Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Թուրքիայում դատական պրոցես է գնում Բոսֆորի ափի պանդոկը հայերին վերադարձնելու համար

Մարտ 09,2015 14:00

Սարգիս Հացպանյանը ցույց տվեց մի ձեռնափայտ, որ նվեր էր ստացել Արցախի ազատամարտի ժամանակ՝ 1992 թ., Մատաղիս գյուղի 90-ն անց բնակիչ, արեւմտահայերենով խոսող Ալյոշա Սարգսյանից:

Պարզվեց, որ նա եւ իր ընտանիքը Արցախ էին հասել Անդրանիկ զորավարի հետ, իսկ ձեռնափայտը Էրզրումի վիլայեթի Օլթի գավառի իրենց այգու տանձենուց էր պատրաստված:

Սարգիս Հացպանյանի բանախոսությունն այս անգամ վերաբերում էր Համիդյան եւ երիտթուրքական ջարդերին, որոնք տեղի էին ունեցել Կարինում:

Նա ցուցադրեց 1903թ. լուսանկարված Հռիփսիմյան իգական վարժարանի սաների, Սանասարյան եռահարկ գիշերօթիկ վարժարանի շենքի, երեխաների պիտույքների, նրանց նվագախմբի լուսանկարները, մանրամասնեց, որ վարժարանի ծախսերը հոգալու համար Մկրտիչ Սանասարյանը Բոսֆորի ափին հիմնել էր իր անունը կրող պանդոկը: Այն հետագայում տրվել էր ոստիկանությանը, որտեղ ընդդիմադիր հայացքների համար շատ տառապել, խոշտանգվել են Ձախ հայացքներով մարդիկ:

Այսօր դատական պրոցես է գնում այդ շքեղ, բազմահարկ շենքը հայերին վերադարձնելու համար: Հավանաբար հայցը կբավարարվի:

Երիտթուրքերը Կարինում 1915թ. ցեղասպանությունը իրականացրին հունիսի 14-15-ին եւ հուլիսի 26-ին: Նրանք չտեղահանեցին, այլ տեղում սրախողխող արեցին եւ միայն 1917 թ. ռուսական բանակը նահանջելիս իր հետ դուրս բերեց հայ որբերին: Բանախոսը ցուցադրեց որբերի լուսանկարները: Այս որբերի հետ կատարվել է ամենասարսափելին: Քյազիմ Կարաբեքիրն այս որբերից ենիչերիներ է պատրաստում, որոնք տարիներ անց կռվում են Հայաստանի դեմ՝ Կարսում եւ Սարդարապատում: Այս մասին գրում է Կարաբեքիրն իր հուշերում:

Ի դեպ, վիլայեթը սահմանակից լինելով Ռուսաստանին, հաճախ է տուժել ռուս-օսմանյան բախումներից: 1828թ. եւ 1853-1856 թթ. տարածքի շուրջ 200 հազար բնակչություն տեղահանվել է եւ բնակություն հաստատել Ջավախքում:

Նրանք մինչեւ օրս պահպանել են իրենց բարբառը, իսկ Թիֆլիսում հաստատվել են Կարինի միջնաբերդի հայ մեծահարուստները: Կարինում հայերը բնակվում էին քաղաքի հյուսիսային մասում, այդտեղ էին գտնվում ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հյուպատոսությունները, որոնք բեռլինյան վեհաժողովի որոշմամբ 6 հայկական վիլայեթներում «բարեփոխումների» ընթացքն էին հսկում:

