Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաջողության բանաձեւը». «Ամենամեծ հաջողությունը լինելու է վաղը»

Մարտ 09,2015 13:00

Հրանտ Թոխատյանը՝ իր հաջողության բանաձեւի մասին

35 տարուց ավելի բեմական կյանք ապրած, հաջողակ ներկայացումներով տարիներ շարունակ թատրոն հանդիսատես բերած, հայկական ֆիլմարտադրության մեջ իր խոսքն ասող Հրանտ Թոխատյանի ձեւակերպմամբ՝ հաջողություններն ու ձեռքբերումներն անձնական են. «Հաջողակ եմ, որ ունեմ հրաշք բալիկներ, ես հպարտանում եմ իմ տղաներով՝ իրենց մասնագիտական ունակություններով, իրենց վերաբերմունքով կյանքին եւ իրենց ընկերներին, պարծենում եմ, որ ավագս ծառայեց, վերադարձավ, հիմա փոքր տղաս է հայկական բանակում, դստրիկովս, որն ամեն օր ինձ կարողանում է զարմացնել ու տոն նվիրել: Շատ եմ ուրախանում, երբ բեմի վրա տեսնում եմ կնոջս՝ Լուիզային: Վստահ եմ, որ իր հաջողություններն էլ, լավ ներկայացումներն էլ դեռ առջեւում են»:

«Առավոտն» այս անգամ «Հաջողության բանաձեւը» շարքում խոսել է դերասան Հրանտ Թոխատյանի հետ: Նա հաջողելու մասին խոսելիս կարեւորում է առաջին հերթին ընտանիքը. «Յուրաքանչյուր մարդու համար հաջողության գրավականն իր տունն է, իր ընտանիքը, հետո դպրոցը, բնականաբար՝ համալսարանը ու հետո արդեն իր իսկ կողմից ձեւավորված շրջապատը, որոնց պետք է գումարվեն աշխատասիրությունը: Յուրաքանչյուր երազանք պետք է փորձես դարձնել իրականություն, այդ դեպքում կծնվեն նորերը»:
Խոսելով երեխա ժամանակվա իր ցանկությունների մասին՝ դերասանը հիշում է. «Իմ հասակակիցներն այն ժամանակ ավելի շատ ուզում էին լինել տիեզերագնաց, օդաչու, նավաստի, բժիշկ… երազանքներն այն ժամանակ մի քիչ ուրիշ էին, ձգտումներն ուրիշ էին, միգուցե դրա հետեւում կար նաեւ այն ժամանակվա՝ հիմա արդեն անիմաստ թվացող գաղափարախոսությունը: Բայց միեւնույն է՝ այդ երազանքները հնարավորություն կար իրականացնելու»: Հենց այդ ժամանակվանից դերասանն զգաց հաջողության «քաղցր համը»: Դպրոցական առաջին բեմելը պարոն Թոխատյանի համար իր կյանքի ամենահիշարժան պահերից է. այդ ժամանակվանից ռուսական ուղղվածություն ունեցող դպրոցում ինքը եւ իր դասընկերուհի Անահիտ Հարությունյանը վարում էին հայկական պոեզիայի երեկոներ: Անմոռանալի էին հայ գրողների՝ Սիլվա Կապուտիկյանի, Գեւորգ Էմինի, Ռազմիկ Դավոյանի եւ այլոց հետ նրանց հանդիպումները:

Դերասանի համար պատանեկան եւ երիտասարդական տարիներն արժեւորվում են Կամերային թատրոնի հիմնադրումով. նախ տղամարդկանց ակումբ էր կոչվում, հետո այդտեղ հավաքվածները նպատակադրվում են ստեղծելու նոր խոսք բերող թատրոն. «Իմ կյանքն անցնում էր այդ պատերի մեջ, իմ երիտասարդական տարիներն անցնում էին այդտեղ: Դա տվեց ինձ հնարավորություն, որ 1977 թվականից ես լինեմ բեմում եւ մինչեւ հիմա մնամ բեմում»: Դերասանը հիշում է, որ այդ ժամանակ կատարեց իր կյանքի դեռեւս ամենաբարդ համարվող որոշումը. «Երբ պետք է ընտրություն կատարեի ուսուցչի եւ դերասանի մասնագիտությունների միջեւ, դժվար էր, համատեղելն էլ՝ դժվար,- ասում է նա, նշում, որ ընդհանրապես կյանքում որոշումներ հեշտ է կայացնում,- ես շատ լավ գիտեմ, թե ինչ եմ ուզում, դրա համար որոշում ընդունելն ինձ համար հեշտ է, ավելի երկար է այդ ճանապարհը, որ հասնում է որոշում կայացնելու պահին»:

