«Կրիմինալ խժդժությունների զարգացումը լինելու է առավել թափով: Սկզբում երկրորդական դեմքերի են խփելու, որովհետեւ ռեսուրսը սահմանափակվել է»,- այսօր «Հայելի» ակումբում խոսելով օրը ցերեկով փոխհրաձգության, կրիմինալ աշխարհի վերջին դեպքերի մասին՝ այսպիսի կարծիք հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանըւ
Անդրադառնալով նոր ԲՀԿ-ի կազմավորմանը, Անուշ Սեդրակյանն ասաց. «Առաջին անգամ նման խոշոր կուսակցության նախագահը կին է, եւ դա արդեն դրական է»:
Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ՝ ԲՀԿ-ն վերադարձվեց 2007-ի «ռելսերի» վրա. «ԲՀԿ-ն ստեղծվել էր՝ քաղաքական դաշտում ունենալու այն ընտրազանգվածը, որը ՀՀԿ-ին ձայն չէր տալու: Այդ կուսակցությունը պայմանավորված, թույլատրելի մեծությամբ պիտի զբաղեցներ այդ անկայուն էլեկտորատին, որը գաղափարական հենք չունի: Այս տարի ԲՀԿ ղեկավարը հայտ ներկայացրեց, որ ինքը ուզում է պրոյեկտ լինելու փուլից դուրս գալ եւ լինել սուբյեկտ: Դա չէր կարող ներվել եւ ինչ տեղի ունեցավ, այսպիսին էր՝ Գագիկ Ծառուկյան, դա ձեր կուսակցությունը չի, դուրս եկեք: Որքան էլ թվա, որ ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանինն է, դա այդպես չէ»:
Ըստ նրա, իշխանությունը հաղթել է մի բանում՝ ստեղծել է Գագիկ Ծառուկյանի նախադեպ՝ վախեցնելու բոլոր օլիգարխների աչքը: Հիմա Սերժ Սարգսյանի առաջ մի մարտահրավեր կա՝ ինչ անել իր թիմի տգետների հետ: Եթե մի նախադեպ է կիրառվում, դա պետք է արվի բոլորի նկատմամբ, չի կարող երկակի չափանիշ գործել:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ անընդհատ ընդդիմությունը խոսել է, որ իշխական բուրգը ճաքեր է տվել, բեկորներ են պոկվել, փլուզվում է եւ այլն, բայց փաստացիորեն, փլուզվում է ընդդիմությունը, ըստ Ձեզ, կա՞ արտահերթ ընտրությունների հնարավորություն եւ հնարավո՞ր է իշխանական բուրգն իսկապես փլուզվի՝ Անուշ Սեդրակյանը պատասխանեց. «Բուրգը կարող է չփլուզվել, բայց կարող է այլափոխվել: Սնուցման աղբյուրները հանգամանքների բերումով փլուզվում են: ԲՀԿ-ն ինչքան ուժեղ կլիներ, եթե ՀՀԿ-ի հետ հարաբերությունները չփչացներ: Բայց առաջանում է կոնֆլիկտ եւ առաջանում է ճաք, արդյունքում՝ դաշտը մաքրվում է»:
Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ փետրվարին երեւաց՝ ով ով է, նրանք մի կողմ դրեցին իրենց համար գրված տեքստերն ու ներկայացան հասարակությանն իրենց ողջ պերճանքով ու թշվառությամբ. «Ինչ վերաբերում է բուրգի փլուզմանը, իշխանական բուրգը ցնցումներ է ստացել ներքին խնդիրների արդյունքում: Միշտ հարվածներ է ստացել եւ բուրգը թուլացել է, բայց դա չի նշանակում, որ իշխանափոխություն կարող է բերել: Բայց իրենք իրար հետ կռվում են, կշտամբում են, այդ ամենին հասարակությունն անհաղորդ է»:
Մեր հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է ձեւավորվի ինստիտուցիոնալ ընդդիմություն, որ թիմեր են պետք, ոչ թե լիդերներ, համաձա՞յն եք՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Ի՞ նչ ասել է ինստիտուցիոնալ ընդդիմություն: Իսկ կա՞ մի բան, որ ինստիտուցիոնալ չպիտի լինի: Բառի ընտրությունը հաջող չի: Նիկոլը խոսում է նրա մասին, որ ոչ թե լինի հրապարակ, հավաքվեն,այլ լինեն կառույցներ»:
Ըստ Անուշ Սեդրակյանի, հայաստանյան իրականության պարագայում դա անհնարին է, լիդերներ են առաջ գալու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