Արմեն Մարուքյանի կարծիքով՝ պահանջատիրության բաղադրիչը պետք է ի հայտ գա
«Միջազգային ճանաչմամբ կամ ճանաչմամբ հարցը լուծելու տարբերակը թերեւս ձեռնտու է թուրքական կողմին»,- մարտի 7-ին Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության կազմակերպած սեմինարի ընթացքում հայտարարեց ԳԱԱ Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մարուքյանը:
Նա նկատեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում գերտերությունների քաղաքականությունը ներկայումս ճիշտ այնպես է, ինչպես եղել է 1870-1890-ական թվականներին. «Ինչպես գերտերությունները 1870-1890-ական թվականներին Հայկական հարցն օգտագործում էին Թուրքիայի հետ իրենց հարաբերությունների կարգավորելու համար, այնպես էլ այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչել-չճանաչելու հարցը գտնվում է որպես մանրադրամ՝ Թուրքիայի հետ իրենց հարաբերությունների կարգավորման դաշտում: Ինչքան էլ մեր համայնքները պայքարեն, հասնեն հաջողության, պետք է մի բան շատ լավ հասկանանք, որ որեւէ երկիր ճանաչում եւ դատապարտում է Հայոց ցեղասպանությունը այն ժամանակ, երբ որ իրեն է դա ձեռնտու եւ հարմար: Այսինքն՝ սա իրենց գործիքակազմն է Թուրքիայի հետ իրենց հարաբերություններում»:
Արմեն Մարուքյանը համարում է, որ քանի դեռ հարցի հանգուցալուծման օրակարգը գտնվում է Մոսկվայում, Վաշինգտոնում կամ Փարիզում, նշանակում է, որ հարցը օգտագործվում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար: Ըստ նրա՝ ճանաչումը այլեւս իմաստ չունի, որովհետեւ պահանջատիրության բաղադրիչը պետք է ի հայտ գա. «Ի՞նչ ենք անելու մենք, շարունակելո՞ւ ենք հարեւաններին համոզել, որ ասեն՝ այո՛, եղել է այն ինչ ասում ես, թե պետք է փաստերն հավաքենք ի վերջո փորձենք մեր ագրեսիվ հարեւանին իրավական կարգով պատասխանատվության կանչել»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Ազգանունը սխալ է,պետք է լինի Մարուքյան;
ՀՅԴ ուղարկած մամուլի հաղորդագրության մեջ էին իրեն այդպես ներկայացրել: Ճշտեցինք՝ Դուք ճիշտ եք: Շնորհակալություն, ուղղեցինք:
Իսկ հարցադրումը հիմնավորված է;