Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանք է, կպատահի /պատմվածք/

Մարտ 08,2015 21:05

– էս ով է եկե՜լ…

Նորայրը, որ մեքենան ներս առնելուց հետո պատրաստվում էր փակել դարպասը, ընդառաջ գնաց դրացուն.

– Ողջույն:

– Խեր լինի` էս ժամին…

– Ասի տեսնեմ` ինչ կա-չկա, ամառանոցս, հո, չի՞ փախել:

– Արխային` ամեն բան տեղում է: Շորերդ փոխիր, բան եմ ցույց տալու: Մնալո՞ւ ես:

– Դեռ չեմ որոշել,- կամենում էր ասել` ինձնից կախված չէ, չհասցրեց:

– Պրծի…

– Լույսերը չվառե՞մ:

– Սպասում եմ, չուշանաս: Ես գնամ գոլորշուն նայեմ:

– Ո՞վ էր,- երբ ետ եկավ, հարցրեց աղջիկը, որ դեռ չէր իջել մեքենայից:

– Ամառանոցի հարևանս է` Վաչո պապը: Պիտի այնպես անենք, չիմանա,- ընթացքում Նորայրն իջեցրեց մթերքը, բացեց տան դուռը: – Հյուրասենյակն է, ձախում խոհանոցն ու զուգարանն են: Ջուրը հորից ենք հանում: Հիմա կմիացնեմ շարժիչը, թող բաքը լցվի: Մաքուր է, սակայն չխմես. աման-չամանի, լվացքի, մեկ էլ ոռոգման համար է պիտանի:

– Որտե՞ղ ես քնում:

– Ուր ենք քնելո՞ւ,- հարցը բազմանշանակ փոխադարձեց Նորայրը,- ննջարանը երկրորդ հարկում է: Թե՞ համաձայն չես:

Աղջիկը խոնարհեց հայացքը:

– Տեսնեմ հարևանս ինչ է ասում ու գամ, հա՞,- նա թեթևակի գգվեց աղջկան: – Չեմ ուշանա, Ան:

– Կուզե՞ս մարեմ լույսը:

– Ի՞նչ կարիք կա:

– Կողմնակի աչքեր են, հանկարծ ու նկատեցին:

– Հեգնո՞ւմ ես:

– Ամենևին:

– Հո խավարի մեջ չե՞ս նստի: Տարվա այս եղանակին պապից բացի մարդ դժվար գտնվի: Ինքը չլիներ, լրիվ կթալանեին: Մինչև սեղանը գցես, կգամ:

– Գուցե նրա համար և՞ս ափսե-բաժակ դնեմ, եթե մտերիմ եք:

– Տարիքային տարբերությունը մեծ է, խորշոմներից ամաչում եմ:

– Քեզ համար եմ մտահոգ:

– Թե գլխի չընկավ, չեմ կանչի, թե ընկավ, ճար չունեմ, պիտի հրավիրեմ:

Ինչպես սովորաբար, վառ էին դրացու բակի, տան լույսերը. նա էլեկտրիկի հետ լեզու էր գտել և հոսանքը խնայելու խնդիր չուներ:

– Վաչո պա՜պ,- կանչեց:

– Արի՛,- ձայնը տան թիկունքից եկավ:

Հարևանը սրվակը լույսին դեմ արել, նայում էր.

– Անտեր ակնոցն ո՞ւր կորավ:

– Ի՞նչ բանի ես:

– Հլա տես քանի՞ աստիճան է. աչքդ սուր է:

Անոթում հեղուկ էր, մեջը` ջերմաչափի պես բան:

– Ինչի՞ն նայեմ:

– Խազը որի՞ վրա է:

– Ջրի բերանի՞նը` ութի:

– Այ տղա, ութսուն գրադուսանոց ջո՞ւր կլինի: Ցքի է:

– Չհասկացա:

– Ցքին չգիտե՞ս: Ուսումնականիս տես` արաղ է:

– Օղի ես թորո՞ւմ:

– Այո՛,- Վաչագան պապը սիրում էր շեշտել բառը, երբ գրականի էր անցնում:

– Ես էլ մտածում եմ` էս եղանակին ի՞նչ է շինում դրսում:

– Մի բաժակ խմիր, տեսնեմ կասե՞ս` ցուրտ է:

– Ավտոյով եմ,- թույլ առարկեց:

– Տունը մտքիցդ հանիր. առավոտը կգնաս: Հո չնեղացա՞ր:

– Ինչի՞ց:

