Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պետք է պարտվող գործչի փողկապից բռնել ու պատասխանատվության կանչել»

Մարտ 09,2015 12:42

«Շատ յուրահատուկ իրավիճակ է ստեղծվել Հայաստանում, բոլորս՝ այդ թվում իշխանությունն ու ընդդիմությունը, իրար արժենք: Ոչ ոք թող լավ իմաստով իրեն չներկայացնի, քանի որ եթե կան բազմաթիվ վատ դրսեւորումներ ու տեւում են քսանհինգ տարի անընդմեջ, նշանակում է, ամեն մեկս մեր փայ պատասխանատվությունն ենք կրում»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

Նրա խոսքով, Հայաստանում պարտությունը ընկալում ենք որպես բարոյական հաղթանակ, տակտիկական նահանջ ու համակերպվում ենք. «Մեզ մոտ չկա պատասխնատվության ինստիտուտը, փողկապից չենք բռնում ու ասում ՝ մի հատ պատասխան տուր: Ժողովո՛ւրդ, եկեք բառախաղերով չզբաղվենք, պարտություն է՝ եկեք ընդունենք, որ պարտություն է: Ամեն անգամ բարոյական հաղթանակ, տակտիկական նահանջ ասել չի կարելի»:

Վերջին ներքաղաքական զարգացումները նա համարում է հայ ժողովրդի պահանջարկի պատասխանը. «Մենք ստացանք այն, ինչ ունենք, այն պահանջները, որոնք դնում ենք՝ անհաջող պետական կառավարում, անորակ ընդվզում ու պարբերաբար ջլատվող ժողովուրդ: 1991-ից քաղաքացիները նույն դեմքերի հետեւից գնում են մի քանի անգամ: Այն պարագայում, որ այդ դեմքերը թե իշխանական թե ընդդիմադիր դաշտում արդյունք չեն տվել»:

Ըստ կառավարման փորձագետի՝ ելքը պահանջարկի փոփոխությունը պետք է լինի. «Վերջապես մեր պահանջարկը պետք է փոխենք ու պարտադրենք, որ ասպարեզ գան պրոֆեսիոնալներ, պահանջենք բոլոր ձախողումների հեղինակներին անուն առ անուն պատասխան տան ու առաջինը ընդդիմադիր դաշտից պետք է սկսենք: Մեզ մոտ ընդդիմադիր դաշտում տապալողը սվաղում ու գնում է, ու մենք հանդուրժում ենք: Հետո նորից նրա հետեւից գնում ու նշանակում է, որ ներել ենք այդ տապալումը»:

Նա դժգոհեց, որ 1991-ից Հայաստանում ստեղծվել է ընտրյալների փակ ակումբ ու չեն թողնում՝ նոր շունչ մտնի Հայաստան. «Այդ շղթան պտտվում է մեկ իշխանական, մեկ քաղաքացիական շրջանակում, բայց նույն մարդիկ են»:

 

Հարցին, թե տեսադաշտում կա՞ նոր շունչ, նոր դեմք, կրկնեց.«Այն, ինչ ունենք, դա մեր պահանջարկն է: Հնարավոր չէ բարձր պահանջ դնել ու ցածր բերքահավաք ստանալ: Ուր ենք նայում, ուրեմն այն տեղերը չենք նայում, որտեղ պետք է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031