Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ իրավունք ունի Սերժ Սարգսյանը որոշի՝ ով պետք է լինի դաշտում, ով՝ ոչ

Մարտ 09,2015 14:25

«Պարզ երեւում է, որ ԲՀԿ-ն այն ուժը չի կարող ունենալ, ինչ մինչ այսօր ուներ: Ամենայն հավանականությամբ, նրանք տեղ կունենան իրենց համապատասխան ընդդիմադիր դաշտում: Ընդդիմությունը բոլոր ժամանակներում անհրաժեշտ է, առավել եւս այն ընդդիմությունը, որ դուշմանի նման չի, կառուցողական առաջարկներ է անում՝ երկրում անելիքների հետ կապված: Ընդդիմությունը լուրջ անելիք ունի»,- այսօր «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նա վստահեցրեց, որ նորացված ԲՀԿ-ն իրենց ջրաղացին ջուր չի լցնելու:

Հարցին՝ հիմա, երբ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ քաղաքական դաշտից, այլեւս դաշտը տգետներից մաքրվե՞ց՝ Մկրտիչ Մինասյանը վստահեցրեց, որ դա վերաբերում է բոլորին՝ ե՛ւ ընդդիմությանը, ե՛ւ իշխանությանը. «Բարեկրթություն պետք է լինի»:

Գուրգեն Եղիազարյանը վիճեց նրա հետ. «Խնդիրն այն է, որ ոչ ոք իրավունք չունի որոշի, թե ով պետք է լինի քաղաքականության մեջ, ով չպետք է լինի»:

«Ո՞նց իրավունք չունի, նա երկրի ղեկավարն է, ո՞նց չունի: Դու քո կարծիքն այստեղ իրավունք ունես ասելու, նա՝ չէ՞: Դա քո կարծիքն է»,- հակադարձեց Մկրտիչ Մինասյանը:

Գուրգեն Եղիազարյանը չհամաձայնեց՝ նա թող ասի ձեզ, իր թիմում, բայց ոչ նման հայտարարություն անի ու որոշի. «Հանցագործը, կրկնահանցագործը կարող է քաղաքականությամբ զբաղվի, իսկ մարդը, որը չի կարդացել «Վարդանանքը», չպիտի՞ զբաղվի: Հիմա մարդուն նորից ասում եք՝ պարոն Ծառուկյան: Ասենք, Կենտրոնն էլ փակեցիք, էլ ոչ մի բանի մասին ցույց չի տա, հետո՞»:

Մկրտիչ Մինասյանի խոսքերով՝ «Կենտրոնը» փակված չի, գործում է:

Հարցին՝ որո՞նք են չափանիշները, ո՞վ պետք է զբաղվի քաղաքականությամբ, ո՞վ է դրան առավել համապատասխանում՝ Մհեր Սեդրակյանը, Առաքել Մովսիսյանը, Սամվել Ալեքսանյանը՝ Մկրտիչ Մինասյանը պատասխանեց, որ եթե դուք անուններ տվեցիք, այդ նույն տիպի անուններ ԲՀԿ-ում էլ կան: Չափանիշները գործում են բոլորի համար:

Ըստ Գուրգեն Եղիազարյանի, ԲՀԿ-ն այս ամեն ինչից դուրս կգա մաքրված, պարզված. «Ինձ չի թվում, որ նրանք կլինեն գրպանային ընդդիմություն: Նրանք իրոք կլինեն ընդդիմություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031