Սուլթան Համիդը, հավատարիմ իր նախապապ Յուսուֆին, իրականացնում էր նրա որդեգրած քաղաքականությունը՝ զինում էր մուսուլման քրդերին, հրահրում հայերի դեմ եւ ազատություն տալիս հայերի նկատմամբ բռնություն կիրառելիս: Համիդը թույլ էր տալիս քրդերին մոտ 2 հազարից մինչեւ 20 հազար մարդուց բաղկացած զինված հեծյալ բանակ ունենալ: Հայկական բոլոր վիլայեթներում կային այդպիսի զինված միավորներ, որ հայերի գլխին դարձան մեծ չարիք, իրենց իսկ բնորոշմամբ՝ երկրորդ սուլթան: Սարերից իջած խաշնարածների այս վայրենի մասսան, դաժանաբար բնաջնջելով հայ բնակչությանը, դարձավ մեր հողերի ու տների տերը: Այսօր Արեւմտյան Հայաստանի տարածքի 80%-ից ավելին տնօրինում են քրդերը: Նրանք ոչ միայն տնօրինեցին մեր ինչքը, այլեւ շատ աղջիկների ու երեխաների քրդացրին: 1629-1868 թվականներին կատարվել է հայ ժողովրդի բռնի քրդացման գործընթացը: Այսօր կա այդպիսի 13 քրդական աշիրեթ՝ հայկական արմատներով եւ Թուրքիայում գործող Քրդական բանվորական կուսակցության (PKK) ազատագրական շարժման շարժիչ ուժը արմատներով այդ էթնիկ հայերն են, որոնք ժամանակին իսլամացվել էին: Հայկական 2 վիլայեթում՝ Էրզրումում եւ Սեբաստիայում գրեթե քուրդ չի եղել, բացի Խնուսից: Համիդյան ջարդերը հասան նաեւ Կարին՝ 1895թ. հոկտեմբերի 18-ին: Մի քանի օրվա ընթացքում կողոպտվեցին եւ ավերվեցին հայերի տներն ու արհեստանոցները, նահատակվեցին հազարավոր մարդիկ, գերեվարվեցին հարյուրավոր կանայք ու երեխաներ:

Karin_1

Սարգիս Հացպանյանը ցույց տվեց մի լուսանկար, ուր 6 տարեկան հայ աղջնակը պատմում էր իր ընտանիքի հետ կատարվածը եւ թուրք Կարաբեքիր զորավարը արտասվում էր, իսկ պատմությունը լսում էին նաեւ սալոնիկցի տիկին Հալիդե Էդիպը եւ ծխախոտը բերանին՝ Մուստաֆա Քեմալը, որ դեռ Աթաթուրք չէր դարձել: Մուստաֆա Քեմալը զավակ չի ունեցել, 4 որբ աղջիկ երեխա է որդեգրել, 4-ն էլ՝ հայ: Ի դեպ, այդ աղջիկներից մեկը դառնում է Թուրքիայի առաջին կին ռազմական օդաչուն եւ 1937-38 թվականներին Դերսիմի ապստամբությունը ճնշելու համար, ռմբահարում Դերսիմը: Ցուցադրվեց Կովկասյան ճակատի ռազմական քարտեզի լուսանկարը: Այդ ժամանակաշրջանը մեզ համար ամենաողբերգական էջերից է: Վերլուծաբանը ներկայացրեց նաեւ 1919 թ. հուլիսի 23-ին Սանասարյան վարժարանի շենքում՝ Մուստաֆա Քեմալի գումարած համագումարի լուսանկարներից, ուր պատկերված էր Քեմալը՝ Էրզրումի կոնգրեսի մասնակիցների՝ քուրդ աշիրեթապետերի հետ: Քեմալը քրդական հատվածին համոզել էր իրեն աջակցել, վախեցնելով, որ այլապես հայերը կվերադառնան, քրդերից հետ կվերցնեն իրենց տներն ու հողերը եւ այդտեղ կհիմնեն նոր Հայաստան: Գրեթե մեկ տարի անց՝ 1920թ. օգոստոսի 10-ին ստորագրվում է Սեւրի դաշնագիրը եւ ողջ տարածքը, Էրզրումի վիլայեթի 2/3-ը մտնում է Արեւմտյան Հայաստանի մեջ, սակայն այն կյանքի չկոչվեց:

Էրզրումը մինչեւ օրս պահպանում է իր հայկական շունչը, պահպանվում է նաեւ Էրզրումի զինանշանը՝ երկգլխանի արծիվը: Սանասարյան վարժարանի շենքում այժմ գործում է արվեստի դպրոց:

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031