Կանանց միջազգային օրվան ընդառաջ Գրանթ Թորնթոն անց է կացրել կանանց զբաղվածության վերաբերյալ իր հերթական ուսումնասիրությունը, որը ցույց է տալիս, որ Արևելյան Եվրոպայի երկրներում կանայք ակտիվ դերակատարում ունեն ղեկավար պաշտոններում: Հարցված երկրների միջազգային վարկանիշային աղյուսակում նրանք զբաղեցնում են տասնյակի առաջին 7 հորիզոնականները՝ Ռուսաստանի գլխավորությամբ: Այնուամենայնիվ, վերջին տասնամյակում համաշխարհային գործարար ասպարեզում կանանց թվի միայն աննշան աճ է գրանցվել բարձր ղեկավար օղակներում, ինչը առիթ է տալիս վերստին անդրադառնալ քվոտաների սահմանման անհրաժեշտությանը:
Հետազոտության համաձայն ամենաբարձր ցուցանիշն է գրանցել Ռուսաստանը, որտեղ ղեկավար պաշտոնների 40%-ը կանայք են զբաղեցնում, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը (22%): Տարածաշրջանի բարձր ցուցանիշ ունեցող հաջորդ հինգ երկրներն են՝ Վրաստանը (38%), Լեհաստանը (37%), Լատվիան (36%), Էստոնիան (35%) եւ Լիտվան (33%):
Զեկույցի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում ղեկավար պաշտոնների 29 %-ը կանայք են զբաղեցնում: Ցուցանիշը, իհարկե, ավելի ցածր է ի համեմատ 2014թ.-ի (35%): Սակայն այն բարձր է վերջին 5 տարվա ընթացքում գրանցած միջին արդյունքից, եւ Հայաստանը պահպանում է իր դիրքերը սանդղակի լավագույն տասնյակում՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը:
Գրանթ Թորնթոնի հարկային խորհրդատվության ղեկավար Ֆրանչեսկա Լագերբերգը մեկնաբանում է. «Արեւելյան Եվրոպայի ցուցանիշները կարելի է բացատրել մի շարք գործոնների համակցությամբ՝ պատմություն, մշակույթ եւ ժողովրդագրական տվյալներ: Ձեռներեցության ոլորտում կանանց ունեցած մեծ ձգտման հիմքում դեռևս կոմունիզմի ժամանակներից եկած հավասար հնարավորությունների գաղափարախոսությունն է, որն իր դրսեւորումն է գտնում նաեւ այս տարածաշրջանում կանանց ընտրած մասնագիտությունների բազմազանության մեջ: Ուստի, մենք ղեկավար պաշտոններում կանանց տեսնում ենք ոչ միայն այնպիսի ավանդական բնագավառներում, ինչպիսիք են առողջապահությունն ու հյուրանոցային բիզնեսը, այլեւ այնպիսի զարգացող ոլորտներում, ինչպիսիք են ֆինանսական ծառայություններն ու տեխնոլոգիաները:Անշուշտ, ժողովրդագրական իրավիճակը եւս անհերքելի դեր է խաղում: Ռուսաստանում, օրինակ, կանանց թիվը 20 տոկոսով գերազանցում է տղամարդկանց թվին:
Կարդացեք նաև
Ի՞նչ կարող է սովորել աշխարհը Արեւելյան Եվրոպայից: Բնականաբար, կախարդական գավազան գոյություն չունի, սակայն մեր զեկույցում տեղ են գտել այս տարածաշրջանում եղած արդյունավետ գործոններից բխող առաջարկներ՝ օրինակ, կանանց դերի ընկալման հասարակական նորմերի փոփոխության եւ գենդերային կողմնակալության վերացման շուրջ»: Համաշխարհային մասշտաբով ղեկավար պաշտոնների 22% -ը կանայք են զբաղեցնում, ինչը մի փոքր ավելի բարձր է ի համեմատ 2004թ.-ի (19%), սակայն ավելի ցածր է անցյալ տարի գրանցած 24%-ից: Աղյուսակի վերջին հորիզոնականը զբաղեցնում է Ճապոնիան՝ ղեկավար պաշտոնների ընդամենը 8%-ում կանանց: Ճապոնիային հաջորդում են Գերմանիան (14%) եւ Հնդկաստանը (15%):
Ֆրանչեսկա Լագերբերգը հավելում է. «Տասնամյակներ շարունակ լսում ենք, թե ինչպես են գործարարները խոսում գենդերային հավասարության մասին, սակայն դեռեւս շատ քչերն են գործնական քայլեր արել այդ ուղղությամբ: Բացի բոլորի համար հավասար հնարավորությունների ստեղծման բարոյական տեսանկյունից, ղեկավար պաշտոններում կանանց և տղամարդկանց համակցությունը ուղղակիորեն ստեղծում է առողջ բիզնես միջավայր: Եթե տնտեսությունը օգտագործում է իր ամենատաղանդավոր մարդկանց միայն կեսին, ապա անմիջականորեն կրճատում է իր աճի ներուժը:Սա մարտահրավեր է ոչ միայն բիզնեսի, այլև կառավարությունների, հասարակության և կանանց համար: Հասարակությունը պետք է հարմարվի մեր կյանքում և աշխատանքում տեղի ունեցող փոփոխություններին, եւ օրինակ՝ դադարի պիտակավորել ընտանեկան պատճառներով չաշխատելու որոշում կայացրած տղամարդկանց: Կառավարությունները այս գործընթացին կարող են աջակցել՝ տրամադրելով համատեղ ծնողական խնամքի արձակուրդ, ինչպես նաեւ կանանց համար պայմաններ ստեղծելով աշխատաշուկայում առաջ գնալու համար: Օրինակ, կանանց համար ընկերությունների կառավարման խորհուրդներում ներգրավելու պարտադիր քվոտաների ներդրման տեսքով»: Գրանթ Թորնթոնի հետազոտությունը ցույց է տալիս, որ այս տարի խոշոր ցուցակված ընկերությունների կառավարման խորհուրդներում քվոտաների ներդրմանը կողմ են արտահայտվել ավելի մեծ թվով գործարարներ՝ հարցվածների գրեթե կեսը՝ 47%, (2013 թ. այս ցուցանիշը կազմել է 37%):
www.grantthornton.am կայքում կարող եք գտնել «Կանայք բիզնեսում՝ ճանապարհ դեպի ղեկավարում» ամբողջական զեկույցը, որտեղ տեղ են գտել կանանց կարիերայի ճանապարհը հարթելու 12 խորհուրդներ՝ ուղղված հասարակությանը, կառավարությանը, գործարարներին և կանանց:
Մամլո հաղորդագրություն