Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ էին բերում ՀՀ կառավարության անդամներն ու նրանց տիկնայք՝ Չինաստանից

Մարտ 09,2015 15:30

Հայկական ավիացիայի պատմությունը՝ գրքում

«Ի՞նչ ես, արա, անուններ տալիս»,- նման հարցադրումներ էին հնչեցրել Արտաշես Եփրեմյանին ծեծի ենթարկողները: Դեպքը տեղի է ունեցել 2013 թվականին, Անգլիական դպրոցի մոտ, հենց դպրոցի բակում, երեխաների աչքի առաջ: Հանդիպակաց մեքենաներն ուղղակի կտրել էին Արտաշես Եփրեմյանի մեքենայի ճանապարհը, նրան դուրս հանել մեքենայից, ծեծել, ապա մեքենան ոտքերի վրայով քշել ու անցել: Այս ամենն արվել էր նրան վախեցնելու համար, մեկ էլ՝ մեքենայից նրա սեւագիր գրառումները վերցնելու: Արտաշես Եփրեմյանն օդաչու է, մինչեւ 2004-ը «Հայկական ավիաուղիներ» ընկերության արհմիության նախագահն է եղել: Ասում է, որ այդ ընթացքում էլ, դրանից հետո էլ «բավական փաստեր» է հաջողել ձեռք բերել այն մասին, թե ինչու, ինչպես, ում «օգնությամբ» քանդվեց հայկական ավիացիան: Որոշել էր դրանք ամբողջացնել ու գիրք հրատարակել: «Ես ոստիկանությունում ասացի, թե ինչ մեքենայով էին ինձ վրա հարձակվել, ինչ համարներ էին, քննիչները լավ էլ գիտեին, թե ովքեր են, բայց դեռ մի բան էլ ինձ պարսավանքի ենթարկեցին դատաբժշկի մոտ այցելելու համար: Եթե զրպարտում եմ, դատեք, ինչի՞ եք հաշիվ մաքրում: Ոստիկանները առավոտյան 6-ին ներխուժեցին իմ բնակարան, ինձ տարան 6-րդ վարչություն…»,- «Առավոտի» հետ զրույցում ոչ վաղ անցյալի իրադարձությունները հիշեց Արտաշես Եփրեմյանը: Բարեբախտաբար, մեքենայից գողացված սեւագրերի մի օրինակն ընկել էր անկյունում ու մնացել: Մեր զրուցակիցը, ով այդ իրադարձություններից հետո ժամանակավորապես տեղափոխվել է Գերմանիա, այժմ վերջնական տեսքի է բերում իր գրառումները: Առաջիկա ամիսներին գիրքն, այնուհանդերձ, լույս կտեսնի:

