«Առավոտի» հարցերին պատասխանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
– Տիկին Զոհրաբյան, մամուլում պարբերաբար լուրեր են տարածվում, որ ԲՀԿ խմբակցության այս կամ այն պատգամավորը, այս կամ այն ԲՀԿ-ական համայնքապետը դուրս է եկել ԲՀԿ-ից։ Խոսվում է նաեւ ԲՀԿ տարածքային տարբեր կառույցների լուծարման մասին։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։
– Կասեմ մեկ բան՝ վերջին երկու օրերին մամուլում շրջանառվող անձանցից որեւէ մեկից կուսակցությունը պաշտոնապես որեւէ դիմում չի ստացել։ Իսկ ինձ համար փաստ է միայն դիմումը։ Թե իրենք ո՞ւմ են դիմում գրել, կամ իրենց գրած դիմումը ո՞ւր են ուղարկել՝ դա, թերեւս, պետք է հարցնել իրենց։ Համենայնդեպս, երեւի տեղյակ եք, որ ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Ռուբեն Մանուկյանը նախօրեին դուրս է հրավիրվել ԲՀԿ այլեւս նախկին գրասենյակից, ուստի՝ թե կուսակցությունը լքողները ո՞ւմ են դիմում տվել՝ ինձ հայտնի չէ։
– Սակայն, նրանից ոմանք մամուլում պաշտոնապես հայտարարել են, որ դուրս են գալիս ԲՀԿ-ից։
Կարդացեք նաև
– Դա իրենց իրավունքն է, մենք հարգանքով ենք վերաբերվում իրենց որոշմանն ու մաղթում հաջողություն։ Սակայն, կրկնում եմ, ես իրավունք ունեմ խոսելու միայն փաստերով՝ կոնկրետ դիմումների առկայության դեպքում։ Համենայնդեպս, կուսակցությունից բոլոր դուրս եկածներին եւ հնարավոր դուրս եկողներին ես մաղթում եմ ամենայն բարիք եւ հաջողություն իրենց նոր ծրագրերում, եւ սա ասում եմ միանգամայն անկեղծ։
Իսկ մենք՝ ովքեր մնում ենք եւ մնալու ենք՝ շարունակելու ենք աշխատել հանուն մեր երկրում լրջագույն համակարգային փոփոխությունների, որովհետեւ մենք պատասխանատվություն ունենք մեր քաղաքացիների առաջ։
– Տիկին Զոհրաբյան, տեղեկություն կա, որ վաղը ԲՀԿ մի քանի տարածքային կառույցներ հայտարարելու են լուծարվելու եւ ԲՀԿ-ն լքելու մասին։
– Նախ՝ տարածքային կառույց լուծարելը հեշտ բան չէ, քանի որ ամեն կառույցում 9-10 հազար կուսակցական կա, եւ բոլորի դիմումներն են անհրաժեշտ կառույցը լուծարելու համար, այդուհանդերձ՝ դա էլ գիտենք, այդ մասին էլ ենք տեղյակ, գիտենք նաեւ, թե որ կառույցներն ու ում գլխավորությամբ են փորձելու դա անել։ Կրկնում եմ՝ բոլորին անկեղծորեն մաղթում ենք հաջողություն։ Նոր տարածքային կառույց ձեւավորելը Բաբելոնյան աշտարակ կառուցել չէ։ Իսկ մենք մեր աշխատանքը հանգիստ, հանդարտ, չենթարկվելով որեւէ սադրանքի, շարունակելու ենք անել եւ վստահ եղեք, որ շատ կարճ ժամանակում հստակ ասելիքով «Բարգավաճ Հայաստանը» ներկայանալու է հանրությանը։
– Ի դեպ, կուսակցության նոր գրասենյակի հարցը լուծվե՞ց։
– Այո, եւ կարճ ժամանակ անց կտեղափոխվենք կուսակցության նոր գրասենյակ։