Զրույցի ընթացքում զգում ես դերասանի պատկառանքը իր ծնողների նկատմամբ. «Երբեք պարտադրաբար մեր ընտանիքում ոչինչ չէր լինում, այն ժամանակվանից բավականին դեմոկրատիկ հարաբերություններ էին մեր տանը: Բոլոր անդամները գիտեին, թե որտե՞ղ է թաքնված մեր ընտանեկան բյուջեն, եւ յուրաքանչյուրն ուներ իրավունք օգտվելու փողից, շաբաթը մեկ, ամեն մեկս փորձում էինք մեր ծախսերը ներկայացնել, այն էլ մի պարզ պատճառով, որպեսզի կարողանանք հաջորդ ամսվա համար հասկանանք՝ մեր ընտանիքի գոյատեւելու համար որքա՞ն գումար է անհրաժեշտ: Հայրիկս աշխատում էր մեքենաների տեխսպասարկման կենտրոնում, մայրիկս բժշկուհի էր: Մեր տնից միշտ տոնի հոտ էր գալիս, որովհետեւ հայրս ուներ հրաշալի ձայն, շատ լավ երգում էր, առիթը բաց չէր թողնում, անգամ ամենապարզ օրը երգով էր արթնացնում մորս, ես ինչ աչքերս բացել եմ, սովորել եմ, որ ծաղիկներ պետք է նվիրեմ կնոջը, մեր տանն այդպես էր… Հայրիկս շատ էր սիրում, որ միասին էինք ճաշում, Ամանորը միշտ միասին էինք անցկացնում: Հայրս ասում էր՝ որտեղ էլ որ հետագայում ապրես, անպայման տանդ մի անկյունում ունեցիր կլոր սեղան կամ ճաշի սեղան, անգամ եթե չեք օգտագործում»: Մասնագիտական ընտրության ժամանակ էլ ընտանիքը, հայրը միշտ նրա կողքին են եղել. «Եթե այն ժամանակ մեզ բարեկամներ համարվող մարդիկ գտնում էին, որ մինուճար տղան պետք է անպայման ունենա գոնե կոմերիտական, կուսակցական ապագա, հայրիկս միշտ ասում էր, որ եթե դա պետք է լինի, կլինի այն ժամանակ, երբ ինքը կուզենա, բայց եթե ինքը ընտրում է որեւէ այլ ճանապարհ, իսկ տվյալ դեպքում դերասանն է, իսկ դա, համենայնդեպս, մեր բարեկամներից մի մասի համար ահավոր բան էր, որ կործանվում է տղան: Իսկ հայրս միշտ կողիքս է եղել ու միշտ ասել է՝ արա այն, ինչը որ դու կանես սիրով, եթե կանես սիրով, ապա քեզ մոտ ամեն ինչ կստացվի, հավատա ուժերիդ, հավատա ու վստահիր ընկերներիդ, ընտրիր ընկերներիդ»:

Հրանտ Թոխատյանն անկեղծանում է՝ իրեն հաջողությունները հեշտ են տրվում, բայց դրան տանող ճանապարհին շատ է աշխատում: Հիասթափությունների ու անհաջողությունների մասին խոսելիս էլ ասում է. «Հնարավոր չէ այսօրվա Հայաստանում կամ իմ հարազատ Երեւանում դուրս գալ փողոց ու ինչ-որ բանից չհիասթափվել, որովհետեւ այնքան հիասթափվելու բան կա, որ հնարավոր չէ դա չնկատել: Չեմ էլ առաջարկում նայել միայն երկինք, որ վարդագույն տուֆը տեսնես կամ կապույտ երկինքը, չէ: Այդ հիասթափության մեջ պետք է գտնես ուղի, պետք է գոնե անալիզ ինքդ քեզ համար անես, ու երբ ամեն ինչի մեջ առաջին հերթին գտնում ես քո մեղքը ու փորձում ես դա ուղղել, այդ ժամանակ այդ համընդհանուր մեղքը, իմ «mea culpa»-ն ամեն մեկս մեր մեջ զգալով, ավելի հեշտ առաջ կգնանք, կհաղթահարենք շատ հարցեր: Հիմա առաջին քարին, որ ոտքդ կպնում է, հետագայում այդ քարը շրջանցում ես, հետո գալիս է մեկ ուրիշը, որը նույնպես ոտքը խփում է այդ քարին, հետո այդ ցավացող ոտքերով հավաքվում են հարյուր հոգի մի տեղում ու սկսում ենք հարցնել՝ ո՞նց, քո ոտքն էլ է, վա՜յ, ու այդպես բոլորս ասում ենք՝ տես, քարը ճանապարհին, բոլորս անցանք, բա մեկը չլինե՞ր քարը վերցներ, ու հանկարծ հասկանում ես, որ հենց այդ մեկը դու պետք է լինեիր: Եթե ես այդ քարը տանեմ, որ դուք ոտքներդ չխփեք, հավատացեք, մյուս քարը դուք եք տանելու մի կողմ»:

Իր ամենամեծ հաջողության մասին դերասանն ասում է. «Ամենամեծ հաջողությունը դեռ չի եղել, լինելու է վաղը: Եղել են հաջողություններ, որոնց մի մասը ես եմ նախապատրաստել, մի մասը իմ ընկերների շնորհիվ է ստացվել, մի մասը, որ բոլորս միասին ենք արել: Օրինակ, թատրոնի այն ձեւը, որ սկսել եմ զրոյից՝ Արա Երնջակյանի հետ ենք արել: Ապա թատրոնի այդ ձեւը որդեգրած դուրս եմ եկել Կամերային թատրոնից ու մինչ այսօր այդ ոճը պահպանում եմ»: Ընդհանրապես հաջողության հասնելու համար էլ կարեւորում է գիրքն ու գիտելիքը: «Եթե ուղեղն ու ինտելեկտը լինեն, ամեն ինչի կհասնես, սուտ է, որ ասում են՝ սուտ է բարձրագույն կրթությունը: Տաշած քարը գետնին չի մնում, հավատալ է պետք քո ուժերին, այն հողին, որի վրա կանգնած ես, որը քեզ սնում է»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031