Նախանձ մարդիկ մշտապես բողոքում են «անարդարությունից»
Անառակ որդու վերադարձի աստվածաշնչյան առակը բազմիցս ծաղրի է ենթարկվել ժամանակակից լրագրության մեջ: Դրա աղավաղված սյուժեն սովորաբար ներկայացվում է այսպես. ինչ-որ մեկը, ասենք, իր կուսակցությունից գնացել է մեկ այլ կուսակցություն, հետո վերադարձել է հարազատ քաղաքական միջավայր, եւ վերջինիս կուսակցապետը նրան ներել է: Սուրբ գրքի պատմության հետ զուգահեռը, կարծում եմ, այնքան էլ կիրառելի չէ, որովհետեւ, մասնավորապես, այս պատմության մեջ խոսքն անկեղծ, անշահախնդիր ապաշխարանքի եւ նույնքան անկեղծ ներման մասին է եւ ոչ թե քաղաքական կամ տնտեսական շահերի:
Բայց այս առակում կա եւս մի կերպար՝ ավագ եղբայրը, որն ի տարբերություն «անառակ որդու»՝ իր եղբոր բացակայության ժամանակ դրսեւորել է օրինակելի վարք (կամ կարծում է, թե դրսեւորել է), եւ հիմա նեղվում է, թե մեղքեր գործած իր բարեկամին ինչո՞ւ են այդքան հեշտ ներում շնորհել: «Չէ՞ որ ես այդքան լավն եմ,- մտածում է այդ «օրինակելի» եղբայրը,- ինչու այդ անառակը պետք է ունենա նույն արտոնությունները, որոնք ունեմ ես: Այս ի՛նչ անարդարություն է»: Եթե նա այդպես է մտածում, ուրեմն նրա նախկին «ճիշտ վարքն» այնքան էլ անկեղծ չէր եւ հաշվարկված էր փոխհատուցում ստանալու համար: Իսկ երբ մարդն իր կարգավիճակը համեմատում է մեկ այլ մարդու կարգավիճակի հետ եւ նեղվում է այդ համեմատությունից, դա ունի մի անուն՝ նախանձ:
7 մահացու մեղքերից մեկը սերտորեն շաղկապված է մյուսների հետ, որովհետեւ, օրինակ, հպարտությունը թույլ չի տալիս մարդուն հանդուրժել, որ որեւէ մեկն իրեն հավասար լինի կամ իրենից լավը, իսկ ծուլությունը, ինչպես որ մենք հեշտությամբ կարող ենք նկատել մեր այսօրվա կյանքում, բերում է նրան, որ մատը մատին չխփած եւ այդ պատճառով կյանքում որեւէ բանի չհասած մարդիկ նախանձում են նրանց, ովքեր ինչ-որ բանի հասել են: Մինչդեռ, վստահ եմ, սեփական հաջողության բանալին ուրիշների հաջողությունը փառաբանելու մեջ է:
8-րդ դարի քրիստոնյա մտածող Հովհան Դամասկոսցին գրում էր, որ նախանձը տհաճության զգացողություն է, որը մարդն ապրում է ուրիշների բարիքների հետ կապված, իսկ կարեկցանքը տհաճության զգացում է ուրիշների դժբախտությունների առթիվ: Այդ առումով, իհարկե, զանգվածային լրատվամիջոցները, իսկ վերջին տասնամյակում հատկապես համացանցը այս մեղքի համար լայն ասպարեզ են բացել: Ցանկացած գեղեցիկ կին, ցանկացած հաջողակ արվեստագետ կամ գործարար զանգվածային հարձակման թիրախ է դառնում, որի ընթացքում մեկնաբանողներն ու տարածողները հագուրդ են տալիս իրենց ոչ այնքան գեղեցիկ կրքերին: Ամբոխին միշտ դուր է եկել իջեցնել պատվանդաններից հաջողակ մարդկանց եւ նրանց ցեխի մեջ կոխել: Պարզապես վիրտուալ դաշտը այդ դարավոր ցանկությունը դարձրել է ակներեւ, եւ որեւէ մարդ, որը 10 րոպեից ավելի է մխրճվում համացանցային բամբասանքների մեջ, կարող է լուրջ հոգեբանական վնասվածք ստանալ:
