2006-ի հոկտեմբերին ինձ հրավիրեցին 20-օրյա հյուրախաղերի Արցախ: Բացի ինձնից, մյուս մասնակիցները ղարաբաղցիներ էին: Ամեն օր ելույթ չկար: Ազատ օրերին ման եկա, առավել ծանոթացա թուրքի երախից փրկված հայրենիքիս այս պատառին: Ղարաբաղցի երգչուհին ուզեց ավանդական ժենգյալով հացը: Ստեփանակերտի շուկայում հենց առջեւդ թխում, մատուցում էին: Մինչ պատրաստ խմորը կգրդնակվեր, որ ներսն առնի Արցախի բոլոր ուտելի համեմունք-կանաչեղենը, 2 կին տեսա ինձ են ուշադիր զննում: Նայում էի իրենց՝ հայացքները թեքում էին, ես էի հայացքս թեքում՝ նորից ինձ էին տնտղում:
Չդիմացա, զրուցեցի: Ղարաբաղցու բարբառով չգրեմ կարճ, բայց ինձ համար հորիզոններ պեղող զրույցը, ովքեր երբեք չէին տեսել այդ հեռավոր հորիզոնները ու արդյունքում շահել էին: Լեզվիցս հասկանալով, որ տեղացի չեմ, սրանց հարցին բացատրեցի.
– Լոռու Ալավերդուց եմ: Տեսած կա՞ք իմ քաղաքը,- ավելի շատ արդեն խիստ կարոտս մեղմելու հույսով խոսեցի ծննդավայրիս մասին:
– Լսած էլ չկանք,- հանգիստ ասաց կանանցից տարեցը:
– Ո՞նց,- զարմացա ու փորձեցի հիշեցնել:- Վանաձորից, նախկին Կիրովականից դեպի հյուսիս է, ոչ մեծ, բայց արդյունաբերական քաղաք է:
– Իբր Կիրովականը շատ գիտենք՝ Ալավերդին իմանանք,- առանց քաշվելու չիմացությունից, հավելեց երիտասարդ տիկինը:
Ես ապշեցի. պարզ է, անիվների վրա անցնող արտիստի կյանք չէին ունենա, բայց զրույցի մեջ պարզ դարձած բացի Երեւանից (որը չէին տեսել), այլեւս ոչինչ չիմանալը ժամանակից դուրս էր, անհամոզիչ: Որպեսզի շատ չզարմացնի՝ տարեցը հակիրճ ասաց.
– Մենք տեղից դուրս եկած չենք: Ամբողջ կյանքում տանն ենք եղել: Մեր հեռու գնացածը Շուշին է եղել:
Ժենգյալով հացը թխվեց: Բաժանվեցինք: Մտքիցս, սակայն, չբաժանվեց այս հանդիպումը: Ճիշտն ասած՝ մտովի մեղադրեցի սրանց ամուսիններին, որ իրենց ընտանիքին գոնե 1 անգամ ծով չեն տարել հանգստանալու: Ո՞նց կլինի. «Մենք տեղից դուրս չենք եկել…»:
Հյուրախաղայիններս տեղից տեղ, շրջանից շրջան անցանք: Մի տեղ ազերու ձեռքով ավերված, մյուսում ռումբերից ու գնդացիրներից ծակծկված տները, շենքերը, եկեղեցիներն ու շիրմաքարերը տեսնելով՝ հասկացա, գիտակցեցի ու սիրահարվեցի ղարաբաղցու «տեղից դուրս չգալու» կերպին: Դեպի արտերկրներ հոսող մեր հայրենակիցները ի՞նչ առավելության հասան: Ում սպանեցին, ով անհետ կորավ, ոմանք խեղանդամվեցին, շատերը տարիների բացակայությամբ որբ ու քաղցած թողին հարազատ զավակներին, իսկ հազարավորներն անբուժելի սեռավարակությամբ (ՍՊԻԴ) հիվանդացած, այլեւս խուսափում են տուն վերադառնալ:
Երանի չէր մնայինք՝ մեր Նախիջեւանն ու հայկական Արեւելքը պահեինք ու այդ հսկայական բերրի հողատարածքները Արցախի բախտին արժանացնեինք:
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՔԱՌՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.03.2015
Խի հայրենիքին նվիրված, հայրենի հողն ու ջուրը սիրելու համար պիտի ծննդավայրիցդ դուրս չգա՞ս: Բա Հայրենիքդ էլ չճանաչե՞ս: Իսկ եթե Հայրենիքիդ հետ միասին աշխարհն էլ ճանաչես, արդյո՞ք Հայրենիքիդ վնաս կտաս: Ես կամաչեի, եթե Հայաստանի որեւէ վայրից գաղափար չունենայի ու եղած չլինեի: Իսկ այդ կանայք գլուխ են գովում, հեղինակն էլ՝ հիանում նրանցով: Շատ տարօրինակ եք մտածում: