Մարտի 8-ին Ֆրանսահայ «Կապույտ խաչ» միության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում և Կանանց միջազգային օրվա առթիվ Փարիզի Երևանյան պուրակը համալրվեց հարյուր վարդենիներով` ի հիշատակ Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած հայ կանանց: Կոմիտասի արձանի հարևանությամբ տեղի ունեցավ հուշակոթողի բացման արարողություն, որը գլխավորում էին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը:
Միջոցառմանը ներկա էին Փարիզի քաղաքային խորհրդի բազմաթիվ անդամներ, հասարակական-քաղաքական ու պետական գործիչներ, մշակութային ու լրատվական շրջանակների ներկայացուցիչներ, հարյուրավոր ֆրանսահայեր ու փարիզեցիներ։
Դեսպան Չիտեչյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Փարիզի, ինչպես նաև ողջ Ֆրանսիայի իշխանություններին` ծագումով հայ իրենց քաղաքացիների նախնիների հիշատակի հանդեպ ընդգծված հոգատար վերաբերմունքի և մշտական ուշադրության համար։
Ելույթներին հաջորդեց հուշաքարի հանդիսավոր բացումը, որի վրա գրված է. «Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայուհիների, նրանց, ովքեր անհետ կորան, ինչպես և նրանց, ովքեր փրկվեցին և փոխանցեցին հիշողությունը»:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