«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության նոր ղեկավարների անուններն այս շաբաթ դեռ չեն որոշվի: Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ նախագահ եւ դեռեւս խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյան ասաց, որ խմբակցության նիստ այս շաբաթվա ընթացքում չի նախատեսվում: Պատճառն այն է, որ խմբակցության մի շարք պատգամավորներ բացակայում են Հայաստանից:
Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ կուսակցության նորընտիր քաղխորհրդի նիստում որոշում է կայացվել` թե կուսակցությունում, թե խորհրդարանական խմբակցությունում բոլոր որոշումները կայացվելու են կոլեգիալ: Ուստի, հավատարիմ այդ որոշմանը, ԲՀԿ խմբակցության նոր ղեկավարների անունները կհստակեցվեն, երբ խմբակցության բոլոր անդամները կմասնակցեն նիստին:
Հիշեցնենք նաեւ, որ իր վերջին հարցազրույցներից մեկում տիկին Զոհրաբյանն ասել էր, որ խմբակցությունում նախնական քննարկում է եղել, եւ խմբակցության քարտուղարի պաշտոնում նախնական ընտրությունը կանգ է առել ԲՀԿ նախկին խոսնակ Տիգրան Ուրիխանյանի վրա: ԲՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնում շրջանառվում է նաեւ Միքայել Մելքումյանի անունը:
ԲՀԿ խմբակցությունն, ամենայն հավանականությամբ, կղեկավարի Նաիրա Զոհրաբյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