– Որ ասի` ուսումնական: Ճիշտը խոստովանեմ` «ցքի» բառը ես էլ եմ նոր սովորել: Ձեռս «Աստվածաշունչ» է ընկել` այնտեղ հանդիպեցի:

– Լուրջ-լուրջ դրել, կարդում ես…

– Պարապությունս պիտի՞ մի բանով լցնեմ:

– «Աստվածաշունչ» ու արաղ` ես էլ հավատացի:

– Բերե՞մ:

– Դու սարքը ցույց տուր` ո՞ւր է:

– Խնդրե՛մ,- բառը դարձյալ կարևորելով` նա ետ տարավ միջնորմի դեր կատարող վարագույրը:

Նու դա՜,- ակամա ռուսերենի անցավ Նորայրը: – Էս, հո, մի ամբողջ գործարան է: Որտեղի՞ց:

– Ինքս եմ սարքել,- հարևանն ըմպանակը պահեց խողովակից եկող հեղուկի տակ:

– Քիչ կլցնես:

– Հո հիվանդ չե՞ս, վախեցար:

– Ինչի՞ց ես քաշում:

– Խառը` տանձ է, խնձոր, քիչ հոն ունեի…

– Շուտ ասեիր. ծառերի տակ միրգը թափած էր, տանձը` մանավանդ:

– Գալիս ես, որ…

– Բա դո՞ւ. չես խմո՞ւմ:

– Սպասիր բաժակ գտնեմ:

Նորայրը հոտ քաշեց.

– Ոչինչ, հաճելի բույր ունի:

– Հոնի շնորհքն է:

Պապի գավաթը ևս լցվեց:

– Տաք է, կխմվի՞:

– Էն էլ` ոնց: Էհ, բարի տեսանք,- նա չխկացնելուց հետո սպասեց հյուրի խումին:

Նորայրը, սովորույթի համաձայն, միանգամից կուլ տվեց պարունակությունը:

– Հը՞…

– …

– Չխեղդվես, մեր տղա:

– Թունդ էր,- մի կերպ կարողացավ արտաբերել:

– Տնականն ուժեղ չեղավ, չի խմվի. երկրորդ բերանն եմ քաշում: Տես` ինչ զուլալ է: Շշերի մեջ հավաքածը լցրել եմ պղինձը, մեջը փայտածուխ գցել ու… Նոր սկսել է եռալ: Մի ժամ հետո բացեմ, կտեսնես: Հոսանքը թույլի վրա փոխեցի, որ չտա կափարիչը պոկի:

– Մի ողջ գիտություն է:

– Եթե հետս ընկերություն անես, կսովորեցնեմ: Գնամ թթու հանեմ: Պանիր կա, հաց, սոխ, քթից ծուխ հանող բիբար:

– Մի բեր, խնդրում եմ:

– Ի՞նչ է խոսում: Հազիվ եկել ես: Գիշերը չեմ քնելու: Ահագին փլուշ է մնացել. մանրից կխմենք, նարդի կխաղանք,- նա ոտքով դիպավ տակառին: – Հրե՛ս:

– Միջինն ի՞նչ է:

– Համա թե հարևան ունեմ, հա՜: Էն նյութն է, որից օղի են քաշում` հավաքածս միրգը: Թողել եմ քաղցուն լրիվ թթվի, էնքան, մինչև ջուրը երես դուրս գա: Հետո լցրել եմ կաթսան, բերանը խմորել, որպեսզի շոգու կորուստ չլինի: Խողովակը տեսնո՞ւմ ես. սրա մեջ ջուր է: Մի կողմից մտնում է, մյուսով դուրս գալիս: Բարակով` չժանգոտվողով գոլորշին է անցնում, ճամփին դառնում արաղ, որ ես, դու, քեզ նման լավ մարդիկ խմենք:

– Քանի՞ լիտր դուրս կգա:

– Եթե տակառի եղածն էլ քաշեմ, քսան` հեչի պես: Ինձ ու քեզ հերիք կանի:

– Խմելու անուն չտաս. ես չկամ:

– Քեզ է թվում: Նստիր, հացը բերում եմ:

– Մի լրջացրու, պապ, չեմ ուզում:

– Կնեղանամ: Որ գնացիր, ի՞նչ ես անելու:

Նորայրը բացատրություն չէր գտնում:

– Չկա զբաղմո՞ւնք,- ասաց:

