Ղարաբաղյան շարժման ամբողջ ընթացքում երկու հարց կար դրված. Ղարաբաղ եւ անկախություն: Ղարաբաղ կոմիտեն Ղարաբաղի հարցն էր առաջնային համարում, Հայրիկյանն ու հայրիկյանականները՝ անկախությունը:
Փաստորեն, երկուսին էլ հասանք: Հայաստանն անկախացավ, եւ Ղարաբաղյան պատերազմում հաղթեցինք: Ճիշտ է, Ղարաբաղի անկախությունն աշխարհը դեռեւս չի ճանաչել, այդուհանդերձ, Ղարաբաղը դե ֆակտո անկախ է:
Այսուհանդերձ, շատերս դժգոհ ենք: Հատկապես Հայաստանի անկախությունից ենք դժգոհ, ավելի ճիշտ՝ Հայաստանի անանկախությունից: Շատերս էն կարծիքին ենք, որ անկախացած Հայաստանն ամենեւին էլ անկախ չէ:
Որովհետեւ մենք անկախություն ասելով՝ բացարձակ անկախություն էինք պատկերացնում: Եվ հիմա էլ ենք էդպես պատկերացնում՝ առանց մտածելու, որ մենք չենք կարող եւ ի վիճակի չենք բացարձակ անկախ լինել:
Կարդացեք նաև
Եվ պետք էլ չի, որ բացարձակ անկախ լինենք: Եվ հնարավոր էլ չի: Եվ ընդհանրապես՝ աշխարհում բացարձակ անկախ երկիր գոյություն չունի:
Ընդ որում՝ ոչ միայն կայացած երկրները բացարձակ անկախ չեն, այլեւ կայացած երկրների միությունը՝ Եվրամիությունը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, կյանքը ցույց տվեց, որ մենք ոչ միայն անկախ չենք կարող լինել, այլեւ կոմպլեմենտար լինել էլ չենք կարող:
Քոչարյանի օրոք կոմպլեմենտարիզմից շատ էինք խոսում, բայց էդ ուղղությամբ քայլեր չէին արվում:
Քոչարյանից հետո կոմպլեմենտարիզմից շատ չեն խոսում, բայց փորձում են կոմպլեմենտար լինել: Սակայն չի ստացվում: Թույլ չեն տալիս:
Կոմպլեմենտարիզմը հատկապես Հայաստանի համար է անհրաժեշտություն, բայց հատկապես Հայաստանին թույլ չեն տալիս կոմպլեմենտար լինել:
Հզորները թույլ չեն տալիս կոմպլեմենտար լինել: Ոչ Ուկրաինային են թույլ տալիս, ոչ Վրաստանին եւ ոչ էլ որեւէ մեկին: Ոչ էլ երբեւէ թույլ կտան: Հատկապես Հայաստանին թույլ չեն տա: Առ այսօր կարծես թե որոշ չափով Հայաստանին թույլ էին տալիս, բայց գնալով մեր շուրջ օղակը սեղմվում է: Սեղմում են: Ընդ որում՝ շատ ուժեղ է սեղմվում: Երբեմն՝ մեր իսկ ձեռքով:
Դժվար է երկու տիրոջ ծառայել: Մի կարճ ժամանակ հնարավոր է, բայց մշտապես՝ անհնար: Հնարավոր է այնքան ժամանակ, քանի դեռ տերերդ հաշտ ու խաղաղ գոյակցում են: Հենց տերերդ գժտվում են, ստիպում են, որ իրենց միջեւ ընտրություն կատարես:
Վրաստանն իր ընտրությունը կատարեց, բայց արդյունքում տարածքներ կորցրեց: Ընդ որում՝ ընտիր տարածքներ:
Ուկրաինան էլ ի՛ր ընտրությունը կատարեց, եւ արդյունքում Ղրիմը կորցրեց եւ ահավոր ու անկանխատեսելի պատերազմի մեջ հայտնվեց:
Արեւմուտքն Ուկրաինային ու Վրաստանին շարունակ խոստումներ է տալիս, բայց այդ խոստումների չնչին մասն անգամ չի կատարում:
Արեւմուտքը Ռուսաստանի դեմ հանելով Վրաստանին ու Ուկրաինային՝ վերջիններիս նույնիսկ Եվրամիության անդամ չի դարձնում: Կարող էր, չէ՞, դարձնել եւ վերջիններիս վիճակը գոնե փոքր-ինչ որոշակիացներ: Բայց ընդամենը հերթի է դրել՝ հերթի մեջ վերջիններիս մի քիչ առաջ գցելով:
Արեւմուտքը Վրաստանին, Ուկրաինային եւ էլի շատ ուրիշների Ռուսաստանի դեմ տրամադրելով ու Ռուսաստանի դեմ հանելով՝ տեղն եկած տեղն ինքը լավ էլ զգուշանում է Ռուսական արջից: Այսինքն՝ Արեւմուտքը լավ էլ հասկանում է, որ Ռուսաստանը բավական վտանգավոր ուժ է, բայց, հասկանալով հանդերձ, չհասկացողներին հորդորում է չվախենալ Ռուսաստանից:
Արեւմուտքը բոլորին ու նաեւ մեզ է հորդորում չվախենալ Ռուսաստանից՝ համոզելով ու հավատացնելով, որ Ռուսաստանը վերջնական պարտության ու կազմաքանդման եզրին է: Իրենք Ուկրաինայի եւ այլ հարցերով ժամերով ու անքուն նստում ու բանակցում են Պուտինի հետ, բայց ուրիշներին խորհուրդ են տալիս անտեսել Ռուսաստանին ու Պուտինին:
Եթե արտաքին քաղաքականության ասպարեզում կոմպլեմենտարիզմն իսկապես հնարավոր իրողություն է, ապա այն ամենից ավելի Հայաստանին է անհրաժեշտ: Եվ Հայաստանը պարտավոր է կոմպլեմենտար քաղաքականություն վարել՝ թեկուզեւ ԵՏՄ-ի կազմի մեջ:
Նույնիսկ Լուկաշենկոն է արդեն հասկացել, որ միակողմանի արտաքին քաղաքականությունը փակուղի է տանում:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ» օրաթերթ
07.03.2015