Ավելին՝ ինձ թվում է, որ իրավացի էր քրիստոնյա վարդապետը, որից մեջբերում եմ արել՝ հակադրելով նախանձն ու կարեկցանքը: Ճիշտ այնպես, ինչպես ամբոխը նախանձում է հաջողակներին, նույն ձեւով էլ չի կարեկցում փորձանքի մեջ ընկած մարդկանց: Հենց այդ է պատճառը, որ հեռուստատեսությամբ եւ համացանցում ամենալավը «վաճառվում են» լուրերը վթարների, աղետների, հանցագործությունների ու պատերազմների մասին: Մարդիկ, որոնք դրանք այդքան սիրում են, կարող է, իհարկե, ձեւի համար ասեն՝ «վայ-վայ-վայ, էս ինչ է կատարվում», բայց ներքուստ ուրախանում են, որ դա իրենց հետ չի պատահել:
Նախանձն, իհարկե, գոյություն ունի նաեւ «ազգային մակարդակով»: «Վայ, էս ի՛նչ ազգ ենք, էս ի՛նչ անիծված երկիր է, երանի՛ ֆրանսիացի կամ չինացի լինեինք»: Կամ՝ «Էս Անգլիայի թագուհին ինչո՞ւ Թուրքիա գնաց՝ փոխանակ Հայաստան գար: Հա՛, պարզ է, թուրքերը նրան կաշառել են»: Ամեն վայրկյան ուրիշի հետ համեմատվելը եւ այդ պատճառով «դարդ անելը» թե՛ անհատին եւ թե՛ ազգին շեղում է իր հիմնական գործից, իր վրա աշխատելուց: Ուրիշների փորձին, իհարկե, պետք է ծանոթանալ, բայց՝ որպես դաս, որպես օրինակ, որպես կողմնորոշիչ, բայց երբեք ոչ՝ որպես նախանձի առարկա:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.03.2015
Դե ամբողջ օրը փառաբանեք Սուրեն Խաչատրյանին։
Այդ մարդը բավարարում է ձեր բոլոր չափանիշներին…
Հաջողության է հասել, դիրք և հարստություն ունի, գիտությունների դոկտոր է ..))).. Ինչու եք այդ մարդու մասին վատ-վատ բաներ գրում? Չլինի նախանձում եք?..)))..
Իսկականից զարմանում եմ … գրել եք պրիմիտիվ բաներ, որ միշտ այդպես է եղել, որի մեջ ոչ մի սարսափելի բան չկա, ու մի տեռորի մեջ եք ընկել, թե ունց կարելի է այդպես ապրել..)))..
Ւնչ է՝ նորություն էր, թե շատ ահավոր, որ մարդիկ երբ որևէ աղետ են տեսնում, մարդկային զոհերով՝, որպես առաջին ենթագիտակցական ռեակցիա՝ ուրախանում են, որ դա իրենց հետ չի պատահել?
(Դուք թաղմումներին չվերահսկվող ծիծաղելու ցանկություն չեք ունեցել? ..))).. Թաղմում գնալը շատ հաճելի է, (եթե մարդը մտերիմ չէ) մենակ են միտքը, որ սեղանին պառկածը դու չես, չնայած կարող էիր և դու լինել՝ արդեն ապրելու ստիմուլ է)։
Բոլոր տեսակի պատերազմներից և բնական աղետներից հետո, տվյալ շրջանում՝ ծնելիության զգալի աճ է արձանագրվում… (Ուռ՛ա, ես չեն մեռել՝ ստիմուլն է)։
Եթե դուք ձեզ համարում եք էլիտա՝,ընդունեք մարդուն ինչպես որ կա, և սիստեմը կարգավորեք, ոչ թե սիստեմը թողեք անփոփոխ և մարդուն կարգավորեք… թե չէ, ձեր մոտ ստացվում է, որ սիստեմը իդեալական է, բայց եղած «մարդկային նյութը» դրան անարժան…
Եթե նույն տրամաբանության մեջ մնաք, հաջորդ քայլոց ստիպված եք լինելու մի երկաթե ձող էլ դուք վերցնեք և իջնեք փողոց, ոստիկանների հետ միասին՝ մարդկանց ծեծելու…
Պարզվում է,եթե 8-րդ դարի քրիստոնյա վարդապետը ասած չլիներ մենք չեինք հասկանա նախանձն ու կարեկցանքի տարբերությունը 🙂
Նախանձը՝ դա երբ հարևանի այգու բերքը ավելի առատ է և դու նախանձումես, իսկ երբ գործարանը, որտեղ դու տարիներով աշխատելես, ինչ որ մեկը (որը լավ քավոր-խնամի ունի) վերցնում է, մարդկանց դուրս շպրտում դարձնելով գործազուրկ,հետո էլ միլիոներով վաճառում և հարստանում,իսկ մարդիկ բողոքում են անարդարությունից,պարզվում է ձեր մտածելակերպով նրանք նախանձ են: 🙂
Հոդվածի հեղինակը միանգամայն իրավացի է, ես համամիտ եմ հարգելի Արամին: