Վանաձոր քաղաքի բնակիչներ, 1991թ. ծնված Վահե Հանեյանին եւ 1987թ. ծնված Ռայմոնդ Սարիբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք նախնական համաձայնության գալով, ալկոհոլ օգտագործած վիճակում, դիտավորությամբ խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով Դիլիջան քաղաքի «Միմինո» սրճարանի աշխատակիցների եւ հաճախորդների նկատմամբ, քաղաքացիների մոտ վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով Վ. Հանեյանի անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հարվածել են բացօթյա սրճարանի փայտե ցանկապատին, այնուհետեւ փայտով կոտրել են սրճարանի ապակիները, շուրջ 15 րոպե տեւողությամբ հայհոյանքներ տվել Դիլիջանի բնակիչների հասցեին, բռնության գործադրմամբ մարմնական վնասվածք պատճառել սրճարանի աշխատակից Լաուրա Դավթյանին, խաթարել սրճարանի բնականոն գործունեությունը:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Վ. Հանեյանն ու Ռ. Սարիբեկյանը շարունակելով իրենց խուլիգանական գործողությունները՝ ավտոմեքենայով վնասել են սրճարանի դիմած կայանած Սերժիկ Քեշիշյանի եւ Գարեգին Ստեփանյանի ավտոմեքենաները՝ նրանց պատճառելով նյութական վնաս:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Վ. Հանեյանին եւ Ռ. Սարիբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է գրավը: Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում նշանակված է մարտի 11-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