ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը չի կիսում տեսակետը, թե իշխանությանը հաջողվեց ջախջախել ընդդիմությանը:
«Ջախջախված ասելը գնահատականի խնդիր է, ընդդիմության ընկալումը մինչեւ փետրվարի քսանն այլ էր, այսօր՝ այլ: Այնպես չէ, որ ընդդիմություն գոյություն չունի, կան ու իրենց տեսակետներն են արտահայտում: Պարզապես մինչեւ փետրվարի քսանը կար կոնսոլիդացիա, այսօրվա դրությամբ ընդդիմադիրներն առանձին-առանձին իրենց ճանապարհով են գնում, պետք է կոնսոլիդացիա լինի այն ուժերի միջեւ, որոնք ունեն այլընտրանքային պատկերացումներ Հայաստանի համար»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց պատգամավորը:
Հարցին, թե Գագիկ Ծառուկյանը քաղաքական, իշխանափոխական հայտարարություններ անելիս չէր հաշվարկել՝ իրեն ինչ է սպասում, ասաց՝ մեկնաբանությունները տեղին չեն.«Դեպքը տեղի է ունեցել, դրանից հետո խոսելը իմ ոճը չէ»:
ԲՀԿ-ի ընդդիմադիր դառնալով քաղաքական դաշտում փոփոխություն կլինի՞, թե՞՝ ոչ հարցին, Թեւան Պողոսյանը շարունակեց. «ՕԵԿ-ը, երբ հայտարարեց, որ ընդդիմություն է, վարքագծային առումով ցույց տվեց: Մարդիկ այսօր չեն աշխատում ու նպաստում իշխանական նախագծերին, այլընտրանքային տեսակետներ ու նախընտրական ծրագիր ունեն, որով աշխատում են : ԲՀԿ-ն այսօր հայտարարել է, որ այլընտրանք չէ: Կարծում եմ՝ լիագումար նիստի ժամանակ կլսենք այդ հայտարարության պաշտոնական կարգավիճակը, ամեն ինչ ապացուցվելու է աշխատանքով: ԲՀԿ-ն երիտասարդ, ունակ թիմ է, որը կարող է աշխատել: Եվ գործով կընկալենք ընդդիմադիր դառնալը հայտարությո՞ւն էր, թե՞ մոտեցում, որով աշխատելու են: ԲՀԿ-ի հետ չհամագործակցելու խնդիր չկա, կարծում եմ՝ որեւէ ընդդիմադիր ուժ խնդիր չի ունենա համագործակցելու»:
Կարդացեք նաև
Հարցին, թե կա՞ն նախադրյալներ եռյակի ձևաչափը վերականգնելու, ասաց՝ ինքը եռյակում չկա հոկտեմբերից, դրա համար որեւէ խնդիր եռյակի մասին չի ցանկանում ասել, իսկ ապագայի մասին չի ցանկանում կանխատեսումներ անել. «Կարող է եռյակ չլինի, հնգյակ լինի»:
Ցեղասպանության մասին ԵԺԿ-ի բանաձեւն էլ համարեց Հայաստանի երեք քաղաքական ուժերի համախմբման արդյունք. «Այն միաձայն է անցել, որեւէ դեմ չի եղել: Եվրոպական խորհրդարանի թիվ մեկ կուսակցության կողմից ընդունված հայտարարություն է, որը կունենա շարունակություն, եթե մենք հետեւողական լինենք, իսկ հակառակ դեպքում կմնա զուտ հայտարարություն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