– Սրանից լավ գո՞րծ: Թե՞ հեռուստացույցի ստերը պիտի լսես, պատգամավորների պոռոտախոսելը: Կներես, մոռացա, որ Ազգային ժողովում ես աշխատում: Նորո, ճիշտ, դրանցից գոնե մեկնումեկը ժողովրդի մասին մտածո՞ւմ է:

– Ազնիվներ կան:

– Չհավատացի: Համ էլ` ազնիվը քիչ է. թող գործ անեն:

– Դե, օրենք է, ընդունում են: Դա էլ իրենց աշխատանքն է:

– Որ գրեցին, ո՞վ է բանի տեղ դնողը, մեկը` իրենք:

– Արդեն քաղաքականության անցար: Գիտես` կուշտ եմ:

– Ճիշտ ես ասում: Դու բաժակները տակը պահիր, հացը բերում եմ,- կեսճամփից ետ դարձավ:- Ուրիշն էլ ունեմ: Նախորդ անգամվա քաշածս մաքուր սև սալորի է, կուզե՞ս:

– Արդեն մեկ է,- հանձնվեց Նորայրը:

– Ապրե՛ս,- հաղթությունից անթաքույց գոհ` ընդգծեց Վաչո պապը, սակայն նկատելով հյուրի գնալը՝ աճապարեց ետքից: – Ու՞ր:

– Դռները փակեմ,- դժկամ նետեց Նորայրը:

Աղջիկը մթերքը սեղանին դասավորել, սպասում էր:

– Ուշացա՞:

– Կարևորը` եկար:

– Պրծնել հնարավոր չէ: Օղի է թորում: Մենակությունից, երևում է, գժվել է,- նա բացեց կոնյակի շշի բերանը:

– Կկարողանա՞մ:

– Եթե ես նոր քաշածը գոլ-գոլ խմեցի… Չես պատկերացնի, որքան թունդ էր:

– Երևում է:

– Ինչի՞ց:

– Աչքերդ արդեն փայլում են:

– Իմը խմիչքից է, քոնը` բնական: Կենացդ, Ան, միշտ այդպես` ժպտուն, հմայիչ…

Խմեցին, Նորայրը` մի ումպով, Անին` դանդաղ, ըմպանակի եզրը հազիվ շրթունքին հպած:

– Պապի ցքուց հետո` ասես ջուր լինի: Լսած կայի՞ր` ցքի, հետաքրքիր բառ է, ոնց որ ճապոներեն խոսես. նրանք բրնձօղուն սաքե են ասում: Ցքե-սաքե, գրեթե նույնն է:

– Ինչո՞ւ չես նստում:

– Կոկա լցնե՞մ,- հարցն անպատասխան մնաց:

Անին գլխով արեց:

– Եթե ցուրտ է, տաքացուցիչը միացնեմ:

– Սա,- աղջիկը մատնացույց արեց բուխարին:- Առաջին անգամ եմ տեսնում:

– Հաց ուտենք` նոր: Ո՞րը տամ,- առանց սպասելու պատասխանի, տղան մեջքամսի ընտիր կտորներից մեկը տեղափոխեց Անիի պնակը:

– Հերիք է:

– Պատառաքաղը մի կողմ դիր` ձեռքով… Այսպես ավելի բնական է,- Նորայրը խորտիկն ատամների տակ առավ:

– Երիտասարդ, ի՞նչ եղար,- լսվեց դրսից:

Երկուսով իրար նայեցին:

– Կանչի` գա:

Բերանի պարունակությունը խանգարում էր: Մի կերպ կուլ տալով` Նորայրը մղվեց դուրս:

– Գալիս եմ,- չէր կամենում դրկիցն առաջանա:

– Հիմա ինչո՞ւ է կանչում,- երբ ետ եկավ, հարցրեց Անին:

– Չի ուզում մենակ թողնել: Իր հաշվով` լավություն է անում: Սեղանին եղածից բացի, խորոված մնացե՞լ է:

– Կեսից շատը տոպրակում է: Լավաշով փաթաթել եմ, չսառչի:

– Կոկա, ջուր էլ վերցնեմ:

– Գնո՞ւմ ես:

– Քեզ համար կեր-խմիր, մինչև գլուխս ազատեմ:

Անին ուսերը թոթվեց: Շշերը տեղավորող Նորայրը սրտնեղանքը չտեսավ:

– Դարպասի դուռը ապահովության համար կփակեմ:

– Նորո,- վերստին լսվեց:

– Գնացի: Չտխրես,- նա օդային համբույրով հավաստելով սերը` շտապեց ձայնի ուղղությամբ:

Հարևանը, մեքենային կռթնած, սպասում էր:

– Ջրի ձայն եմ առնում:

– Շարժիչը միացրած եմ թողել. բաքը լցվեց: Պահիր,- նա ձեռքի մոմլաթե տոպրակը մեկնեց պապին:

Անջատիչը խորդանոցի սյուներից մեկի վրա էր` անձրևից պատսպարված տեղում, բարձր, որպեսզի պատահական ձեռք չհասնի:

– Փոխվեիր,- դիտողություն արեց Վաչագան պապը,- փոշի եղար,- ու թափ տվեց տղայի բաճկոնին կպած սարդոստայնը, թևքով մաքրեց կավճի հետքերը:

– Բանի վրա ես: Լամպն այրվել էր, մինչև գտա… Դուրս արի, դուռը փակեմ,- նա ջանում էր, որքան հնարավոր է, հարևանին շուտ հեռացնել բակից. Անիի ելնել-շարժվելու դեպքում պապը կզգար, կնկատեր ստվերի խաղը:

– Լույսերն ինչո՞ւ չես մարում: Փող շատ ունե՞ս,- հետո ինքն էլ պատասխանեց:- Ասա փողն էլ, հո, խելք չէ՞, որ չունենամ,- ու ինքնագոհ քրքջաց:

– Դու քո մասին խոսիր:

– Մոռացե՞լ ես իմ երկրորդ` ձախ գիծը: Հաշվիչի տակ լիներ, օղի՞ կկարողանայի քաշել: Հոսանքը, որ ես եմ վառում, քաղաքի մի շենքի հերիք կանի:

– Հետո պատգամավորներից կդժգոհես: Թե՞ քոնն օրենք խախտել չէ:

– Ձուկը, տղաս, ձուկը գլխից է հոտում: Լույսի մարդուն ամեն ամիս տվածս տասը հազարից, կարծում ես, ղեկավարությանը չի՞ հասնում: Ինքն առաջարկեց, չհամաձայնեի՞:

– Եթե արդարության պաշտպան ես, դեմ գնայիր:

– Ձմեռը դուրս գա, կասեմ կտրի, որ էլ ամոթանք չտաս: Պետքս չէ:

Նա դատարկ շշերը հավաքել էր սեղանից, ուտելիք դրել:

– Ձեռքինս ի՞նչ է, տվիր:

– Խորոված է, կոկա, հանքային ջուր:

– Բայց դու ի՞նչ կերպար ես. խորոված ունեիր, ու ձայն չէիր հանում: Մենակ էիր ուտելո՞ւ:

– Թողնո՞ւմ ես, մարդ շունչ քաշի. վրա ես տալիս: Չմտած` բաժակը դեմ արիր:

– Մեր տղա, քեֆ ենք անելու:

– Կես ժամից ավել չեմ մնա:

– Նորից պոզերը տնկեց: Սալորինն եմ դրել` մառանից նոր հանած: Ձեռք տուր, ինչ պաղ է: Սա էլ մաճառը: Գալ տարի ծիրանից ի՜նչ արաղ եմ քաշելու…

– Մաճառ կխմեմ:

– Մի-մի թաս առյուծի կաթից զարկենք, հետո կամքը քոնն է, թե բան ասեմ, ել ու գնա:

Խմեցին, ախորժակով կերան:

– Անմահական թթու է,- խրթխրթոցով ուտելով վարունգը` մնում-մնում ասում էր Նորայրը:

– Հոյակապ խորոված է,- փոխադարձում էր Վաչո պապը, որ դանդաղ, վայելելով էր ճաշակում` միսը նախապես դանակով մանրատելով:- Որտեղի՞ց առար:

– Ջրվեժի ճամփից:

– Վաղուց չէի կերել: Չիմանաս ձեռս քարի տակ է: Եթե քնելուց առաջ սպաս կամ մածուն չուտեմ, օրս օր չէ: Իմը կաթնեղենն է:

– Գնացող-եկող կա՞:

– Համարյա` չէ: Տղաս, գիտես, Շվեդիայում է, աղջիկս էր մեկ-մեկ գալիս, էն էլ ամուսինը Մոսկվա կանչեց, գնաց: Ոնց էլ գտնում են անտերների ճամփեքը, զարմանում եմ: Որ չե՞մ լսում` այսինչի զավակը Կանադայում է, մեկելինը` Ավստրալիայում, մնում եմ ապշած: Ասա` մնացեք, տեր եղեք ձեր հողին:

– Մեկը` քոնը. Սկանդինավյան թերակղզի: Մի աշխարհ հեռու է: Ինչո՞ւ արգելք չեղար: Խոսում ես, էլի:

– Ասողին լսող է պետք: Ինձ մնար, կթողնեի՞: Գուրգուրանքով մեծացնես… Ես` հեչ, գլուխս կպահեմ, թեև, ի՞նչ թաքցնեմ, գումար սկսել է ուղարկել: Երկիրն է մեղք. օդը շնչեն, ջուրը խմեն, հացն ուտեն, ուսում ստանան ու չվե՞ն: Եղա՞վ: Ես դրանց մարդ ասողին… Առաջինը` իմը, թյու… Նոյի ագռավ չեն, բա ի՞նչ են: Լցրու:

Մեկական գավաթ ևս ըմպեցին, պապը` վճիտ օղի, Նորայրը` անապակ մաճառ:

– Խմիչք եմ ասել…

– Զգույշ, որ բռնեց… Մրսո՞ւմ ես, բան գցե՞մ ուսերիդ,- պապը ձգվելով` պատից ցած բերեց մորթե միջուկով անթև բոճկոնակը:- Պահի:

Հոգատար քայլը հուզեց արդեն գինով Նորայրին:

– Արի քեզ ամուսնացնենք:

– Հո չասի՞ր:

– Վա՞տ կլինի` մեկին բերես. հա ու չէիդ կհասնի:

– Թեման փոխիր, Նորո: Խնամողն էր պակասում` ինձ ի՞նչ է եղել:

– Գտնելը վրաս:

– Տղա, վազն արի: Խմիչքն իսկապե՞ս ազդեց: Վերջ` չխմես:

– Հյուրին, ո՞վ է լսել, արգելեն: Օղի չեմ ուզում` մաճառ: Ի՜նչ էլ կարմիր է:

– Նույնտեսակ խաղողից է` Արենի: Հիվանդի դեղ է, եթե օրը մի բաժակով գոհանաս: Գարնանն էտելիս կտրոն կվերցնեմ: Հենց կանաչեց, կտեղափոխենք քո այգին:

– Բախտս բերեց` քեզ պես հարևանի հանդիպեցի: Կենացդ, Վաչագան պապ:

– Դու ջահել ես, առաջինը քոնը խմենք:

– Չի լինի, սկզբում պարտադիր` մեծինը:

Պապը փոխեց կաթիլվող օղու տակ դրած ապակյա ամանը:

– Էս մեկն էլ լցվի, բոլ-բոլ է: Մնացածի վրա փլուշ կավելացնեմ, թող նորից եռա: Ինչի՞ց էինք խոսում:

– Կնոջից:

– Խաղողից:

– Ոչ, քեզ լծակից գտնելուց:

– Համա բառ գտար: Տո՛, հիմա քեզ դառնամ` ինչո՞ւ չես զույգվում: Եղար քանի՞ տարեկան:

– Երեսուներկու:

– Շատ ես ուշացրել. ձգելու տեղ չունես:

– Շուտով կամուսնանամ:

– Քամի մի արա. երեք տարի է մեր փողոցում տուն ես առել, անընդհատ նույնն եմ լսում:

– Գնա՞նք հարսնացուիս հետ ծանոթացնեմ:

– Ասի՞ մի խառնի. օղին ու մաճառն իրար հետ չունեն:

– Պապ, հարբածի տեղ մի դիր:

– Բան ե՞րբ ասի:

– Հիմա չես գալի՞ս մեր տուն:

– Քաղաքի՞:

– Այստեղ է: Դուռը փակել եմ վրան, եկել:

– Չէ, շատ խմեցինք:

– Դու` գուցե: Քեզ չեմ լցնելու,- Նորայրը ձեռքը մեկնեց մաճառին: Անզգույշ շարժումից թևքը կպավ օղուն: Շիշն ընկավ, փշրվեց:- Կներես, պապ:

– Փորձանքն անցավ: Ինչ լինում է, թող անշունչ առարկային լինի:

– Խմեմ ու գնանք:

– Ինձ լսիր. արի սեղանը հավաքեմ, նարդի գցենք:

– Ոչ մի խաղալ: Ասում եմ` աղջիկն սպասում է:

– Անո՞ւնն ինչ է,- հեգնանք կար Վաչո պապի հարցում:

– Անի:

– Ծնողները որտեղացի՞ են:

– Չեմ հարցրել, ինքը Երևանից է:

– Աշխատանք ունի՞:

– Նորավարտ է, դեռ գործ չի գտել:

– Ես էլ հավատացի: Պաշտոնյա մարդ ես, մեկին զանգիր, թող տեղավորեն:

– Չի կարելի:

– Բոլորին կարելի է, քեզ` չէ՞,- ապա խոսքը փոխեց:- Մինչև չիմանաս հոր, մոր ով, որտեղացի լինելը, մատանի չդնես:

– Ծնողների հե՞տ եմ ամուսնանում: Կարևորն աղջիկն է:

– Պտուղը, չե՞ս լսել, ծառից հեռու չի ընկնում:

– Սկսվեց…

– Հազար հարց կա: Ման եկած չլինի` առաջին…

– Չէ մի…

– Ի՞նչ իմանաս, մանավանդ` հիմա: Առողջ մեկին առ, քեզ որձ երեխա բերի` պինդ, որ մեծանա, առնահուտ զինվոր դառնա, սահման պահի: Վերջին բաժակը… Սպիտակից լցրու:

– Ինձ չի թողնում, իսկ ինքը, տես…

– Բանակայինի կենացը պիտի ամեն սեղանի խմվի: Նրանց շնորհիվ չէ՞, որ հանգիստ քեֆ ենք անում: Ով գիտի` Օմարի բարձունքում հիմա ինչ եղանակ է: Ձյունը, հաստատ, նստած կլինի, էն էլ ինչքան` մարդահասակ: Երեք հազար մետրից բարձր է, հանաք չկարծես,- նա Քարավաճառի կռվին էր մասնակցել, բարձրերում դիրք բռնել:- Ցրտից դեմքերիս կաշին պլոկվում էր: Հա՛, Օմարն էլ, իմացած լինես, մեր Ամուրն է, թուրքն է դիտմամբ փոխել:

– Ոտքի վրա խմենք,- Նորայրը ելավ աթոռից:- Նրանց հետ և քոնը, բոլոր հին ու նոր ռազմիկներինը. հրամանատար, զինվոր` բոլորն արժանի են:

– Ես ո՞վ էի նրանց կողքին: Տղերք եմ ասել` խիզախ… Հազար երանի ծնողքին… Չէ` իմի պես. Շվեդիա, օտար կնիկ… Թյու:

– Դու քո բաժինը կռվել ես, քո խիղճը հանգիստ է: Ես, ա՛յ, ամաչում եմ:

– Մարդ կա, էդ էլ չի ասում:

– Պատմել եմ` հայրս քաղցկեղով հիվանդ էր, խնամող չկար:

– Էհ, ո՞ւմ կյանքը թերթես, ցավ, վիշտ ու արցունք չլինի:

– Մեկ է` ինձ չեմ ներում. պիտի գնացած լինեի,- նա ձեռքը զարկեց ծնկին:- Ամո՛թ:

– Քեզ պահի, հանկարծ լաց չլինես. տղամարդուն վայել չէ:

– Թուլասիրտ չեմ,- Նորայրը դժվարությամբ ժպտաց:- Գլխավորը թողինք: Բա սա երկարացնելո՞ւ կենաց էր:

– Մեղավորը ես եմ. շատ ձգեցի: Արևշատություն` ովքեր կան և հազար ողորմի հեռացածներին:

Ըմպելուց հետո մի-մի պատառ թթու առան բերանները:

– Այլևս` վերջ:

– Համաձայն եմ:

– Սարքն անջատեմ` հերիք է: Որոշել էի տակառի եղածը գինու տկուցքի հետ քաշել, քանի ձյուն չի նստել, բայց միտքս փոխեցի: Սեղանը հավաքեմ, նարդի խաղանք:

– Մեր տուն ենք գնում: Հարսնացուս մնաց:

– Նարդին ձեր կողմը տանե՞նք:

– Հաշվիր` հինգով զրո կրել ես:

– Կարող է երեք մա՞րս եմ անում` 6-0:

– Թող քո ասածը լինի: Շարժվեցինք: Պապ, չմոռանաս խոստացածդ:

– Մտահան եմ արել:

– Խաղողի մատերը:

– Արենու՞` աչքիս վրա:

– Արևկող տեղ կտնկենք` մի քանիսը: Թող ելնեն, փռվեն… Ջունգլի, ջունգլի եմ դարձնելու բակը: Հանելու եմ ավտոտնակի տանիքը, սյուներին փաթաթած հասցնելու եմ ննջարան: Պատկերացրու, պապ, լուսամուտը բացում ես, ողկույզները կախված են… Ան, հյուր ունես, դիմավորիր:

Նորայրն առջևից, Վաչագան պապը` ետքից մտան պատշգամբ:

– Մենք եկանք:

Հյուրասենյակը դատարկ էր, սեղանը` հավաք: Ծխահոտ կար. Անին փորձել էր վառել բուխարին:

– Դու նստիր, տեսնեմ աղջիկն ուր է,- բացեց խոհանոցի դուռը, մտավ զուգարան, ելավ:- Այստեղ խորոված կա, բերե՞մ: Կոնյակ ունեմ…

– Տրաքվելու չենք:

Շարունակեց փնտրտուքը: Հիշում էր` ննջարանի դուռը չի բացել, կողպած է: Խորդանոցում ի՞նչ ունի անելու: Մնում էր այգու խորքերը նայել:

– Անի, որտե՞ղ ես,- ձայնեց:

– Ներս արի, Նորիկ, կմրսես:

– Ա՜ն…

– Նարդին շարել եմ, եկ:

Թե մեքենան լինի մտած…

Աղջիկը չկար ու չկար:

– Ըստ քեզ, ո՞ւր կլինի:

– Ո՞վ, Նորո:

– Անին: Մի ժամ է ո՞ւմ եմ ման գալիս:

– Քիչ առաջ, մեր տղա, Աննա էիր ասում, հը՞, թե՞ Անահիտ է անունը կամ` Անուշ, Աննման,- փորձեց կատակի տալ պապը:

– Ասի` Անի:

– Անին երբվանի՜ց իրենց տանը տեղաշորում մուշ-մուշ քնած է: Նարդին թողնենք վաղվան: Բարձրանանք, պառկիր: Ես էլ գնամ` առավոտից ոտքի վրա եմ:

– Առանց Անիի ոչ մի քնել: Պիտի գտնեմ…

– Երազում կտեսնես, ոչինչ:

– Մինչև հիմա չի հավատում, որ մենակ չեմ եկել,- նա բացեց սառնարանը: – Ուտելիքը տեսա՞ր: Ինքն է տեղավորել, բաժակ-ափսեն անգամ լվացել է:

– Ուրեմն` տնարար աղջիկ է: Մնում է տեսքով լինի, հասակը պարտադիր` բարձր: Այդ դեպքում համաձայնությունս կտամ, կասեմ` նշանվիր: Ելանք, ուշ է:

– Եթե գնացել է… Ախր, դուռը փակ էր, ո՞նց:

– Օդով, թև է առել, սիրուն թռել է: Բանալին ինձ տուր, ես փակեմ: Ապրե՛ս: Հիմա մտիր թևս: Ու՞ր… Քնելու: Վատ ես զգո՞ւմ: Ոչինչ, ետ տու, մի ամաչի: Ծառի տակ, ծառի… Այ, այդպես: Էլի՛, էլի՛… Մի վախենա, չես մեռնի: Հիմա հանգստացա՞ր, էլ չի՞ խառնում: Թաշկինակդ հանի, թե՞ չունես: Զորանաս: Վերևի դռան բանալին ո՞րն է: Լավ, լավ, դու բաց: Լույսը… գտա: Հիմա հանում ես կոշիկներդ… Քո մահճակալը, ասում ես, լուսամուտի տակի՞նն է: Շալվարը, ոչինչ, թող մնա, դրանով էլ պառկիր: Վերմակով չծածկե՞մ: Եղավ… Հետո, եթե մրսես, կքաշես վրադ: Դե, ես գնամ:

– Անին վիրավորվեց, նեղացավ ինձնից:

– Քեֆով մարդուց չեն նեղանում: Դու քնի…

– Նա լավ, կարգին աղջիկ է:

– Խոսք չունեմ:

Վաչագան պապը հանգցրեց լույսը, ննջարանի դուռը ետևից գոցեց, իջավ, որ գնա: Աչքին ընկավ պարսպին հենած սանդուղքը:

– Աստիճանն ինչո՞ւ է դուրսը թողել, վաղը-մյուս օրը ձյուն կդնի, գողություն-բան կա:

Վերցրեց, տարավ խորդանոց: Բակում ոտքը կախ գցեց: Ականջում մայրուղուց հասնող խուլ աղմուկն էր, լսողությունն ուրիշ ձայն չառավ:

