և գնահատում գրագողության դեմ պայքարին ուղղված իմ  գործունեությունը, և հակառակը, նրանք միանգամայն նորմալ են ընկալում գրագողության երևույթը, իրենք էլ հաճախ են խախտում հեղինակային իրավունքները: Ոչ մի իսկական գիտնական երբեք նորմալ բան չի համարի գրագողությունը, իսկ իմ պայքարը կընկալի որպես չափազանց կարևոր մի բան (շատերն այն հերոսություն են համարում, անձնազոհություն): Ինչևէ, որոշել եմ էլ  չխոսել այս թեմայով (եթե իհարկե ինձ չխնդրեն կամ պրովոկացիայի չենթարկեն), ամեն ինչ, բոլոր տարբերակներով ասել եմ, գնդակն ուղարկել եմ գիտության ոլորտի պատասխանատուների դաշտը:

Հինգ տարվա ընթացքում իմ առողջության, ժամանակի, թշնամիներ ձեռք բերելու հաշվին  ես արեցի ամեն ինչ, ինչ կարող էի, արդյունքներ, իհարկե, կան (օրինակ՝ բոհը ստուգում է ատենախոսություններում առկա գրագողությունը, որոշ չափով նվազել է գրագողությունը, վերջին ասուլիսներն էլ կարծում հզոր դաս կլինեն երիտասարդների համար՝ չընտրելու գրագողության ուղին),  բայց դրանք շատ քիչ են, ավելիին կարող ենք հասնել միայն,  եթե գիտության ոլորտի պատասխանատուները սկսեն պայքարել գրագողության դեմ, հետևեն Լիլիթ Արզումանյանին, ով  միայնակ, ընդամենը մի քանի աշխատակիցներով չի կարող նման մեծ չարիքը  վերացնել:

P. S.  Որոշ մարդիկ այն կարծիքին են, թե հոգեբաններին պատիվ չի բերում նման պայքարը, կռիվները, քննադատությունները: Ասեմ, որ ճիշտ հակառակը՝ մեծ պատիվ է բերում, Հայաստանում սա այն եզակի գիտություններից է, որտեղ կա  պայքար գրագողության դեմ, ինքնամաքրման ձգտում՝ չնայած բազմաթիվ գիտություններում  է    գրագողությունը  ծաղկում ապրում:

Սամվել Խուդոյան

Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031