Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն պատմության գիրկն անցավ

Մարտ 09,2015 14:30

«Բարգավաճող» Շիրակի մարզում այս կուսակցությունը մնաց առանց լիդերների

Ուղիղ մեկ շաբաթ առաջ Շիրակի մարզը դեռ ԲՀԿ-ականացված մարզ էր. Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական կառույցն անչափ հզոր էր այստեղ: Նույնիսկ այն աստիճան, որ մեծամասնական ընտրապայքարում ԲՀԿ-ականները իրենց դիրքերը չէին զիջում Սերժ Սարգսյանի հովանավորած անձանց ու նրա շրջապատի մարդկանց: 2012 թվականի ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն «պյուրոսյան հաղթանակ» տարավ ԲՀԿ-ի նկատմամբ, իշխող կուսակցությունը Գյումրիում խայտառակ պարտություն կրեց, իսկ ամբողջ մարզի մասշտաբով չնչին տոկոսներով առաջ անցավ ԲՀԿ-ից: Եվ սա դարձավ պատճառ, որ երկրի նախագահը պաշտոնանկ աներ Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Ինչեւէ, այս մարզում Գագիկ Ծառուկյանի հաջողությունը պայմանավորված էր նրանով, որ նա որպես ԲՀԿ կառույցի պատասխանատուներ ճիշտ մարդկանց էր ընտրել՝ մեծ շրջապատ ունեցող տղամարդկանց, որոնք եւ իրենց հետեւից տանում էին հսկայական բազմություն:

Թիվ 36 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արթիկը, Մարալիկն ու Անիի տարածաշրջանի գյուղերը, ԲՀԿ կառույցի ղեկավարը գողական աշխարհի հետ սերտ կապեր ունեցող ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանն էր: Գյումրին ընդգրկող թիվ 34 ընտրատարածքում ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն էր, իսկ Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններն ու Գյումրու մի մասն ընդգրկող թիվ 33 ընտրատարածքում շրջապատում մեծ հարգանք ունեցող Վարդեւան Գրիգորյանը՝ Գյումրու մանկավարժականի ռեկտորը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին էլ հարկ չենք համարում անդրադառնալ, որովհետեւ նրա քաղաքապետ դառնալը առավել պայմանավորված էր Սերժ Սարգսյանի ցանկությամբ: Թեեւ արդար լինելու համար նշենք, որ Գագիկ Ծառուկյանը միջոցներ չէր խնայում, որ Գյումրու քաղաքապետը սեփական ժողովրդի մոտ իրեն լավ զգար: Թվարկված բոլոր անձինք հերթով լքեցին ԲՀԿ-ն, առաջինը՝ Մուշեղ Պետոյանը, նախորդ օրը՝ Սամվել Բալասանյանը, իսկ երեկ՝ Մարտուն Գրիգորյանն ու Վարդեւան Գրիգորյանը: Հետաքրքիրն այն է, որ նրանք ԲՀԿ-ի շարքերից հեռանալը պարզաբանում են Գագիկ Ծառուկյան անձի՝ քաղաքականությունից հեռանալով: Մարտուն Գրիգորյանը նույնիսկ չթաքցրեց, որ ինքը կուսակցական հոգեբանություն ունեցող անձ չէ, եւ կուսակցությունը իր համար միջոց է՝ իր նպատակներն ու ծրագրերը իրագործելու համար:

Երեկ ԲՀԿ-ի շարքերը լքած պատգամավորը լրագրողների հետ զրույցում անկեղծացավ, որ գյումրեցիներն անչափ հիասթափված են ստեղծված քաղաքական իրավիճակից: Հիասթափված է նաեւ ինքը, քանի որ, ըստ պատգամավորի, ինքը նվիրվող, անձի կողքին կանգնող մարդ է, եւ եթե անձն այս պահին խնդիր ունի ու դուրս է եկել քաղաքականությունից, ինքը ոչին չի կարող անել: «Առավոտը» Մարտուն Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են ԲՀԿ-ականները հերթով լքում այս կուսակցության շարքերը, մի՞թե պատճառն այն է, որ այս կառույցը կին է գլխավորելու, իսկ հայ տղամարդիկ չեն ընդունում կանանց լիդերությունը: «Կոնկրետ իմ որոշումը կապ չունի Նաիրա Զոհրաբյանի հետ: Նաիրա Զոհրաբյանն իմ ընկերն է, մենք իրար հետ լավ աշխատել ենք, համերաշխ աշխատել ենք, ես երեկ զանգահարել եմ Նաիրային ու շնորհավորել եմ ընտրվելու կապակցությամբ, շատ դժվար աշխատանք է իրեն սպասվում»:

Մեր այն հարցին էլ, թե ինչպե՞ս կմեկնաբանի Գյումրիում ակտիվորեն շրջանառվող այն լուրերը, թե Մարտուն Գրիգորյանը պատրաստվում է առաջիկա ՏԻՄ ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել Գյումրու քաղաքապետի պաշտոնում, պատգամավորն ասաց. «Ես էդ լուրերին լուրջ չեմ վերաբերվում եւ բարոյական չեմ համարում մեկնաբանել: Էսպես ասեմ՝ հասկանալի աղբյուրներից շրջանառության մեջ դրված լուրեր են: Էս պահի դրությամբ քաղաքապետն աշխատում է, քաղաքապետի աշխատանքի գնահատականը՝ լավ կամ վատ, կտա ժողովուրդը, էդ մասին ես չեմ ուզում խոսել: Քաղաքապետի հետ նորմալ, մարդկային, ընկերական հարաբերությունների մեջ եմ, եւ նմանատիպ լուրեր շրջանառության մեջ դնել այս պահին, երբ դեռ մոտ երկու տարի կա քաղաքապետի ընտրություններին, ես դա համարում եմ ավելորդ, արհեստածին: Ուզում են լարեն, սրեն հարաբերությունները իմ ու քաղաքապետի, պիտի հիասթափեցնեմ էդ ջանքն ու եռանդը դնողներին՝ չի՛ լինելու դա: Ես ու քաղաքապետն աշխատելու ենք, Գյումրին ունի շատ խնդիրներ, հերիք է ինչքան Գյումրին պառակտվել է, էդ պառակտման արդյունքում Գյումրին ու գյումրեցին տուժել են: Պետք է սա հասկանանք ու գիտակցենք:

Թե՛ մարզպետը, թե՛ քաղաքապետը, թե՛ պատգամավորները՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից ու դիրքերից, պետք է համախմբվեն մի խնդրի շուրջ, կանգնեն ժողովրդի կողքին: Ես ասել ու ասում եմ, գյումրեցիները հիասթափված են, գյումրեցիները հուսախաբ են եղած, նաեւ էս քայլը հուսախաբության մեծ ալիք բարձրացրեց Գյումրիում: Եվ ես չեմ ուզում, որ գյումրեցիները հուսախաբ եղած լքեն Գյումրին եւ Հայաստանը»: Պատգամավորն ասաց, որ մի քանի օրից կհավաքվեն իրենց թիմով եւ կորոշեն իրենց ճանապարհային քարտեզը: Ուղղակի հետաքրքիր է, թե այսքանից հետո Շիրակի մարզում կլինի՞ մեկը, որ դեռ կմնա ԲՀԿ շարքերում:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031