Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ալի Աբասովին հարցրինք՝ շուրջ 20 տարի միջազգային միջնորդներ են ընդգրկված ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, միջնորդներն ավելի շատ օգնո՞ւմ, թե՞ խանգարում են հակամարտության լուծմանը: Նա ասաց. «Վերջին 2 տարում նրանք ասում են, որ սպասում են նախագահների առաջարկություններին, ովքեր իրար հետ բանակցում են: Այն տարբերակները, որ իրենք առաջարկում էին, սպառվել են: Այդ պատճառով նրանք միջնորդական գործառույթ են կատարում՝ կողմերի առաջարկություններն իրար փոխանցելով: Գուցե ժամանակ կգա,երբ միջնորդների իրավասությունները կամ աշխատանքը կավելանա, սակայն այժմ տեսնում եք, որ Մինսկի խումբը փաստորեն անգործ է»:
Ա. Աբասովին հարցրինք՝ մոտ ապագայում Ղարաբաղի խնդիրը կլուծվի՞: Նա հայտնեց.
«Առաջին հերթին՝ ինչ-որ մեկը պետք է խախտի ստատուս-քվոն: Նկատի ունեմ մեծ երկրներին, որոնք այստեղ շահեր ունեն, եթե նրանք շահագրգիռ դառնան: Ոնց որ ժամանակին ԱՄՆ-ը ցանկանում էր պատերազմ սկսել Իրանի դեմ, օգտագործելով Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքը: Այսպիսի արտառոց իրադարձությունների դեպքում: Երկրորդ՝ Ռուսաստանը փորձում է նոր միություն ստեղծել,Եվրասիական միությանը Հարավային Կովկասի երկրների վերաբերմունքը եւս կարող նշանակություն ունենալ: Այսինքն՝ եթե Հայաստանը եւ Ադրբեջանը անվտանգության միասնական համակարգ մտնեն, հիմնահարցի ինչ-որ լուծում կարող է գտնվել»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