Գրքում կներկայացվի հայկական նորանկախ պետության ավիացիայի ողջ պատմությունը: Արտաշես Եփրեմյանը խոստանում է գրքում հրատարակել մինչ օրս մամուլում տեղ չգտած փաստեր այն մասին, թե ինչպես ու ինչու 1992 թվականին վարչապետ Խոսրով Հարությունյանի աշխատասենյակում «ձերբակալվեցին» ՀԱՈւ-ի կարգավորող խորհրդի անդամ օդաչուները՝ խորհրդի նախագահ Դմիտրի Ադբաշյանի գլխավորությամբ, ինչ «ներդրում» ունեցան ՀԱՈՒ-ի ճակատագրում Վիգեն Չիթեջյանն ու Շահեն Պետրոսյանը: «Լեւոն Տեր-Պետրոսյանը դրեց ավիացիան քանդելու հիմքը»,- վստահ է մեր զրուցակիցը. «Հայկական ավիաուղիներն» այդ խառը ժամանակահատվածում պետք է իր գոյությունը պահպաներ: Այն բավական եկամտաբեր, այդ իմաստով նաեւ գայթակղիչ էր, քանի որ ցամաքային կապ չունեինք: Մեր առաջարկած ծրագիրը մերժեցին, ու այդտեղից սկսվեց ավիացիայի հետ տաքսու պես վերաբերվելու գործընթացը: Բայց ավիացիայի կարգուկանոնը, կանոնադրությունն ուրիշ են, օդաչուն հասարակ մասնագիտություն չի: Մեկ օդաչու պատրաստելու համար այսօր 250-300 հազար դոլար գումար է պահանջվում, մենք 450 օդաչու ունեինք, հիմա մեկը չունենք, դպրոց էլ չունենք, արդեն ինքնաթիռ չունենք: Մինչդեռ տարածաշրջանում մեր ավիացիան կարող էր ամենահզորը լինել թե արհեստավարժ մասնագետներով, թե աշխարհագրական դիրքով: Հետո դրա համ ու հոտը զգացին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու ամենատարբեր հանցագործ կլաններ՝ բիզնեսմենի անվան տակ սկսեցին ձեռքները երկարացնել դեպի ավիացիա: Գագիկ Ծառուկյանը վերցրեց ավիասպասարկման ոլորտը, բայց Ռոբերտ Քոչարյանի եղբոր աղջկա շահերն էր սպասարկում: Բերեցին Էռնեկյանին՝ 250 կմ շառավղով այլ օդանավակայանների սպասարկումն արգելող մենաշնորհային օրենքն էլ հետը: Նա Հայաստանում ներդրում չի արել, Հայաստան մտած փողի 0,1 տոկոսը ցույց է տվել, մնացածն իրեն է վերցրել»:

Իր գրքում Արտաշես Եփրեմյանը խոստանում է մանրամասն եւ փաստարկված ներկայացնել, թե ինչպես Դավիթ Հարությունյանը եղբոր հետ միասին «կազմալուծեցին ՀԱՈՒ-ն»՝ այն սնանկ ճանաչելու միտումով: Ինչպես 2004-ին պայմանագիր կնքեցին Միքայել Բաղդասարովի հետ, ապա ամբողջ շուկան տվեցին նրան: «ՀԱՈՒ-ի ունեցվածքը՝ շուկան, ավտոպարկը, չվերթները, գծերը, գրասենյակները եթե աճուրդի դնեին, այն ժամանակվա գներով 600 միլիոն դոլար կարժենար: Բաղդասարովն էլ բախտորոշ պայմանագիր կնքեց «Սիբիր ավիայի» հետ՝ 25 տարով ՀԱՈՒ-ի տարածքը համատեղ շահագործելու մասին: «Սիբիր ավիայի» հետ 3-4 տարի հայկական շուկայում աշխատեց, կաթսայում եղած գումարը վերցրեց, իր կադրերին պատրաստեց ու հայկական շուկայից դուրս եկավ: Բաղդասարովը մոնոպոլ մնաց հայկական շուկայի տեր ու տիրականը ու սկսեց չվերթները վաճառել ռուսական ավիաընկերություններին՝ յուրաքանչյուր չվերթի դիմաց 11-20 աթոռ տոմսի գին ստանալով: Ստացվում է՝ օդից փող առնել: Հետո վարձակալությամբ ինքնաթիռներ բերեց՝ ձեւակերպելով իրեն պատկանող ՍՊԸ-ի անունով:

