Լրահոս
Օրվա լրահոսը

Վերականգնված «Լորկիանան» ու «Կարմենը» ընդունվեցին բրավոներով

Մարտ 09,2015 12:30

Խաղացանկային թատրոններում, այդ թվում՝ նաեւ արտերկրյա, ոչ մի երաշխիք չկա, թե նույնիսկ հաջողված պրեմիերայից հետո ինչքան կտեւի բեմադրության կյանքը: Մեր թատրոնների դեպքում խաղացանկից ներկայացման դուրս մնալու հիմնական «դասական» պատճառը ժամանակի ընթացքում դեկորների կամ զգեստների մաշվածությունն է, ինչու չէ՝ նաեւ նախկին գեղարվեստական ղեկավարի, գլխավոր ռեժիսորի կամ, այս դեպքում՝ գլխավոր բալետմայստերի միանձնյա որոշումը:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալերտի ազգային ակադեմիական թատրոնում «Լորկիանա» եւ «Կարմեն» մեկ գործողությամբ բալետների, ավելի ճիշտ՝ վերականգնված տարբերակների պրեմիերան էր: Փաստենք՝ հանդիսատեսով լեփ-լեցուն դահլիճն ու ներկայացումների ոչ միայն ավարտին, այլեւ ընթացքում հնչող բրավոները: Վերջիններս ուղղված էին բալետային խմբին ընդհանրապես, մասնավորապես՝ «Լորկիանայում» մենապարերով հանդես եկող Աննա Վեքիլյանին (Սոլեդադ), Արմեն Գեւորգյանին (Տորերո), Կարեն Մարտիրոսյանին (Ստվեր): Իսկ «Կարմենում»՝ Մերի Հովհաննիսյանին (Կարմեն), Ռուբեն Մուրադյանին (Խոսե), Արմեն Գեւորգյանին (Էսկամիլիո), Արթուր Կարճիկյանին (Սպա):

Հիանալի էր, ինչու չէ՝ «գլխավոր դերակատար» նվագախումբը, որը թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ մատուցեց բառի իսկական իմաստով իսպանական ժողովրդական երաժշտությանը հարիր համն ու հոտը:

«Լորկիանան» մեր թատրոնում 1970-ականների սկզբներին բեմադրել է ՀՀ եւ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Մարկ Մնացականյանը՝ իսպանական ժողովրդական երաժշտության եւ Գարսիա Լորկայի ստեղծագործությունների մոտիվներով: Այս ներկայացումը թատրոնի խաղացանկում էր մինչեւ 2006թ.: Տարբեր տարիների գլխավոր՝ Սոլեդադի դերապարերով փայլել են Բելլա Հովնանյանը, Լարիա Միտյայը, Անահիտ Գրիգորյանը եւ այլն: Տորերոյի կերպարը մարմնավորել են Հովհաննես Դիվանյանը, Զավեն Հարությունյանը, Սերգեյ Բարանովը, Հայկ Հարությունյանը եւ մյուսները: Ընդ որում՝ «Լորկիանան», որպես առանձին ներկայացում, Երեւանի օպերային թատրոնից հետո ճանաչված խորեոգրաֆը բեմադրել է Ռուսաստանի եւ Լեհաստանի տարբեր քաղաքներում:

Կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինի՝ հատուկ իր կնոջ՝ աշխարհահռչակ Մայա Պլիսեցկայայի համար ընդամենը 20 օրում Բիզեի «Կարմեն» օպերան (ոչ ամբողջովին) բալետայինի փոխադրած տարբերակը Երեւանի օպերային թատրոնում Արմեն Գրիգորյանի խորեոգրաֆիայով բեմադրվել է 1990-ականների վերջերին: Այսօր հիշվում են ժամանակին գլխավոր դերապարերով հանդես եկած Մերի Հովհաննիսյանը, Մարինա Գրիգորյանը, Ժակլին Սարխոշյանը, Սոնա Առուստամյանը, Մարիա Դիվանյանը, Արմեն Գրիգորյանը, Զավեն Հարությունյանը, Արմեն Գեւորգյանը, Արթուր Կարճիկյանը եւ մյուսները:
«Առավոտը» ներկայացումները վերականգնած փորձավարներ, հայկական բալետային արվեստի երախտավորներ, ՀՀ ժողովրդական արտիստներ Բելլա Հովնանյանին («Լորկիանա») եւ Էլվիրա Մնացականյանին («Կարմեն») ընդամենը մեկ հարց ուղղեց՝ գո՞հ են աշխատանքի արդյունքից:

Բելլա Հովնանյանը, որը իր բեմական կարիերան ավարտել է 1979թ. Սանկտ Պետերբուրգի Կիրովյան թատրոնում՝ հենց «Լորկիանայով», ասաց. «Անհամեստ թող չհնչի, բայց ստացա այն, ինչ ցանկանում էի ու երազում: Որոշ ընդհատումներով՝ շուրջ մեկ ամիս տեւած փորձերի ընթացքում այնքա՜ն սեր, ջերմություն եմ տվել երիտասարդներին ու ստացել նրանցից, որ այս պահին իսկապես բավարարված եմ»:

Էլվիրա Մնացականյանը նախ նշեց, որ բացի իրենից, վերականգնման աշխատանքներին մասնակցել է նաեւ կոլեգան՝ Էմմա Նահապետյանը: «Հիանալի էր թե կերպարների եւ թե տեխնիկական առումներով: Եվ «Լորկիանայում», եւ «Կարմենում» ամենակարեւորը՝ իսպանական երաժշտությունն ու ռիթմերը, ինչպես նաեւ երկերի դրամատուրգիան ու փիլիսոփայությունը, հասան հանդիսատեսին»,- հայտնեց տիկին Մնացականյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031