– Չվատանա՞ հանկարծ: Դույլը տանեմ վերև, մարդ ես…- դարպասը կողպելիս մտահոգ որոշեց:

Ետ եկավ, գտավ ոտք լվանալու տաշտը, վերստին բարձրացավ ննջարան: Նորայրը, գլուխը պատի կողմը, քնել էր: Շրջեց հակառակ ուղղությամբ: Ործկալու պատճառով դեմքը դժգունած էր: Վերմակն զգույշ վրա բերեց, ելավ:

– Ասի, չէ՞, մաճառն ու օղին մեկմեկու թշնամի են: Չպիտի թողած լինեի. խմիչքը տվել է գլուխը, միտքը պղտորել… Լույսը բացվի, հարցնեմ` տեսնես կհիշի՞ ում անունն էր տալիս: Հնարավոր է, իրոք, մեկին գտել է: Թող ընտանիքավորվի, ճաշարանների հույսին ինչքա՞ն մնա: Հարսանիքին թե կանչեց, խորովածն ինձնից:

Փողոցն ի վեր մեկը գալիս էր: Ձեռքին բջջային հեռախոս կար: Շողքն ավելի շատ պատերին էր պահում, քան ոտքերի առաջ: Բան էր փնտրում: Չլինի՞ ճիշտ էր Նորոն` Անին է:

Վաչագան պապը քխկաց` պատրաստվելով ձայն տալ: Օտարականը, հանկարծակիի եկած, վարանքոտ կանգնեց:

– Առաջ արի, հայ մարդ եմ,- պապը փոխադրվեց բակից փողոց հասնող լույսի տակ: Թող իմանա` հոր տարիքին եմ,- խորհեց,- չերկյուղի:

– Նորիկի՞ն ես ման գալիս,- տեսավ` դիմացինը հապաղում է, հարցրեց. դեռ լիովին վստահ չէր, թե դիմացինը կին է:

– Դուք Վաչագան պա՞պն եք:

– Ես եմ, աղջիկս: Մենք էլ քեզ ենք ման գալիս,- նա փութաց առաջ:

– Նորայրն ո՞ւր է:

– Վերևում պառկած է: Թեթև վատ է զգում:

– Հո բան չի՞ պատահել,- աղջկա ձայնում անհանգստություն կար:

– Չէ: Ի՞նչ պիտի եղած լինի: Բա դու ո՞ւր էիր:

– Ուզում էի Երևան գնալ:

– Նեղսրտել ես: Մեղավորը ես եմ: Նորիկն ասում էր` գնանք, տանը մարդ կա, հյուր ունեմ, չէի հավատում: Պահեցի ու պահեցի: Դուռը փակ էր, ո՞նց դուրս եկար:

– Տեսա` չի գալիս, աստիճանը գտա` խորդանոցում էր, ելա պատին…

– Բա իջնե՞լը:

– Մի կերպ` փոխեցի տեղը:

– Լավ էլ ուժդ պատել է: Ես հետո տեսա: Ասում եմ` Նորոն սանդուղքն ինչո՞ւ է թողել դրսում: Հիմա որ մտածում եմ` ո՞նց կարող էր նա դրած լինել ու չտեսնեի. ամեն օր մտնում-ելնում եմ: Չէ, շատ խմեցինք,- նա ձեռնափով շփեց ճակատը: – Մեր կողմ գայիր:

– Ձեր դուռը ներսից փակ էր:

– Երևի ձեն էլ ես տվել: Տան թիկունքն էինք: Եթե լավ գոռայիր, կլսվեր: Ներող եղիր: Անի է, չէ՞, անունդ: Ոչինչ, կյանք է, կպատահի: Նորիկը, իմացիր, քեզ շատ է սիրում: Գժվել էր: Զորանաս, որ չես գնացել: Երևում է, հալալ կաթնակեր ես:

– Մեկը կանգնեց, բայց վախեցա. մենակ էր:

– Հիմա հազար տեսակ մարդ կա, ի՞նչ պետք էր: Հրես բացեմ դարպասը: Առ բանալին, ներսից կողպիր ու գնա վերև: Ճամփան գիտե՞ս: Մանսարդի ելումուտը պատշգամբով է, աջի վրա աստիճաններն են: Հիմա սրտովս եղավ: Թե չէ` անհանգիստ էի. հանկարծ սիրտը նորից թափեր… Բարի գիշեր,- արդեն փողոցից. – Հետդ, մեր հարս, ջուր վերցրու. գիշերը Նորոն կծարավի:

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031