Ստացվեց, որ իրեն պատկանող մի ՍՊԸ-ն վարձակալությամբ ինքնաթիռ է տալիս մյուսին՝ աստղաբաշխական գումարներ արժեցնելով «Արմավիային»: Այդ գումարները օդաչուների աշխատավարձերը չտալով՝ Բաղդասարովը գնացել Բուխարեստում ընկերություն է բացել՝ աշխատում է, մինչ օրս որեւէ պատասխանատվություն էլ չի կրել»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով. «Բայց աբսուրդն այն է, որ 2004-ից մինչեւ հիմա ՀԱՈՒ-ն չեն կարողանում սնանկ ճանաչել, քանի որ ՀԱՈՒ-ի գույքը մինչեւ հիմա դեռ վաճառում են: Գերմանիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Մոսկվայում, ՌԴ տարբեր քաղաքներում, Լոնդոնում, Բեյրությում, Հունաստանում սեփական գրասենյակներն ու գույքն ուներ: ՀԱՈՒ-ին պատկանող Սեւանի ափի հողակտորները, Ծաղկաձորի հանգստյան տունը՝ ո՞նց կոպեկներով վաճառվեցին, ի՞նչ եղան դրանք՝ ոչ ոք չիմացավ»: Նա հիշում է, որ 2005-ին ԱԺ-ում լսումներ էին՝ «Հայկական ավիաուղիները» լուծարելու համար, ելույթ ունեցողներից մեկն էլ ինքն է եղել: Նա ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանին փոխանցել է ՀԱՈՒ-ի վերականգնման պլանը: Մարգարյանն ու ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը խոստացել էին քննարկել, բայց էդպես էլ արձագանք չի եղել:

Արտաշես Եփրեմյանն իր գրքում կպատմի, թե ինչպես են ՀՀ կառավարության անդամներն ու նրանց կանայք ՏՈՒ-134-ով Չինաստան մեկնում՝ գործուղման, ու ամբողջ ինքնաթիռն իրենց իրերն էին բարձած վերադառնում, որոնք, բնականաբար, Հայաստան էին մտնում առանց հարկման: Կպատմի Հնդկաստանի հայտնի «բրիլիանտի ու ադամանդի» չվերթի մասին, թե ինչպե՞ս էր ԻԼ-86-ը մեկնել Սինգապուր, այդտեղից որեւէ չվերթ չէր իրականացրել, բայց Երեւան վերադառնալուց հետո պարզվել էր, որ 12-ից ավելի չվերթներ էր իրականացրել: «Ինչպե՞ս էին թռիչք կատարել ու ջնջել՝ պատասխանն արդեն տրանսպորտի դատախազությունը պիտի տա»,- ասում է մեր զրուցակիցը: Նա կներկայացնի Սոչիում, Կոնգոյում ընկած հայկական ինքնաթիռների ճակատագրի սեփական՝ մասնագիտական մոտեցումները. «Մինչեւ վերջ շահագործեցին, վրան ոչ մի տեխսպասարկում չկատարեցին, քամում են մինչեւ վերջին կաթիլը: Հայաստանում ավիացիա չկա, տոմսերի շուկայում էլ բեսպրեդել է, տոմսերի գների 30 տոկոսն ուռճացված է, որովհետեւ ավիացիայում գող-ավազակներ են մտել»:

Մի բանում նա վստահ է՝ եթե «Էյր Արմենիան», որը ձեւավորել էին ՀԱՈՒ-ի նախկին տնօրեն Արսեն Ավետիսյանը եւ Դավիթ Հարությունյանի եղբայր Վահան Հարությունյանը՝ ՀԱՈՒ-ի մնացորդ գույքից, ԱՆ-12, ԱՆ-24-ից, թույլ տային աշխատել, հիմա ավելի բարվոք վիճակ կլիներ: Հիշեցնենք, այդ ընկերությունը միայն բեռնափոխադրող չվերթներ էր կատարում, հայտ ներկայացրեց մարդատար չվերթների շուկա մտնելու համար, բայց Հայաստանում հայտարարվեց «բաց երկնքի» քաղաքականություն: Արտաշես Եփրեմյանը կարծում է, որ դա սխալ է. «Հայաստանում կարծես կա մարդկանց խումբ, որոնք հատուկ ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանը ազգային փոխադրող չունենա: Եթե թույլ տային, որ «Էյր Արմենիան» մնար, այսօր արդեն արդյունքներ կլինեին: Դա նաեւ ռազմական ու ռազմավարական նշանակության հարց է, հայկական ավիացիան ղարաբաղյան պատերազմի, երկրաշարժի ժամանակ մեծ դեր է խաղացել»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031